Անցնելով պատերազմի դժոխքի միջով՝ Հադրութի շրջանի Նորաշեն համայնքից տեղահանված Ավետիսյանների ընտանիքը շարունակում է դժվարություններ կրել:

«Երեք տարի Երեւանի Նորքի 5-րդ զանգվածում վարձով բնակարանում ապրելուց հետո, տանտերը որոշեց մեզ դուրս հանել, ժամանակ էլ չտվեց, որ տուն գտնենք, հիմա մի քանի օր է՝ բոլորով ժամանակավոր ապրում ենք բարեկամի տանը` Մխչյան գյուղում»,- պատմում է ընտանիքի ավագը` Արմինե Ավետիսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է ե´ւ ամուսնուն, ե´ւ ավագ որդուն:

Forrights.am-ը ներկայացրել էր 30-ամյա պայմանագրային զինծառայող Ավետիս Ավետիսյանի մասին, որը զոհվել էր 2020-ի հոկտոմբերի 10-ին` ԱԹՍ հարվածից: Դրանից մեկ շաբաթ առաջ ադրբեջանցի դիվերսանտները խոշտանգել ու սպանել էին նրա հորը` Հմայակին:

Տիկին Արմինեն այժմ իր ինը հոգանոց ընտանիքի համար փորձում է վարձով տուն գտնել, բայց չի կարողանում, կամ վարձն է շատ, կամ չեն համաձայնում նման մեծ ընտանիքին տուն տրամադրել: «Կարող է ինչ-որ մեկը մի փակ տուն ունենա, մի ազատ տարածք ունենա, որ մենք կարողանանք ապրել, մինչեւ որ մեր տան հարցը լուծվի»,- ասում է Ավետիսյանը` խնդրելով օգնել տուն գտնել, որի ամսավճարը ինքը պատրաստ է վճարել: Նա նշում է, որ իր ընտանիքն արդեն ստացել էր տուն ձեռք բերելու վկայականը, արդեն ընտրել էր համապատասխան տունը, սակայն դեռ պարզ չէ, թե երբ այն պատրաստ կլինի եւ երբ այդ տան գնամ համար Կառավարության համապատասխան ծրագրով գումար կտրամադրվի:

Արմինե Ավետիսյանն, ավելի քան քսան տարի առաջ երեխաների հետ Գյումրիից տեղափոխվել էր Արցախ: 44-օրյա պատերազմը, սակայն, խլեց տարիների ընթացքում նրա ստեղծածը: Արմինեն գյուղում թողեց իր ողջ ունեցվածքը, օրեր անց լուր ստացավ, որ հայտնաբերվել է տունը հսկելու համար գյուղում մնացած ամուսնու դին: Եվս մեկ շաբաթ անց հասավ ավագ որդու զոհվելու մասին լուրը: 30-ամյա Ավետիս Ավետիսյանը պատերազմից 15 օր առաջ էր ամուսնացել։ Նա զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին ԱԹՍ-ի հարվածից:

«Երբ տղաս վերջին անգամ զանգեց, ասեց՝ մամ, դու ուժեղ կին ես, էրեխեքին կհավաքես թեւիդ տակ ու կպաշտպանես: Ես այդպես էլ արեցի»,- պատմում է Արմինեն:

Տեղահանված կինն այժմ իր կրտսեր որդու, երկու դուստրերի, հարսի եւ չորս թոռների հետ ապրում է Երեւանում: Զոհված որդուն տված խոստման համաձայն՝ Արմինեն փորձում է կազմակերպել իր մեծ ընտանիքի կյանքն ու հոգալ բոլոր կարիքները, սակայն դեռեւս ամեն ինչ չէ, որ հաջողվում է:

Ըստ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Արցախի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տեղահանված արդեն շուրջ 1000 ընտանիք հավաստագրի միջոցով Հայաստանի տարբեր մարզերում ձեռք է բերել անշարժ գույք: Նշենք, սակայն, որ մոտ 3000 տեղահանված արցախցի դեռ չի կարողանում պետության տված սերտիֆիկատով տուն գնել։ Թուղթն էլ վաղեմության ժամկետ ունի՝ մինչեւ հաջորդ տարվա ամառ։

Առնչվող հրապարակում- Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը.հորը կախել են դիվերսանտները, որդին զոհվել է պատերազմում

«Մենք զոհվածներով չենք զբաղվում»․ Զոհված անձանց տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը դադարեցվել է

 Անի Գևորգյան

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest