Forrights.am-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» իշխող խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը
-Պարոն Հարությունյան, օրեր առաջ Հակարի կամրջի անցակետում ադրբեջանական սահմանապահների կողմից ձերբակալվել է Արցախի բնակիչ Վագիֆ Խաչատրյանը։ Ի՞նչ իրավիճակ է Արցախում, ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը։
-Իրավիճակը չափազանց բարդ է, փաստորեն Ադրբեջանը նախադեպ է ստեղծել, եր ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, այն էլ միջազգային կազմակերպության կողմից բուժման ուղեկցող անձին առևանգել են։ Չկա երաշխիք, որ սա մշտական բնույթ չի կրելու կամ այդ կեղծ մեղադրանքները չեն առաջադրվելու բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր 90-ականներին զորակոչի ենթակա էին կամ պատերազմին մասնակցել են։ Պետք է շեշտել, որ այդ մեղադրանքները կեղծ են։ Կեղծ են նախևառաջ այն պատճառով, որ նշված բնակավայրում (նկատի ունի Մեշալի գյուղը, որի մասին հաղորդել է ադրբեջանական կողմը-հեղ․) հայկական զինված ուժերի կողմից երբևէ հանցագործություն չի կազմակերպվել։
Ադրբեջանը բավականին ծանր հոդվածներով է մեղադրանք առաջադրել մեր քաղաքացուն, և ես դժվար եմ պատկերացնում, թե ինչպես պետք է հարցը հանգուցալուծվի նաև այն պատճառով, որ հետ քայլ անելով Ադրբեջանը ներքին բավականին լուրջ խնդիր է ունենալու․ ներքին լսարանին ներկայացրել են, որ այս մարդը ծանր հանցագործություններ է կատարել այսինքն՝ հետ տալով այս մարդուն նրանք ներքին բավականին լուրջ խնդրներ են ունենալու։
Մյուս կողմից միջազգային կառույցները ունեն պարտավորություններ և պետք է մեծ ճնշում բանեցնեն Ադրբեջանի վրա։
Ընդգծում եմ՝ մեր տվյալներով Վագիֆ Խաչատրյանը միջազգային հետախուզման մեջ չէր, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեղադրանքները կեղծ են։ Այս պարագայում առավել ևս միջազգային կազմակերպության կողմից իրականացվող առաքելության շրջանակում Ադրբեջանը իրավասու չէր նման քայլի դիմել։
—Արցախում այս պահին ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի դիմաց, դուք նույնպես պարբերաբար նշում եք միջազգային կազմակերպությունների միջամտության անհրաժեշտության մասին, սակայն հաշվի չի առնվում ռուս խաղաղապահների գործոնը։ Արդյոք ռուսական կողմին ևս չպետք է ներկայացվի պահանջ պատշաճ կերպով իրականացնել առաքելությունը, որ պայմանագրային կետերը չխախտվեն։
Միանշանակ պետք է ներկայացվեն պահանջներ, և մենք սրա մասին բազմաթիվ անգամ խոսում ենք։ Ես էլ շեշտեցի, որ դեպքը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Դա խոսում է այն մասին, որ առաջին հերթին ռուսական կողմն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար և առհասարակ Լաչինի միջանցքի վերահսկողությունը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պետք է լինի ռուս խաղաղապահների ձեռքում։ Բայց, ցավոք, մենք տեսնում ենք, որ 7 ամսից ավելի է, ինչ խախտված է այդ դրույթը և փաստացի առարկայական որևէ քայլ այս ուղղությամբ չի կատարվում։
-Երեկ արտախորհրդարանական ուժերից մեկի ղեկավարը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարեց, որ ամերիկյան կողմի միջնորդությամբ առաջիկայում հնարավոր է կայանա Արցախ-Ադրբեջան հանդիպում-երկխոսություն։ Դուք դրա մասին տեղյա՞կ եք և արդյոք ինչ ակնկալիք ունեք այդ հանդիպումից։
-Արցախյան կողմը պատրաստ է մեկնել բանակցությունների և բանակցություններից հրաժարվողը Արցախը չի կարող լինել։ Կարծում եմ՝ պարոն Բաբաջանյանի նշած հայտարարությունը ուշացած է, որովհետև իմ ունեցած տվյալներով, այդ հանդիպումը ադրբեջանական կողմի պատճառով տեղի չի ունենալու։ Միգուցե նրանք այլ աղբյուրներ ունեն, բայց ես տեղեկություններ չունեմ, որ նման հանդիպում է նախապատրաստվում։
Մյուս կողմից Ադրբեջանը, ըստ էության հրապարակային դաշտում նման երկխոսությունից հրաժարվում է՝ ասելով, որ անթույլատրելի է երկխոսությունը միջազգային որևէ մեխանիզմի շրջանակում և փորձում է հարցը ներկայացնել որպես ներքին խնդիր։
Երեկ Բլինքեն-Ալիև խոսակցությունը միգուցե այդ համատեքստում էր և միգուցե ԱՄՆ-ն փորձի որոշակի ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի և Լաչինի միջանցքը ապաշրջափակվի, և երկխոսություն ձևավորվի, որովհետև այդ թեզի ջատագովը ԱՄՆ-ն է, և կարծում եմ, նրանք այս առումով բարոյական պարտավորություններ ունեն․ նրանք Հայաստանին ասում էին՝ դուք ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք մեխանիզմներ կստեղծենք, որպեսզի ապահովենք արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը։ Հիմա փաստացի ստեղծված իրավիճակում արցախահայության անտանգության որևէ երաշխիք չկա, իսկ իրավունքների մասին խոսելն էլ անհեթեթություն է թվում։
Ադրբեջանի վրա ամերիկյան և եվրոպական ճնշումները պետք է լինեն առարկայական, որովհետև եթե բավարարվեն միայն մտահոգություն հայտնող կոչերով, բնականաբար, Ադրբեջանը դրանք անտեսելու է։ Գործնական ճնշումներ պետք է լինեն, որ Ադրբեջանը գոնե մեկ կառուցողական քայլ անի։
-Վագիֆ Խաչատրյանի հետ կատարվածից հետո որոշ շրջանակներ լուծման ձև համարում էին բնակչության տարհանումը, նշելով, որ զինված հարձակման միջոցով լուծումը ծայրահեղ քայլ է։ Ի՞նչ եք մտածում այս մասին։
-Ես բնակչության տարհանումը լուծում չեմ պատկերացնում, որովհետև մարդիկ ապրում են իրենց հայրենիքում, իրենց տներում։ Ի՞նչ է նշանակում տարհանել։ Սա մեզ համար անթույլատրելի տարբերակ է։ Բայց մյուս կողմից ամեն օր մեր ռիսկերն ու վտանգները ավելանում են։
Հնարավոր է՝ մինչև հիմա բլոկադայի ծայրահեղ վատ հետևանքների մասին ընկալում չի ձևավորվել որոշ շրջանակների մոտ, բայց վիճակը շատ վատ է՝ տոտալ շրջափակում, առաջնային մթերքների, դեղորայքի բացակայություն։ Նման պայմաններում ապրելը օրեցօր անհնարին է դառնում և այսպես շարունակվելու դեպքում ողբերգական դեպքերի քանակը ավելանալու է։
Լուծումները բարդ են, բայց երբ այլընտրանք չես թողնում մարդուն, նրանք գնում են ծայրահեղ քայլերի։ Գնալով մեր այլընտրանքային տարբերակները պակասում են։
-Քննարկվում է նաև Արցախում իշխանափոխության անհրաժեշտության մասին։ Հնարավո՞ր է դա լուծում լինի։
-Չգիտեմ, գուցե մարդ կա, որ այս փուլում արդիական է համարում իշխանափոխության մասին խոսելը։ Ես օրինակ, իշխանատենչ շրջանակներում չեմ տեսնում լոկ մեկին, որը կարող է այնպիսի մի լուծում առաջարկել, ինչն այսօրվա իշխանությունը գործի չի դնում։
Արայիկ Հարությունյանը այս առումով բավականին բաց է, բոլորի հետ պատրաստ է քննարկումների ու պատրաստ է ընդունել լուծման առաջարկներ։
Ցանկացած իշխանավորի համար լավագույն սցենարներից մեկն է իշխանությունը փոխանցել մեկ այլ մարդու, որովհետև իրավիճակի բարդությունը և պատասխանատվության աստիճանը հիմա շատ մեծ է։ Այդքանը գիտակցելով է, որ այսօրվա իշխանությունը մնում է իշխանության և ոչ թե մնում է զուտ աթոռ պահելու համար։
Հասմիկ Համբարձումյան
Հասմիկ Համբարձումյանը լրագրող է, լուսաբանում է դատա-իրավական ոլորտը: Անհանդուրժող է անարդարության ու մարդու իրավունքների խախտումների նկատմամբ: Լրագրողական 15 տարիների գործունեության ընթացքում մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային տարբեր ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի դասընթացը: