Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս դատապարտում ենք վերջին ամիսներին աննախադեպ ծավալների հասած բռնություններն ու խոշտանգումները ոստիկանության բաժիններում և իրավապահ այլ մարմիններում:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված դատաիրավական ու ոստիկանական բարեփոխումներին զուգահեռ, ոստիկանության ու իրավապահ այլ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների դեպքերի կտրուկ աճը որևէ հիմք չի տալիս պնդելու հայտարարված բարեփոխումների արդյունավետության մասին։
Մասնավորապես, եթե վերջին առնվազն 10 տարում Հայաստանում չէր արձանագրվել ոստիկանության բաժանմունքում փաստաբանի նկատմամբ բռնության որևէ դեպք, ապա 2023 թվականի առաջին կիսամյակում եղել է երեք նման դեպք: Ընդ որում, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում տեղի ունեցած առաջին դեպքից հետո կարող էր տպավորություն ստեղծվել, որ դա բացառություն է, ապա երկրորդ ու երրորդ դեպքից հետո ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոստիկանական անպատժելիության աճող միտման հետ:
Միաժամանակ, բավականին մեծացել է իրավապահների կողմից կասկածյալների նկատմամբ բռնությունների ու խոշտանգումների մասին արժանահավատ ահազանգերի քանակը: Համատարած են դարձել դեպքերը, երբ ահազանգեր ենք ստանում բերման ենթարկված անձանց ծեծի, վիրավորանքի, հոգեբանական ճնշումների, մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, անգամ մարմնի տարբեր մասերին ծխախոտ հանգցնելու և խոշտանգման այլ դրսևորումների մասին։
Առավել ուշագրավ է վերջին շրջանում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների և նախագահի կողմից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խոշտանգման մասին արժանահավատ հաղորդումը, որում Տ․Առաքելյանը պատմում է խոշտանգման ընթացքի մասին այնպիսի մանրամասնություններով, որոնց հավաստիությունը հեշտ է պարզել քննությամբ:
Վերջին շրջանում ոստիկանական բռնությունների ինտենսիվությունն այնքան է շատացել, որ որոշ դեպքեր (Դիլիջանի ՔՀԲ-ի պետի, «Պոլիգրաֆի», Երևանի գինու օրերի) տեղի են ունեցել տեսախցիկի տեսադաշտում, և այդ տեսանյութերը հասանելի են դառնում նաև հանրությանը։
Նշված բռնությունների փաստերով չի իրականացվում անհապաղ և արդյունավետ քննություն, քննչական և դատախազական մարմինները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում բռնություններ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար, որի հետևանքով ավելի է ամրանում անպատժելիությունը և նվազում է հանրության վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ, որը որոշ չափով բարձրացել էր 2018 թվականին։
Հասարակական կազմակերպությունների մոտ համոզմունք է ձևավորվում, որ Հայաստանում փորձ է արվում ոստիկանության նկատմամբ հարգանքը կառուցել ոչ թե հանրությանը արդյունավետ ծառայելու, այլ վախի մթնոլորտ ձևավորելու արդեն ձախողված փորձի հիման վրա։ Նման քաղաքականությունը և «բարեփոխումներ» անվան ներքո իրավապահ մարմինների անպատժելի վարքագիծը անընդունելի է ոչ միայն ժողովրդավարական և պետության արժեքների ու սկզբունքների տեսանկյունից, այլև ուղղակի հակասում է 2018 թ․ թավշյա հեղափոխություն իրականացրած քաղաքացիների ակնկալիքներին։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ոստիկանական բռնությունները տեղի են ունենում հանցավորության դեմ պայքարի անկարողության ֆոնին: Որպես օրինակ՝ վերջին ամիսներին Իտալիայի և Վրաստանի իրավապահների բացահայտումների շնորհիվ պարզ դարձավ, որ Հայաստանում տոննաներով ծանր թմրանյութեր (կոկաին, հերոին և այլն) են շրջանառվում: Սակայն Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով զուգորդվող գործողություն կատարեցին «Պոլիգրաֆ» ակումբում առնվազն 40 հոգու նկատմամբ, որի արդյունքում հայտնաբերեցին ընդամենը 3․6 գրամ թեթև թմրանյութ (մարիխուանա):
Հատկանշական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումը հաճախ կատարվում է զուտ ինքնախոստովանական ցուցմունք կորզելու և դրանով հանցագործությունը «բացահայտված» որակելու նպատակով: Այդ քրեական գործերը, որպես կանոն, հետագայում փակուղի են մտնում և դատարան չեն հասնում, քանի որ ոստիկանական համակարգը ծառայողներին խրախուսում է «բացահայտելու» և ոչ ապացույցներ հավաքագրելու համար:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հանցագործություն համարվող խոշտանգման մեթոդով հնարավոր չէ արդյունավետ պայքարել այլ հանցատեսակների դեմ: Ավելին, սա գալիս է վկայելու, որ բռնությունները հաճախ արդյունք են հանցագործությունների դեմ պայքարի անկարողության ու անճարության:
Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտելով իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական բռնությունները, հայտարարում ենք, որ դրանք հետեւանք են ՀՀ վարչապետի և իշխող քաղաքական մեծամասնության անգործության, ոստիկանության համակարգում խոստացված, բայց թերի իրականացված բարեփոխումների: Այս հանցագործությունների սովորական դառնալու սարսափելի միտումը եւ դինամիկան կասեցնելու նպատակով պահանջում ենք՝
- Արդյունավետ, անհապաղ և թափանցիկ քննություն կատարել իրավապահների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին, հեռացնել իրավապահ մարմիններից նման գործողություններով աչքի ընկած և նրանց հովանավորող աշխատակիցներին։
- Ոստիկանական և իրավապահ այլ մարմիններում իրականացվող ատեստավորման սահմաններում բացի մասնագիտական գիտելիքներից ստուգել նաև ծառայողների բարեվարքությունը (գույքի ծագման օրինականությունը, կապերն ու շահերը), ինչպես նաև վերաբերմունքը բռնության նկատմամբ:
- Ստեղծել խոշտանգումների մասին ահազանգերի արձագանքման ու քննության, ինչպես նաև ահազանգողների պաշտպանության ու խրախուսանքի մեխանիզմներ:
- Տեղադրել տեսախցիկներ ոստիկանական բաժինների բոլոր միջանցքներում և բոլոր այն սենյակներում, որտեղ գտնվում են բերման ենթարկվածները:
- Կառուցվելիք ոստիկանական բաժինների տիպային մոդելները (որոնք պատրաստում է Քաղաքաշինության կոմիտեն) նախագծել այնպես, որ ներսի տարածքները լինեն առավել թափանցիկ:
- Փոխել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցների գնահատման ցուցանիշները, որպեսզի խրախուսվի հանցագործության մասին այլ՝ մեղադրյալի ցուցմունքի կամ ինքնախոստովանության հետ չկապված ապացույցների հավաքագրումը:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հայաստանի հելսինկյան ասոցիացիա
Հանրային լրագրության ակումբ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախձեռնությունների աջակցման կենտրոն
Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
«Էկոլուր» ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոն ՀԿ
Քաղաքականության հետազոտական կենտրոն
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Գորիսի մամուլի ակումբ
Մարդու իրավունքների տուն Երևան
«Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
«Կանանց իրավունքների տուն» ՀԿ
«Տաթևիկ» բարեգործական ՀԿ
«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
Ժողովրդավարական հարթակ հիմնադրամ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: