Մոսկովյան եռակողմ բանակցություններին ընդառաջ Ստեփանակերտը պահանջում է անհապաղ վերացնել 40-օրյա լիակատար պաշարումն ու դրա հետևանքով Արցախում սրընթաց կերպով խորացող հումանիտար աղետը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պնդում է՝ այդ պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները։

«Խստագույնս դատապարտելի է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման, կողմերի միջև փոխվստահության միջավայրի ձևավորման փոխարեն Արցախի հարցում Ադրբեջանի քաղաքական օրակարգի իրականացման հիմնական գործիքներից են Արցախի Հանրապետության շրջափակումն ու արդեն լիակատար պաշարումը, կենսական ենթակառուցվածքների շարունակական խափանումը և անթաքույց ցեղասպանական քաղաքականության վարումը», — հայտարարում է Արայիկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ Բաքուն Արցախում մարդկության դեմ հանցագործություններ է իրականացնում, ինչը, Հարությունյանի գնահատմամբ, եռակողմ հայտարարության և միջազգային իրավական փաստաթղթերի կոպտագույն խախտումների անմիջական հետևանք են։

Արցախի նախագահը շեշտում է, որ ժողովուրդը պատերազմից հետո վերադարձել է «հավատալով եռակողմ հայտարարությամբ ամրագրված երաշխիքներին և հատկապես ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությանը»։

«Պահանջում եմ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից գործնական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքի իրավական ռեժիմի անհապաղ վերականգնումը և երաշխավորելու Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ առնվազն Եռակողմ հայտարարությամբ դրա Կողմերի ստանձնած պարտավորությունների շրջանակում»,- հայտարարել է նախագահ Հարությունյանը և պնդել՝ «այդ նվազագույն պայմանն ապահովելուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ հակամարտության բոլոր բաղադրիչներին և որոշակիորեն բարենպաստ միջավայրում քննարկել դրանց լուծման միջոցները»։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest