Շուշիի շրջանի չորս գյուղերը կես ամիս է արդեն երկկողմանի շրջափակված են։ Լիսագորի, Մեծ Շենի, Հին Շենի և Եղցահողի բնակիչներն ապրում են երկու կողմից զինված ադրբեջանցիներով շրջափակված։ Նրանք չեն կարողանում ո՛չ Ստեփանակերտ հասնել, ո՛չ՝ Գորիս։ Լիսագորցի Իրինա Բաբաջանյանը Forrighst.am-ի հետ զրույցում խնդիրների մի հսկայական շարք է թվարկում։

«Շատ վատ է, որ երկկողմանի շրջափակման մեջ ենք, բայց դա չի նշանակում, որ հույսներս կորցրել ենք։ Դժվար ենք տանում, բայց միաժամանակ զբաղվում ենք գյուղատնտեսական աշխատանքերով՝ կարտոֆիլ ենք ցանում, կառավարության կողմից օգնություն ենք ստացել, որի համար շատ շնորհակալ ենք։ Ապրում ենք․ դպրոցը, մշակույթի տունը, գյուղապետարանը, բուժկետը գործում են, բոլորն իրենց առօրյա հոգսերով ապրում են»,-ասում է նա։

Ադրբեջանական կողմը Արցախը Հայաստանին կարող կենսական նշանակություն ունեցող միակ ճանապարհին՝ Լաչինի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջին ապրիլի 23-ից անցակետ է տեղադրել ու զինված սահմանապահներ կանգնացրել, որ Արցախ եկող-գնացողներին վերահսկեն։ «Մեր մտքով չի էլ անցնում, որ պետք է գնանք այդ անցակետով անցնենք»,-ասում է Իրինա Բաբաջանյանն ու շարունակում․ «30 տարի արդեն ապրում ենք Լիսագորում, համախմբված ապրում ենք, մեկ կտոր հացը իրար հետ կիսում ենք»։

Արցախցի կինը նշում է, բայց պետք է նաև այդ մեկ կտոր հացն էլ լինի, որ կիսեն ու կարողանան դիմակայել Ադրբեջանի ֆասշիստական գործողություններին։ Լիսագորի միակ խանութում էլ ապրանք չի մնացել։

«Գյուղում խանութ ունենք, ապրանքը վերջացել է։ Մինչև շրջափակումը Ստեփանակերտից էինք բերում, հետո՝ Գորիսից, հիմա քանի որ երկկողմանի փակ են ճանապարհները, խանութում էլ ապրանք չկա։ Կառավարությունը մի քանի օր առաջ մեզ ուտելիք է տրամադրել՝ ալյուր, ձեթ, տոմատ, վերմիշել, լվացքի պարագաներ, ինչ ունենք դրանով ենք յոլա գնում»,-ասում է տիկին Իրինան և հույս հայտնում, որ օգնությունը շարունակական կլինի՝ մինչև խնդիրները կարգավորվեն։

Մարդու հիմնարար իրավուքները ոտնահարող ադրբեջանցիներով շրջափակված լիսագորցի Իրինա Բաբջանյանը մի լուսավոր կետ է խնդրում՝ ուզում է, որ գոնե գյուղից կարողանան մայրաքաղաք Ստեփանակերտ հասնելու հնարավորություն ունենան։

«Գոնե Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, որ մեր կյանքը հեշտ լինի՝ հիվանդանոցի հետ կապ լինի։ Մեկի աշխատավարձի քարտի ժամկետն է անցել, հեսա հեռախոս, լույս պետք է մուծել։ Գյուղում նույնիսկ հղի ունենք, որը պետք է գնա հիվանդանոց, վատ է զգում իրեն, որևէ ելք չենք կարողանում գտնել։ Կրամիր Խաչն էլ չի գալիս, բանակցում են, անկապ կարգավիճակով ապրում ենք։  Գոնե լուսավոր մի կետ ունենանք՝ մինչև տեսնենք, թե ինչ է լինելու։ Մտածում ենք, որ լավ է լինելու»,-ասաց նա։

Դեռ կիրակի օրը Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտնեց, որ Հակարի կամուրջը բացելու վերաբերյալ Բաքվում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ալեքսանդր Լենցովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքրի Հասանովի բանակություններն արդյունք չեն տվել։ Պետնախարարը հայտնել էր, որ նոր բանակցություններ են լինելու՝ չհստակեցնելով ժամկետները։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest