ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա կշարունակի մնալ կալանավորված։

Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 14–ին նույնպես մերժել էր Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

Իբրև հիմնավորում դատարանը նշել էր, որ Տոնոյանը, որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մարդկանց վրա։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest