Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող «Հերոսների Վերականգնողական Քաղաքում» բացվել է «Հերոսների Հացատուն»։
Բացի հոգեբանական թերապիայից այն նպատակ ունի աշխատատեղեր ստեղծել հերոսների մայրերի համար:
«Բաց կա հոգեկան առողջության ոլորտում եւ, ցավոք սրտի, նմանատիպ կենտրոնների անհրաժեշտությունը այսօր Հայաստանում շատ կա: Մենք ստեղծեցինք մի կենտրոն երկու տարվա ընթացքում, որն այսօր արդեն տարածաշրջանում ունի թվայնացված տեխնոլգիաներով հագեցած սենյակներ, կենտրոն, որտեղ արդեն կա հերոսների հացատուն, որտեղ մայրերը կարողանում են ինքնավերականգնման ինքնաթերապիաներ անցնել: Այստեղ բացառապես պատերազմի մասնակից անձինք են, բացառապես նահատակված տղաների ընտանիքի անդամներն են եւ այն անձինք, որոնք ինչ-ինչ պատճառներով պատերազմի հետ առնչություն են ունեցել եւ ցավոք սրտի, ունեցել են որոշակի վիրավորումներ, հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներ»,- ասում է Հերոսների Վերականգնողական Քաղաքի հիմնադիր Սուրեն Արեենցը։
Վերականգնողական կենտրոնը կրում է ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անունը, ում մայրը՝ Սիմա Պետրոսյանը նշում է. «Պատերազմից հետո կյանքը շարունակվում է, ես գտնում եմ, որ ոչ ոք չի զոհվել, իմ որդին իմ կողքին է, ժողովրդի կողքին է: Դրա համար, երբ ձեռնարկեցին այս գործունեությունը եւ դիմեցին մեզ, որդուս անունով անվանակոչելու համար, մենք չվարանեցինք: Ես դեռ չէի պատկերացնում, որ այսպիսի հզոր, գեղեցիկ կառույց է լինելու, բայց նոր էր եւ իմ մեջ մտած էր, որ պետք է այո, գործունեությունը ծավալել եւ ապրել»:
Հացատան շահառու, հացթուխ, հրուշակագործ Մերի Հարությունյանը ներկայանում է․ ‹‹Ես 44-օրյա պատերազմում զոհված կամավոր 23-ամյա Բաղդասար Ղարիբյանի մայրն եմ։ Այստեղ հաց եւ թխվածք եմ պատրաստելու։ Խոհարարությունը այնպիսի աշխատանք է, որը պիտի սիրելով անես։ Հերոսների հացատանը խոհարարին վայել պետք է աշխատել, բայց որ ամենակարևորն է՝ հերոսի մորը վայել պետք է պատրաստել»։
Մինչեւ հացատան շահառուն դառնալը 2022 թ-ին, տիկին Մերին նախ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի այցելու է եղել, աշխատել է հոգեբանների հետ, ինչի արդյունքում հասկացել է՝ պետք է կարողանալ սեփական ցավի հետ ապրել ու այն վերապրել։
Սուրեն Արեենցի խոսքով, խոհարարությունը այսօր Հայաստանում տեսղեկատվական տեխնոլոգիաներից հետո երկրորդ մասնագիտությունն է, եւ հացատան միջոցով իրենք հնարավորություն են ստեղծելու այդ մասնագիտությունը սովորել զինվորների մայրերին եւ մյուս հարազատներին, ովքեր դրա կարիքը կունենան։
Անի Գևորգյան
Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։