Հայաստանի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի շարք դատապարտյալներ բաց նամակ են գրել հայտարարելով ոլորտում խնդիրների վերաբերյալ։ Նրանք նաև խնդրել են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

Նամակում ասվում է․ «Հայաստանի  Հանրապետության  կառավարություն՝  կառույց, որը նախագծում, պլանավորում, մշակում և իրագործում է պետության զարգացումն ապահովող գործառույթներ՝ դրա համար հատկացնելով հսկայական միջոցներ՝ թե մարդկային և թե ֆինանսական։ Կառավարության կողմից մշակված քաղաքականության և ռազմավարության իրագործումն ապահովում են նախարարությունները և այլ կառույցներ, որոնք վերահսկում և կարգավորում են տվյալ ոլորտները:

Սակայն ոչ միշտ է, որ կառավարության որոշումները, ծրագրերը, քաղաքականությունը և ռազմավարությունն իրականացնող կառույցները կիսում են կառավարության մոտեցումները և որդեգրած ուղին։ Պատճառները կարող են տարբեր լինել։ Ոմանք չեն կիսում կառավարության մոտեցումները և ապագայի տեսլականը, ոմանք համարում են, որ ինչ-որ բան փոխելն անիմաստ է, իսկ ոմանք պարզապես չեն ուզում աշխատել՝ մտածելով՝ ամեն ինչ թող գնա իր հունով։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Վերևները, բարի նպատակներ հետապնդելով, որոշումներ են կայացնում, ծրագրեր են մշակում, դրանց իրագործման համար գումարներ են հատկացնում։ Միջանկյալ օղակը, որը պետք է իրականացնի այդ որոշումները, ամեն ինչ անում է, որ ոչ մի բան չանի, իսկ ինչ-որ բան անելիս կիսատ-պռատ է անում, «բուխտ ու բրախտի»՝ չուզենալով,  իսկ  երբեմն էլ անում է դրա հակառակը:

Այդ ամենի մեջ, այդ ամենի հետևանքով տուժում է ներքևում գտնվող, սովորական քաղաքացին, հասարակության ամենաանզոր և որոշումների վրա ազդեցություն չունեցող, Հայաստանի Հանրապետության խեղճ քաղաքացին։

Այստեղ խնդիրը շատ խորքում է՝ տարիների ընթացքում ձևավորված, կարծրացած աշխատելաոճի և մտածելակերպի մեջ։ Խորհրդային, ապա նաև անկախության գրեթե ողջ ժամանակահատվածում մանր և միջին «չինովնիկները», իրենց երկրի տեր համարելով, սովորական քաղաքացու կարիքները և իրավունքներն անտեսելով և արհամարհելով, պաշտոնավարում են իբրև «փոքր երկրի մեծ իշխաններ», քանի որ քաջ գիտակցում են՝ այդպես բոլորն են աշխատում, և իրենք բացառություն լինելու իրավունք չունի, այլապես դրա հետևանքով կփլուզվի ամբողջ համակարգը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում։ Միաժամանակ այդ իշխանիկները վախենում են ինքնուրույն լուրջ որոշումներ կայացնելուց, քանի որ դա հակասում է «ընդհանուր քաղաքականությանը»՝ ամեն ինչ արա, որ ոչ մի բան չստացվի։ Նրանք քաջ գիտակցում են, որ ցանկացած զարգացում, ցանկացած առաջխաղացում առաջացնում է նաև համակարգային փոփոխություն, համակարգի զարգացում, պարտականությունների և պատասխանատվության ավելացում։ Այդ մոտեցումն առկա է գրեթե բոլոր ոլորտներում, բայց նման աշխատելաոճն ամենածանր և բացասական հետևանքներն ունենում է երևի թե դատական և դրա հետ շաղկապված համակարգերում։

Դատարանները և պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականությունը վերահսկող դատախազները բավականին վատ են վերաբերվում կառավարության կողմից մշակված և ընդունված քաղաքականությանը և ռազմավարությանը, որով նախատեսված է դատապարտված անձանց վերասոցիալականացման միջոցով հասցնել այն կետին, որի պարագայում նրանք կարող են արժանանալ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման, պատրաստ կլինեն վերադառնալ հասարակությաուն՝ որպես այդ հասարակության լիիրավ անդամ։

Սակայն վերոհիշյալ երկու ատյանները ոչ միայն չեն ընդունում և չեն կիսում կառավարության պատկերացումն արդարադատության վերաբերյալ, այլև կարծում են, որ հին՝ պատժողական մեթոդներն ավելի արդյունավետ են, և փոփոխության կարիք չկա։

Այստեղ առկա է նաև օրենքների անկատարության փաստը, այն, որ նույն օրենքը տարբեր ատյաններ տարբեր ձևով են մեկնաբանում, այն, որ չկա վերասոցիալականացման հստակ չափորոշիչ, և վերջինս դիտարկվում է որպես սուբյեկտիվ մոտեցում։ Կարելի է կարծել, որ օրենքների՝ բավականին խնդրահարույց լինելու պատճառով դատարանները հակված են լուրջ չվերաբերել վերասոցիալականացման գործընթացին։ Սակայն արդյո՞ք նրանք իրավունք ունեն անտեսել, արհամարհել այն մեթոդները և քաղաքականությունը, որն ընդունվել է որպես պայմանական վաղաժամկետ ազատման միակ եղանակ։

Վստահ ենք՝ ընթերցողին պարզ է այն, որ այս տողերի հեղինակները դատապարտյալ են, ովքեր անմիջականորեն շփվել են տվյալ խնդրի հետ, զգացել բոլոր թերությունները, գիտեն նաև նախկին և ներկա համակարգերի տարբերությունները։

Ժամանակին քրեակատարողական համակարգն ուներ ավելի շատ լծակներ դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցում: Բայց այժմ քրեակատարողական համակարգն ընդհանրապես զրկվել է տվյալ խնդրի լուծման վրա ինչ-որ կերպ ազդելու հնարավորությունից։ Նրա կարծիքը հաշվի չի առնվում, անտեսվում է, և արհեստականորեն նվազեցվում են քրեակատարողական հիմնարկների կատարած աշխատանքի արդյունքները։

Դա կատարվել է մի պատճառով՝ նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, սակայն ստացվեց այնպես, որ մի կողմից համակարգը ստացավ ավելի շատ պարտականություններ, քրեակատարողական հիմնարկների գործառույթներն ավելացան, մյուս կողմից քրեակատարողական համակարգը՝ ի դեմս քրեակատարողական հիմնարկների, զրկվեց դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վրա ինչ-որ կերպով ազդելուց այն դեպքում, երբ այդ հիմնակների աշխատողներից լավ ոչ-ոք չգիտի տվյալ դատապարտյալի ուղղման կամ, ինչպես հիմա է օգտագործվում, վերասոցիալականացման մակարդակը։

Մեր օրենքները միգու՛ցե լավն են, մշակվել են լավ և բարի նպատակով, մարդասեր են, սակայն գիտեմ մի բան՝ մեր օրենքներն աշխատում են միակողմանի։

Մոտ մեկ շաբաթ առաջ մենք՝ մի խումբ դատապարտյալներս, նախաձերնել ենք և միասնական դիմում ենք գրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, որում պարզ նշել ենք մեր մտահոգությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով այցելել քրեակատարողական հիմնարկ, հանդիպել մեզ հետ, լսել մեր մտահոգությունները, բացատրել, թե ինչպես է աշխատում այս կամ այն օրենքը, իսկ այցելության անհնարինության դեպքում միջնորդել, որ մեզ այցելի նրանց կողմից վստահված և լիազորված այնպիսի պաշտոնյա, որն ի վիճակի է տալ պատասխաններ մեզ հուզող հարցերի վերաբերյալ, այլ ոչ թե պարզապես լսի մեր մտահոգությունները և հեռանա՝ խոստանալով դիմումներին պատասխանել գրավոր տեսքով։

Այդ դիմումները վերաբերում են թե մայր օրենքի՝ Սահմանադրության և այլ օրենսդրական ակտերի հակասություններին, թե դատարանների և դատախազության աշխատակիցների կողմից խտրական վերաբերմումքի դրսևորմանը, թե կոնկրետ չափորոշիչների բացակայության հետևանքով դատարանների կողմից անտրամաբանական, ոչ օբյեկտիվ որոշումների կայացմանը, որոնք շատ հաճախ նույնիսկ հիմնավորված չեն լինում, այլ կայացվում են դատավորի և դատախազի ներքին համոզմունքի հիման վրա։

Միգուցե ճիշտ կլիներ սպասել վերոնշյալ պաշտոնյաների արձագանքին, ապա նոր հեղինակել այս հոդվածը, սակայն իմ կյանքի փորձից ելնելով՝ կարող եմ վսահաբար ասել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարին ուղղված մեր դիմումը կմակագրվի այս ոլորտը կարգավորող նախարարին, ինչից հետո կառավարությանը և արդարադատության նախարարին հասցեագրված մեր դիմումները կմակագրվեն ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձանց, արդյունքում կհայտնվեն քրեակատարողական հիմնարկում, և հիմնարկի իրավաբանը ստիպված կլինի հանդիպել մեզ հետ և պարզաբանել այն, ինչը մենք այսպես թե այնպես գիտենք։

Մի բան կարող եմ ասել հաստատ։ Համակարգում բարեփոխումներ և փոփոխություններ իրականացվում են։ Դա ակնհայտ է։ Սակայն արդարադատություն իրականացնող մարմիններն իրար հետ համահունչ, սինխրոն չեն աշխատում: Մի մարմինն անտեսում և արհամարհում է մյուսի կատարած աշխատանքը, իսկ դա ազդում է ընդհանուր համակարգի աշխատանքի արդյունավետության վրա:

Տեսնելով, թե ինչպես է քրեակատարողական համակարգը փոփոխվել, ինչպես է «սովետի» հեղինակած համակարգը վերափոխվել, վստահությամբ կարող եմ ասել, որ քրեակատարողական համակարգն ունակ է և, անշուշտ, կձերբազատվի այս և մնացած բազում թերություններից: Սակայն նախ և առաջ այդ թերությունների մասին պետք է բարձրաձայնել, մատնացույց անել այն բացերը և խնդիրները, որոնք խոչնդոտում են այդ համակարգի զարգացմանը: Իսկ այդ բացերի և թերությունների մասին քաջատեղյակ են նրանք, ովքեր այդ օրենքների վերահսկողության տակ են։

Օրենքների անկատարությունը նույնպես նորություն չէ, և ցանկացած զարգացող պետություն առնչվում է նման խնդիրների: Այստեղ կարևորն իշխանությունների՝ խնդիրներ լուծելու վճռականությունն է: Ավելի լավ է լինի վատ, թերություններով լի, բայց գործող օրենք, քան թե անթերի օրենք, որը միայն թղթի վրա է և չի գործում, քանի որ գործող օրենքը, ինչքան էլ այն վատն է, կիրառման ընթացքում բացահայտում է իր թերությունները, որոնք վաղ թե ուշ շտկվում են:

Փաստացի մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք մի համակարգ, որն աշխատում է միակողմանի: Մի կողմից պետությունը նախատեսված ծրագրի իրականացման համար հատկացնում է ահռելի մեծ միջոցներ, դատապարտված անձանց տալիս է հստակ ճանապարհ՝ նպատակն իրականացնելու համար։ Բայց պետության անունից հանդես եկող այլ ատյաններ՝ դատարանները և պատժի հարկադրանքի այլ միջոցների կատարման օրինականությունը վերահսկող դատախազները, անտեսելով պետության հատկացված ռեսուրսները, արհամարհելով վերասոցիալականացումն իրականացնող մասնագետների ահռելի աշխատանքը, հաշվի չառնելով դատապարտյալի հետ աշխատանք կատարած մասնագետների ջանքերը և կարծիքը, մերժում են ցանկացած հնարավորություն, որը նախատեսված է օրենքով։

Փաստացի ստացվում է մի իրավիճակ, որի դեպքում պետության կողմից հատկացված միջոցները, մասնագետների աշխատանքը, դատապարտյալի ձեռքբերումները չեն արժևորվում, և համարվում են անիմաստ ու ձևական՝ չնայած ամրագրված և նախատեսված են օրենքով։ Միաժամանակ որոշիչ են դառնում կարծրատիպը, համոզմունքը, որի համաձայն ոչ դատարանները, ոչ դատախազությունը չեն կարող  իրենց թույլ տալ ընդունել այն փաստը, որ, անկախ ամեն ինչից, մարդն ունակ է փոխվել, և վերասոցիալականացման մեթոդը կարող է արդյունավետ լինել։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ չաշխատող համակարգ, դժգոհող քաղաքացիներ, արդարադատությանը չհավատացող հասարակություն:

Եվ այդպես է բոլոր ոլորտներում, այդպես է ամենուրեք։

 ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ

Հուլիսի 28, 2023 թվական»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest