Մայիսի 22-ի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Որպես պայման, նա Ադրբեջանին առաջարկեց ճանաչել Հայաստանի ամբողջականությունը, համաձայնվել Ղարաբաղի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների միջազգային երաշխիքներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի դելիմիտացիան սկսել 1975 թ․ խորհրդային քարտեզների հիման վրա։ Փաշինյանը նաեւ չբացառեց, որ ՀՀ-ն կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Այս հայտարարությունները ընդվզում առաջացրին Ստեփանակերտում. Արցախի Ազգային ժողովը որոշում ընդունեց, որ «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ՀՀ որոշումն առ ոչինչ է Արցախի համար», եւ Ստեփանակերտը չի շեղվի 1991 թ․ Անկախության հռչակագրից։
Սակայն հնչած հայտարարությունները, միջազգային եւ հատկապես Բաքվի ու Մոսկվայի արձագանքը մի շարք հարցեր են առաջացնում․ արդյո՞ք իրատեսական են Արցախի անվտանգության միջազգային մեխանիզմները, կհամաձայնի՞ Փաշինյանը ճանաչել Ադրբեջանի «ամբողջականությունն» առանց այդ պայմանի, Մոսկվան պատրա՞ստ է Արցախում եւ մնացյալ Հայաստանում իր տեղը զիջել միջազգային ուժերին։
Փաշինյանը արդարացնում է իր որոշումը «նախկինների» ստեղծած իրավա-քաղաքական խառնաշփոթով։
1989-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի վերամիավորման վերաբերյալ. 1990-ին Հայաստանն ընդունել է անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը, իսկ 1991-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը, ասում է Նիկոլ Փաշինյանը։
Խառնաշփոթն իրոք առկա է, բայց հստակության բացակայությունը նաեւ մանեւրի հնրավորություն է ստեղծում․ ելնելով սեփական նպատակադրությունից, կարելի է ընտրել ամենաշահավետ տարբերակը։ Սակայն բոլոր հնարավոր տարբերակներից Փաշինյանը ընտրում է ամենավատը, ելնելով իր նպատակներից։
Հենց դա է ստիպում կասկածել, որ Փաշինյանը մինչեւ վերջ կպնդի Արցախի ժողովրդի համար միջազգային երաշխիքները եւ մի պահ կրկին չի «վստահի» Պուտինին ու քաղաքակիրթ Ալիեւին՝ Արցախը, «անկլավները», Սյունիքը հանձնելով նրանց ողորմությանը։
Միջազգային երաշխավորների հարցը նաեւ աշխարհաքաղաքական ճեղքում է ենթադրում
Փաշինյանն ընդգծեց, որ երաշխավոր լինելն այսպիսի բարդ տարածաշրջանում մեծ պատասխանատվություն է, որը կարող է երկրների համար և հնարավորություններ, և ռիսկեր առաջացնել, կարող է հեղինակությունը բարձրացնել և լրջորեն վնասել:
Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը, պատասխանելով հարցին, թե ո՞ր երկիրն է պատրաստ տալ միջազգային այդ երաշխիքը, պատասխանել էր՝ նաև դրա շուրջ են բանակցությունները։ Մի շարք տարբերակներ կան, դա կարող է լինել առանձին երկիր, կամ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։
Զարմանալի զուգադիպությամբ այս օրերին Երեւանում էին գտնվում ԱՄՆ Պենտագոնի բարձրաստիճան գեներալներ, Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթը, որը հայտարարեց ՀՀ-ի հետ «ստրատեգիական երկխոսություն» սկսելու մասին, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին, քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ամբողջ իսրայելամետ մամուլը մի քանի օր առաջ խոսում էր, որ Հայաստանը Ֆրանսիայից զրահամեքենաներ է ստանալու, ասելով, որ չպետք է նման բան թույլ տալ, քանի որ այն կհասնի Ռուսաստանին։
Այդ ֆոնին Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը Հայաստանի օրակարգից դուրս չի եկել։ Նա նշեց, որ Հայաստանն այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռքբերելու հնարավորություն ուներ, սակայն ՀԱՊԿ անդամ լինելը փակել է այդ հնարավորությունները։
Հասկանալի է, թե ինչու է աղմկում Մոսկվան
Մոսկվայում գիտեն, որ այլեւս իրենք չեն լինի «միջազգային երաշխավորը» Արցախում եւ փորձում են մինչեւ վերջ հասցնել իրենց սեւ գործը։
Չնայած այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Լաչինի միջանցքը պետք է մնար ռուս խաղաղապահների հսկողության տակ, ցավոք, այժմ հնարավոր չէ արձանագրել, որ ՌԴ-ն վերահսկում է Լաչինի միջանցքը, հայտարարել է Արարատ Միրզոյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, որ Արցախում խոսում են էթնիկ զտումների վտանգի մասին, թեկուզ այնտեղ կան ռուս խաղաղապահներ։ «Նրանք հույս չունեն, որ իրենց կփրկեն։ Այլընտրանքը՝ միջազգային երաշխիքներն են», ասել է նա։
Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի ղեկավար Տիգրան Պետրոսյանը, պատմելով նորանշանակ գեներալ-գնդապետ Լենցովի՝ Բաքու կատարած այցի մասին, ասում է, որ դա ընդամենը աչքակապություն է։ «Գրեթե բոլոր արցախցիները վերադարձան Արցախ ոչ թե իշխանության կոչով, այլ ՌԴ նախագահ՝ Պուտինի խոսքերին, երաշխիքներին հավատալով։ Հետո հանձնվեց Խծաբերդն ու Հին Թաղերը, Փառուխն ու Քարագլուխը, հիմա էլ չեն խոչընդոտում Լաչինի միջանցքի արգելափակմանը, հսկիչ կետի տեղադրմանը։ Այս ամենը պարզ ցույց է տալիս, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարում իրենց վրա վերցրած պարտավորությունները», ասել է նա։
Տարածաշրջանի այն բնակիչներին, ովքեր կհրաժարվեն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել, արտաքսում է սպասվում։ Այս մասին «Говорит Москва ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Բաքուն զարմանալիորեն սառնասրտորեն է արձագանքել Փաշինյանի հայտարարություններին
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: