ՀՀ փոխոստիկանապետը, մոտ 40 համազգեստով և մոտ 10 քաղաքացիական հագուստով ոստիկաններ երեկ կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման ենթարկեցին Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։
«Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթը անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներ։ Այդ քննարկումների նպատակն է ձևավորել նախաձեռնող շտաբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։ Բնականաբար ոստիկանության ապօրինի այս գործողությունը ոչինչ չի փոխի, և տղերքը պնդում են, որ հնազանդվելը մահ է, պայքարը` կյանք», — գրել է նա։
Ավելի վաղ «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ հրավիրում է քաղաքացիներին Մաշտոցի պուրակ հանրային քննարկում անցկացնելու։ Նա տեղեկացրել էր, որ պատրաստվում է տեղադրել վրան՝ հանդիպումներ ու քննարկումներ անցկացնելու համար։
«Երեկ Մաշտոցի պուրակում մեր փոքր քննարկումից հետո որոշեցինք վրան տեղադրել և իրակացանել մեկշաբաթյա շարունակական քննարկումներ, զրույցներ մեր նախաձեռնության օրակարգը վերջական կետի հասնցնելու, շարժման նախաձեռնության կորիզը ձևավորեու համար։ Ճիշտ գտանք, որ պետք է քաղաքում մշտական ներկայություն լինի ու մշտապես վառ պահվող օջախ լինի»,– այսօր օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան լայվով միջադեպի վերաբերյալ որոշ մանրամասներ է հայտնել Սուրեն Սահակյանը։
Իր այսօրվա ֆեյսբուքյան գրառման մեջ Սահակյանը գրել է, որ ոստիկանությունը չի կարողացել մեջբերել այն իրավական ակտը, որն իրեն արգելում է վրան տեղադրել «40 աստիճան շոգից պաշտպանվելու համար»։
«Վրան տեղադրելու առաջին փորձից հետո բերման ենթարկվեցի ոստիկանության կենտրոնական բաժին։ Այնտեղից դուրս ենք եկել շատ ուշ, ժամը չորսի կողմերը, և վրանի բացակայության պայմաններում անիմաստ ենք համարել խոտածածկի վրա շարունակել մեր ակցիան»,- տեղեկացրել է Սահակյանը՝ հավելելով, որ այսօր ևս նույն վայրում նախատեսում է քաղաքական զրույցներ անցկացնել ՄԻՊ գրասենյակի մասնակցությամբ՝ «ապահովելու իրենց (ՄԻՊ–ի) 01.10.2013թ. 01/11.1.3/4913-13 փաստաթղթով արտահայտած դիրքորոշման և իմ իրավունքների պաշտպանությունը»։
ՄԻՊ արագ արձագանքման խումբը ոստիկանության կենտրոնական բաժնում հանդիպել է բերման ենթարկված անձանց հետ։
«Առանձնազրույցներ են անցկացվել բերման ենթարկված անձանց` Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի ու Հայկ Սահակյանի հետ, ներկայացվել են նրանց իրավունքները։ Հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկումներ են անցկացրել նաև ոստիկանության ներկայացուցիչների հետ։ Այցի արդյունքները կամփոփվեն, և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ», — նշված է ՄԻՊ-ի այսօրվա հաղորդագրության մեջ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: