Արցախի Ազգային ժողովը ուղերձով դիմում է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ «կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը»։ Հղած ուղերձում Արցախի խորհրդարանը հղում է անում մի շարք փաստաթղթերի ու սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի, 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։

«Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝ չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը», — ասված է ուղերձի մեջ։

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) ճանաչումը ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը։

«Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա», — կոչ է անում ԱԺ-ն։

Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest