Ադրբեջանի՝ Արցախը ներառյալ տարածքային ամբողջականության ճանաչման մասին Նիկոլ Փաշինյանի բազմիցս կրկնած հայտարարությունը լավ պատրվակ է դարձել միջազգային դերակատարների համար, ովքեր այժմ հակահայկական հայտարարություններ անելիս հղում են անում Փաշինյանին։ Միաժամանակ, Ալիեւը պնդում է, որ Փաշինյանը գրավոր հաստատի իր հայտարարությունը։

Ալիևն այսպիսով մատնանշում է Փաշինյանի իրավասությունը բանավոր կամ գրավոր հայտարարությունների միջոցով ճանաչել կամ չճանաչել «Ադրբեջանի ամբողջականությունը»։ Ալիեւի համառ պահանջները վկայում են այն մասին, որ առանց Հայաստանի ճանաչման չկա ոչ մի «Ադրբեջանի տարածքային ամբողջականություն»։

Ղարաբաղյան հակամարտությունը 30 տարվա ընթացքում  տարբերվում էր հետխորհրդային մյուս հակամարտություններից՝ Վրաստանում, Մոլդովայում, նրանով, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէր ճանաչվում միջազգային հանրության կողմից, իսկ Արցախը համարվում էր առնվազն վիճելի տարածք։ Անգամ 2020 թվականի պատերազմից հետո համաշխարհային հանրությունը Արցախը չճանաչեց որպես Ադրբեջանի տարածք՝ պնդելով բանակցություններ վարել։ Փաշինյանի հայտարարությունն օգտագործվում է «վիրտուալ» քաղաքականության մեջ՝ չդառնալով իրական քաղաքականության հիմք։

Միակ առաջնորդը, ով 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջան է, Վլադիմիր Պուտինն էր։ Բայց հիմա, 3 տարի անց, Ռուսաստանը փորձում է իր դիրքորոշումը «արդարացնել» Փաշինյանի հայտարարությամբ։

«2022 թվականի հոկտեմբերին և 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ ընդգծելով, որ Մոսկվան «հարգում է Հայաստանի ինքնիշխան որոշումը (թեև նույնիսկ Ալիևն է ասում, որ ոչ մի որոշում չկա):

«Անընդունելի է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեկնաբանելը և պայմանավորելը այն համատեքստում, որ շուրջ 30 տարի մեր տարածքները օկուպացված Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»,- մի քանի ժամ անց հակադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բաքուն, մի կողմից, վրդովված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից, սակայն համառորեն պահանջում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ գրավոր։ Ինչպիսի՞ ամբողջականություն է սա, եթե այն կարող է սասանվել մեկ հայտարարությամբ կամ ստորագրությամբ: Իսկ եթե Հայաստանում փոխվի իշխանությունը, և նոր ղեկավարությունը հայտարարի, որ Թուրքիայի և Ադրբեջանի ամբողջականությունն իրենց համար ոչինչ է։ Կփլուզվե՞ն այս պետությունները։

Միանգամայն հնարավոր է, որ կփլուզվեն, քանի որ այդ պետությունների սահմանները կառուցված են Հայաստանի կողմից ստորագրված կամ նրա իրավասությանը վերաբերող պայմանագրերով։ Երբ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը «կադաստրային փաստաթուղթ» չունի, Բաքուն և Անկարան իսկույն հասկանում են, որ դա նշանակում է, որ հենց իրենք կադաստրային թուղթ չունեն։

«Կադաստրային թղթերի» բացակայությունը տարածաշրջանը վերածում է գորշ գոտու, որտեղ ամբողջականության ճանաչումը կամ չճանաչումը կախված է անհատների կամային հայտարարություններից կամ մեծ խաղի արդյունքից։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest