Դատապարտյալ Հենրիխ Գրիգորյանի պատժի կրման ռեժիմը կրկին կդառնա բաց և կտեղափոխվի Մեղրիի Նռնաձոր գյուղ: Այս մասին Forrights-ին տեղեկացրեց Գրիգորյանի քույրը, հաստատեց նաև Քրեակատարողական ծառայությունը:
Երեկ Տեղաբաշխման հանձնաժողովը նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվել էր նաև Դատախազության միջնորդությունը, որով վերջինս հանձնաժողովից պահանջել էր կասեցնել դատապարտյալին բաց ռեժիմում պահելու որոշումը և կրկին վերադարձնել «Վարդաշեն» ՔԿՀ: Կասեցնելու միջնորդությունը մերժվել էր հանձնաժողովի կողմից, իսկ Հենրիխ Գրիգորյանը կրկին տեղափոխվել բաց ռեժիմ՝ Նռնաձոր:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Forrights-ին էր ահազանգել դատապարտյալ Հենրիխ Գրիգորյանի հարազատներից մեկը: 37-ամյա դատապարտյալ արդեն 12 տարի է, ինչ անազատության մեջ է գտնվում: «Վարդաշեն» ՔԿՀ-ում դրական վարքագիծ դրսևորած Գրիգորյանը 2018 թվականի դեկտեմբերի 27-ին տեղափոխվում է պատժի կրման բաց ռեժիմ՝ աշխատելու և ընտանիք կազմելու մտադրությամբ, սակայն ցանկությունը կիսատ է մնում: Մարտի 15-ին, առանց դատապարտյալին պատճառները բացատրելու, Դատախազությունը որոշում է կայացնում Գրիգորյանին կրկին տեղափոխել քրեակատարողական հիմնարկ և ռեժիմը խստացնել՝ դարձնելով կիսաբաց::
Խնդրին առավել մանրամասն ծանոթանալու համար, Forrights-ը կապ էր հաստատել Քրեակատարողական վարչության հետ, որտեղից մեզ հայտնել էին, որ Սյունիքի մարզի դատախազությունն է որոշում կայացրել դատապարտյալին բաց ռեժիմից տեղափոխել կիսաբաց ռեժիմ, իսկ Տեղաբաշխման հանձնաժողովից պահանջել վերանայել որոշումը:
Ըստ Դատախազության, Գրիգորյանը 5 կարգապահական խախտում էր կատարել, այն է՝ հեռախոս է պահել: Փաստացի, դատապարտյալի պատժի կրման ռեժիմը փոխվել էր, շուրջ 3 ամիս անցկացրել բաց ռեժիմում և միայն այժմ էր «հայտնաբերվել», որ Հենրիխ Գրիգորյանն ունի 5 կարգապահական տույժ:
Հատկանշական էր, որ ի հակադրություն Դատախազության պարզաբանման բովանդակության, դատապարտյալի վարքագծի վերաբերյալ դրական բնութագիր էր տվել ինչպես «Վարդաշեն» ՔԿՀ-ն, այնպես էլ Նռնաձորի գյուղապետը: Քրեակատարողական ծառայությունը ևս նույնակարծիք էր՝ Գրիգորյանը լավագույն դատապարտյալներից է:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: