Երեկ՝ օգոստոսի 17-ին, ժամը 17:55-ին, Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետի մոտակայքում ադրբեջանական կողմը կտրել է համացանցի օպտիկամանրաթելային մալուխը՝ խափանելով ԼՂ-ի կայուն կապը համացանցի հետ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է ԼՂ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Երեկ երեկոյան Արցախի մասնագետները փորձել են ռուս խաղաղապահների հետ միասին մոտենալ տվյալ հատվածին և վերանորոգել մալուխը, սակայն ադրբեջանական կողմը չի թույլատրել: Այսօր առավոտվանից շարունակվում են բանակցությունները խաղաղապահների ու ադրբեջանական կողմի միջև, որպեսզի մեր մասնագետները կարողանան վերականգնել վնասված մալուխը:
Պատահական չեմ համարում, որ այս նոր հանցագործությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո և Արցախի ցեղասպանության թեմայով նախատեսված մամուլի ասուլիսի մեկնարկից բառացիորեն 5 րոպե առաջ: Այս սադրանքի հետևանքով ասուլիսի արցախաբնակ բանախոսները՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և տեղահանված քաղաքացի Ալվինա Ներսեսյանը կարողացել են անկայուն ու այլընտրանքային կապով միանալ մյուս երկու բանախոսներին՝ ԱՀ արտգործնախարար Սերգեյ Ղազարյանին և ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին 45 րոպե ուշացումով: Ի հեճուկս ադրբեջանական ջանքերի՝ ասուլիսը կայացել է, որին մասնակցել են շուրջ 130 անձինք 27 երկրից:
Ի դեպ, այժմ Արցախում խիստ սահմանափակ ծավալի համացանց է հասանելի՝ անկայուն ռադիոկապի միջոցով, որը նույնպես շարունակաբար գտնվում է ադրբեջանական խլացուցիչ համակարգերի ճնշման ներքո»,- գրել է նա:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest