Հունիսի 13-14-ին, ապա 17-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Երասխ գյուղի մետալուրգիական ձեռնարկությունը, ինչի արդյունքում վիրավորվել է Հնդկաստանի երկու քաղաքացի։ Հունիսի 15-ին շինհրապարակ են այցելել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները։ Շինհրապարակը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Ամերիկյան կապիտալով գործարանի շինարարությունը սկսվել է երկու ամիս առաջ։ Ընկերությունում աշխատում է մոտ 200 մարդ, որոնցից 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։
Երասխը գտնվում է Նախիջևանի, Թուրքիայի և Իրանի հետ սահմանի մոտ։ Երասխով են անցնում Արցախի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի՝ դեպի Երեւան ճանապարհները։ Երասխով կարող անցնել Ադրբեջանի կողմից օկուպացված տարացքներից դեպի Թուրքիաի սահման տանող ճանապարհ։ Երասխից ոչ հեռու գտնվում է Տիգրանաշեն գյուղը, որը Նիկոլ Փաշինյանը համառորեն անվանում է Քյարքի և «անկլավ»։
Չնայած նրան, որ բալարը ձեւացնում են, իբր գնդակոծությունը պայմանավորված է Բաքվի՝ ամերիկյան կապիտալով գործարանի կառուցումը կանխելու մտադրությամբ, իրականում Բաքվի հրետակոծությունը փորձ է եթե ոչ Երասխով անցնող ճանապարհը վերահսկողության տակ առնելու, ապա գոնե այս ճանապարհով տեղաշարժը դժվարացելու:
Առայժմ տեղեկություններ չկան, որ ճանապարհի երթեւեկությունը դադարեցված է, բայց ամեն ինչ սկսվում է գնդակոծությունից, անցակետի տեղադրումից ու բերում տեղաշարժի արգելքի։
Հայկական կողմը, ըստ երեւույթին, համակերպվել է Երասխով անցնող ճանապարհի կորստին, ինչպես Գորիս-Կապան ճանապարհի, Բերձորի միջանցքի և ռազմավարական այլ ճանապարհների ու օբյեկտների կորստին։ Տեղեկություններ կան, որ վերանորոգվում է Արարատով անցնող ճանապարհը, որը թույլ է տալիս առանց Երասխ հասնելու թեքվել դեպի Երևան։
Բայց ոչ միայն դա է հուշում, որ Հայաստանի իշխանությունը դիտարկում է Երասխը հանձնելու տարբերակը։ Հայաստանի սահմանադրական տարածքում քաղաքացիական օբյեկտի գնդակոծմանը իշխանությունների արձագանքը ուղղակի անհասկանալի է։ Նախ, հայկական կողմը, ըստ ամենայնի, չի արձագանքել գնդակոծությանը համապատասխան գործողությամբ։ Երկրորդ՝ այդպես էլ չի տրամադրել ռազմական, պաշտպանական երաշխիքներ ու պաշտպանության միջոցներ։
Բացի այդ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է, որ «այս ագրեսիան կասեցնելու լավագույն միջոցը խաղաղությունն է»։ «Միջազգային գործընկերների համար դա ակնհայտ է, նրանք պետք է զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»,- ընդգծեց նա։
Գործարանի ղեկավարությունը մտադիր է բարձրացնել Հայաստանի և ԱՄՆ դրոշները։ Երասխցիների խոսքով՝ դրոշները տեղադրվելու են Նախիջեւանի սահմանից 800 մետր հեռավորության վրա, սակայն հույս չկա, որ ԱՄՆ դրոշը կփակի ադրբեջանական գնդակների ճանապարհը։
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ գրվում է, որ «Ադրբեջանը բացահայտ անտեսում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները, մարդու իրավունքները և միջազգային իրավունքը» և առաջնորդվում է Հայաստանի Հանրապետությանը ապօրինի ուժ օգտագործման միջոցով իր ուզած լուծումները պարտադրելու սկզբունքով, միջազգային հանրության թույլ արձագանքն ու ամենաթողությունը ընկալելով որպես բարենպաստ կամ հուսադրող պայման։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումները և նրա անընդունելի քաղաքականությունը՝ ուժի և ուժի սպառնալիքի միջոցով հասնելու իր անհիմն, անտրամաբանական և կամայական պահանջներին»։
Այսինքն՝ Հայաստանն իրեն իրավասու չի համարում կանխել ուժի կիրառումը սեփական միջոցներով եւ հույսը դնում է միայն ամերիկյան դրոշի, միջազգային հանրության ու «խաղաղության պատրաստակամության» վրա։ «Թավշյա հեղափոխության» ժամանակ օգտագործված «պարզած ձեռքերի» պրակտիկան, որը հանգեցրեց իշխանափոխության՝ առանց ցնցումների, միջազգային քաղաքականության մեջ ընկալվում է այնպես, ինչպիսի տեսք ունի՝ «հանձնվել ձեռքերը վեր»։ «Ոչ բռնի դիմադրությունը» գնդացիրներն և հրթիռները քո դեմ ուղղված ուժերին միայն դառը ժպիտ է առաջացնում։ Հայաստանը նմանվում է 5 տարեկան երեխու, որը միայն լացելով գանգատում է ու հայցում «մեծերի» օգնությունը։ Բայց պետականությունը՝ ազգի չափահասությունն է եւ ենթադրում է գոնե ինքնապաշտպանվելու ունակություն։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: