Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի /Ազգուշ Մարտիրոսյան՝ անձնագրով/ փաստաբաններ Վարդուհի Էլբակյանը, Հովսեփ Սարգսյանն ու Գեւորգ Մելիքյանը մամուլի ասուլիս էին հրավիրել և հայտնել լրագրողներին, որ գործով նախաքննության ավարտվել է  և իրենց տվյալներով նյութերը մեղադրական եզրակացությամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում են։ Սակայն թե որ դատավորն է լսելու հերոսի մոր գործը, հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Գայանեին մեղարդրում են վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու համար։ Ըստ Աշոտ Փաշինյանի նախաքննական ցուցմունքի, նրան մոտեցել են զոհվածների ծմողներ, առաջարկել են զրուցել, նստել Գայանե Հակոբյանի ավտոմեքենան, ապա արդեն մեքենայում կինը  նրա հետ խոսել է  2020 թվականի պատերազմի կորուստներից, ասել է, որ իրեն տանում է Եռաբլուր, սակայն  ինքը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել Գայանեի սպիտակ «Տոյոտայից»։

Փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը նկատել է, որ նախաքննությունն ավարտվել է աննախադեպ արագությամբ՝ մայիսի 17-ից 25-ը, և «նախանձելի հետևողականությամբ»։

Ըստ Գևորգ Մելիքյանի, Գայանե Մելիքյանը ասել է Աշոտ Փաշինյանին՝ մենք գնում ենք Եռաբլուր, ես ցանկանում եմ, որպեսզի դու տեսնես իմ որդու գերեզմանը, որն իմ տունն է դարձել, արի տես, թե ինչի ենք մենք հասել։  Նա նաև հայտնել է, որ մինչ այս պահը որևէ ապացույց քննիչները չեն ներկայացրել, որը կփաստեր, որ Գայանե Հակոբյանը առևանգել է Աշոտ Փաշինյանին։ «Ինչի՞ց պետք է վախենար Աշոտ Փաշինյանը․․․ Նույնիսկ իր կամքն անտեսելով Եռաբլուր հասնելու դեպքում որեւէ խնդիր չէր կարող լինել»։

Վարդուհի Էլբակյանն էլ հարց է բարձրացրել, թե ինչու են քննիչները ավելի ծանրակշիռ համարել Աշոտ Փաշինյանի ցուցմունքը, ոչ թե Գայանեինը։

Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց Հովսեփ Սարգսյանին։

-Ի՞նչ է կատարվել ավտոմեքենայի մեջ։ Ինչպե՞ս է ներկայացնում Գայանե Հակոբյանը։ 

— Ընդամենը Գայանե Հակոբյանը ասել է, ավելի ճիշտ՝ առաջարկել է Աշոտ Փաշինյանին գնալ Եռաբլուր։ Ավտոմեքենայի մեջ նա մի քանի անգամ է ասել այդ մասին, կրկնել։ Աշոտ Փաշինյանը լռել է, որից հետո նա անսպասելիորեն դուս է եկել մեքենայի միջից, արդեն Ծերեթելի խաչմերուկում։ Ընդ որում, երբ նման առաջարկը եղել է, մեքենան մի քանի անգամ տարբեր տեղերում կանգ է առել, մինչև Երրորդ մասից հասել են  Ծերեթելի, հետո հանկարծ Աշոտ Փաշինյանը դուրս է թռել մեքենայից։

-Ինչո՞ւ է Փաշինյանը ոչ թե հանգիստ դուրս եկել ավտոմեքենայից, այլ դուրս թռել ընթացքում։

— Դա , կներեք, իրեն պետք է հարցնել։ Գայանեի համար նա շատ անսպասելի է իջել մեքենայից։ Նրա համար զարմանալի է եղել, թե ինչու է Աշոտը դուրս նետել իրեն մեքենայից։

-Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ առևանգման մեղադրանքի մասին խոսեց, անգամ նշեց պատժաչափը՝ 4-8 տարի ազատազրկում։  Հնարավոր է, որ  նրա այս խոսքը ազդել է քննիչների վրա,  դ՞ա է պատճառը, որ նախաքննությունը կարճ տեւեց։

— Իհարկե, ազդել է։ Կարճ նախաքննությունը, Գայանեին կալանավորելը՝ այս ամենը  վկայում է այն մասին, որ այո՝ նախաքննական մարմինները գտնվել են գործադիր  մարմնի ղեկավարի ուղղակի ազդեցության տակ, կամ նրան են ենթարկվել։ Որևէ մեկը դրանում կասկածո՞ւմ է։

Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանի ցուցմունքն այլ է։ Ըստ դրա, երբ զոհվածի մայրը կրկնել է, որ «մենք գնում ենք Եռաբլուր» ինքը չի ցանկացել, որ գնան Եռաբլուր, ասել է Գայանեին այդ մասին, բայց մեքենան արդեն ընթացքի մեջ է եղել։

Սյուզան  Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest