Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիայի նախագահը հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունմանը, որը թույլ կտա Լաչինի միջանցքն ապաշրջափակել և դնել միջազգային պաշտպանության ներքո։ Այս մասին այսօր անցկացված ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բրունո Ռետայոն։

Ասուլիսին հեռավար մասնակցում էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մեր՝ Հայաստան այցելության առաջին պատճառն այն է, որ հիմա ողբերգություն է տեղի ունենում։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում, Արցախը վերածում է բանտի և նույնիսկ բացօթյա համակենտրոնացման ճամբարի»,- ասել է Բրունո Ռետայոն։

Նրա խոսքով, այն, ինչ տեղի է ունենում այսօր, հանգեցնում է ցեղասպանության և էթնիկ զտումների։

«Ցեղասպանության և էթնիկ զտումների փորձն ուղղված է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների դեմ։ Ստեղծված իրավիճակը հստակորեն համապատասխանում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի երկրորդ հոդվածին՝ մարդկանց խմբի համար այնպիսի իրավիճակի ստեղծում, որը կարող է հանգեցնել դրա կործանմանը։ Իրավիճակը չափազանց պարզ է: Հիմա բողոքների ու հայտարարությունների ժամանակը չէ։
Մենք այստեղ ենք մեր հայ ընկերներին ասելու, որ ոչինչ չենք մոռացել։ Մեզ կապում են պատմական կապերն ու ընդհանուր արժեքները»,- հավելել է Բ․ Ռետայոն։

Նշենք, որ Ֆրանսիայի քաղաքներից ու շրջաններից՝ Փարիզ, Իլ-դե-Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ-Դը-Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի, Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 մեքենա է ուղարկվել: Շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Անն Իդալգոն այսօր ավելի վաղ թվիթերյան իր էջում ֆրանսիական պատվիրակության հետ Հայաստանից լուսանկար էր հրապարակել՝ ուղեկցելով հետևյալ գրառմամբ․ «Հայաստանում ենք՝ Փարիզի և այլ տեղական իշխանությունների ընտրված պաշտոնյաների հետ: Ինը ամիս է՝ Արցախի 120 հազար հայերը, որոնցից 30 հազարը՝ երեխաներ, մեկուսացված են, մատնված սովի, զրկված ամեն ինչից: Հումանիտար այդ աղետին դեմ հանդիման մենք նրանց համար հրատապ օգնություն ենք տանում: Ժամանակը հաշվված է»։

Գլխավոր նկարը՝ photolure.am-ից։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest