Զինծառայողների մահվան դեպքերը թաքցնելը պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է նրանով, որ դրանք կապ չունեն զինվորական ծառայության հետ:
Մարտի 3-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դիտողություն է արել ԶԼՄ-ներին ուղղված. «Հայտնել-չհայտնելը մի՛ խառնեք թաքցնել-չթաքցնելու հետ: Ծառայության հետ կապ չունեցող դեպքերը չենք հայտնել, բայց երբ այս կամ այն կերպ այն հայտնվել է, հաստատել ենք, դա չհայտնել չի նշանակում: Ո՞վ է ասել, որ դա առաջինը մեր կայքում պետք է դնենք, այդպիսի պարտավորություն ես չունեմ»,- ասել է նա այն բանից հետո, երբ Tert.am պարբերականը իր տեղեկությունների վրա հիմնվելով՝ գրեց, որ մոտ երկու ամսվա ընթացքում ՀՀ և Արցախի հանրապետության զինված ուժերում ժամկետային զինծառայողներ են զոհվել: ՊՆ խոսնակը նման դեպքերի ստույգ թիվ չհրապարակեց, նշելով, որ դրանք 3, կամ 4-ն են եղել:
Դեպքերից մեկը, որը ՊՆ-ն փորձ է արել թաքցնել, տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 12-ին, Արցախի ՊԲ Մատաղիսում տեղակայված զորամասում: Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, Ալավերդի քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Թամազյանը նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ: Ալավերդիում, Սանահին թաղամասում, որտեղ բնակվում է տղայի ընտանիքը «Ֆրունզիկ-19» գրառմամբ սև ժապավենը դեռ չեն հանել:
Մահացածի հայրը՝ նախկին ազատամարտիկ Վալերի Թամազյանը վստահեցնում է, որ որդին առողջ էր և չէր կարող մահանալ մեկ օրում: Նա կասկածում է, որ նրան ժամանակին բուժօգնություն չեն տրամադրել, ինչը հանգեցրել է իր 19-ամա որդու մահվան:
«Հունվարի 28-ին որդուս ծնունդն էր, գնացեինք, նրան տեսանք, նա առողջ էր, լավ տրամադրություն ուներ»- պատմում է Վալերի Թամազյանը: Նախաքննության մարմնից, որը քննում է Ֆրունզե Թամազյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը, նա առայժմ բողոք չունի: Ասաց, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել դեպքի մասին: «Սպասում եմ դատաբժշկական եզրակացությանը, հետո կտեսնենք», — ասաց Վալերի Թամազյանը:
Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Forrights.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց. «Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործով մեղադրյալ չկա>>։ Այս մեղադրանքի համար սահմանված է 3-ից 6 տարվա ազատազրկում։ Նախաքննությունը շարունակվում է, բայց մեղադրանքը վկայում է, որ խոսնակը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել, և Վալերի Թամազյանի մահը ուղղակիորեն կապված է զինվորական ծառայության հետ։ ՊՆ-ն պարտավոր էր հայտնել դրա մասին, ոչ թե պարտակել այն։
Ինչպես է որոշվում, թե, օրինակ, Ֆրունզե Թամազյանի մահը կապ ունի զինվորական ծառայության հետ, թ՞ե ոչ:
ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանը այս հարցին պատասխանում է.
«Իմ կարծիքով, չափորոշիչների հետ կապված կա անորոշություն: Եթե դեպքը կատարվել է արձակուրդի ընթացքում, կամ տուն գնալուց, կամ առողջական վիճակի հետ կապված, ապա այն կապ չունի ծառայության հետ: Զինծառայողներ ունենք, որ ասենք, տանը լամպ փոխելու ժամանակ էլեկտրահարվել է: Սա ծառայության հետ ի՞նչ կապ ունի: Բայց իմ անձնական կարծիքն այն է, որ մենք պետք է սա կանոնակարգենք, նաև պետք է կանոնակարգվի անձի հետ կապված տեղեկություններ տրամադրելը: Հնարավոր է, որ ընտանիքը չի ցանկանում տեղեկություններր հրապարակել, բայց մենք հայտարարում ենք», — ասաց նա:
Փաստորեն, ստույգ չափանիշներ, թե զինծառայողների մահվան որ դեպքը կապ ունի բանակային ծառայության հետ, իսկ որը՝ ոչ, պաշտպանության նախարարությունը չունի: Մինչդեռ պետության պարտականությունը իր իրավասության տարածքում հարկադրաբար գտնվող մարդկանց կյանքը պաշտպանելու անվերապահ է, բացառությամբ այն դեպքերը, երբ անձի մահը վրա է հասել պատերազմական գործողությունների հետևանքով:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը, նաև միջազգային իրավական այլ փաստաթղթեր ամրագրում են մարդու կյանքի իրավունքի երաշխավորման հարցում պետության պոզիտիվ պարտավորությունը: Ազգային օրենսդրությունն ա մբողջությամբ պետք է հիմնվի այս նորմերի վրա: Այս հարցին իրավապաշտպաններ, փաստաբաններ են անդրադարձել տարբեր, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննած գործերով:
Փաստաբան Վահե Գրիգորյանը, օրինակ, գտնում է, որ բանակը, քրեակատարողական հիմնարկը պետության անմիջական վերահսկողության տակ գտնվող տարածքներ են, և այդ տարածքներում հարկադրաբար գտնվող անձանց կյանքի իրավունքի պաշտպանության համար պետությունն անմիջական պատասխանատվություն է կրում:
«Եթե անգամ չի բացահայտվել զինվորական ծառայության մեջ գտնվող անձի սպանությունը կամ ինքնասպանությունը, միևնույն է, տուժողի իրավահաջորդի հանդեպ պատասխանատվությունը կրում է պետությունը», — փաստաբանի այս կարծիքն արտացոլված է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության 2011 թվականի «Մարդու իրավունքները բանակում» զեկույցում:
8 տարի առաջ հարցն այս նույնչափ ակտուալ էր, ինչը նշանակում է, որ մարդու իրավունքների իրավիճակը բանակում վերջին տարիներին էապես և տեսանելիորն չի փոխվել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: