Գրեթե 20 ժամ է՝ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները գտնվում են Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Կոռնիձորի հատվածում և որևէ տեղաշարժ դեռ չկա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն», — ասաց Սարգսյանը՝ նշելով՝ այս պահին դեռ որևէ արձագանք չեն ստացել, սահմանված կարգով դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին և համապատասխան օղակներով՝ ադրբեջանական կողմին։
«Եվ, ինչպես արդեն նշեցի, պատասխան այս պահի դրությամբ դեռ չունենք», — եզրափակեց Սարգսյանը։
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն է նաև քիչ առաջ հայտարարել՝ «Բաքվի պարտականությունն է երաշխավորել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ թույլ չտալու ճգնաժամի հետագա սրացում»։
400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան է19 բեռնատարով Երևանից շարժվել դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։ Սակայն դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Պաշտոնական Բաքուն արդեն հայկական կողմին մեղադրել է առանց իրենց հետ համաձայնության ավտոշարասյուններ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ՝ սա համարելով «ոտնձգություն» ու «սադրանք» «իր տարածքային ամբողջականության» հանդեպ։
Բաքվին Երևանն արձագանքել է՝ «Լեռնային Ղարաբաղ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է»։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության Բաքվի մտադրությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: