Հարգելի ընթերցող,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության (ԽԵ) «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախաձեռնության շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խմբի միջանկյալ զեկույցը`«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի» (այսուհետ` ծրագիր) շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Շուրջ 10 տարի «ԽԵ»-ն իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների՝ որպես արժեք ձեւավորմանն ու զանազան խոցելի խմբերի շահերի եւ իրավունքների պաշտպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր եւ նախաձեռնություններ։ Ստեղծման օրից կազմակերպության ռազմավարական նպատակներից են եղել.
- պրոակտիվ քաղաքացիական, իրավապաշտպանական եւ խաղաղասիրական ներուժի զարգացումը,
- մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը,
- պետական մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացների վրա քաղաքացիական վերահսկողության սահմանումը, եւ այլն:
Կազմակերպության առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, քանի որ այս ոլորտի նկատմամբ քաղաքացիական հասարակության կողմից վերահսկողություն իրականացնելու մեխանիզմների բացակայության պարագայում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարման վտանգները չափազանց մեծ են: Ելնելով վերոնշյալից՝ այս ոլորտում կազմակերպության նախաձեռնությունների զգալի մասն ուղղված է մարդու իրավունքների մշտադիտարկման միջոցով հանրային քաղաքականության մշակման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը:
2018 թ. սեպտեմբերին «ԽԵ»-ն նախաձեռնեց «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագիծը: Վերջինս քաղաքացիական հասարակության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ՊՆ գործունեության մշտադիտարկում իրականացնելու համար արդյունավետ մեխանիզմներ մշակելու նպատակ է հետապնդում:
Նախագծի շրջանակներում նախատեսված է.
- Ստեղծել անկախ մշտադիտարկման խումբ ՄԻՊ գործողությունների ծրագրի շրջանակներում ՊՆ-ի կողմից իրականացվող միջոցառումների շարունակական մշտադիտարկում իրականացնելու համար,
- Մշտական տեխնիկական եւ մեթոդական աջակցություն ցուցաբերել մոնիտորինգի խմբի արդյունավետ գործունեության համար,
- Ապահովել անընդհատ եւ հետեւողական օգնություն քաղաքացիներին, որոնց իրավունքները խախտվել են զինվորական ծառայության ընթացքում,
- Բարձրացնել ՀՀ ՊՆ պաշտոնյաների, խորհրդարանի անդամների, ՀՀ քաղաքացիների եւ համապատասխան միջազգային դերակատարների իրազեկվածությունը ՄԻՊ գործողությունների ծրագրի հաջողությունների եւ ձախողումների վերաբերյալ եւ առաջարկություններ ներկայացնել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների գործողությունները առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ 2017 թվականի մայիսի 4-ին ընդունված կառավարության N 483-Ն որոշմամբ հաստատվել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը»:
Այն սահմանում է թվով 96 գործողություն, որոնցից յուրաքանչյուրի համար նշված են իրականացման ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքներն ու պատասխանատու մարմինները:
Ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից:
Ըստ հայեցակարգի`յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո, 5-օրյա ժամկետում, պատասխանատու մարմինները ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացնում գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում նախատեսված գործողությունների կատարման ընթացքի մասին, իսկ համակարգող խորհուրդը յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպում է քննարկումներ, որոնց ընթացքում ներկայացվում են գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները:
Հայեցակարգով նախատեսված է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպում՝ նպատակ ունենալով հարթակ ձեւավորել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար:
Մշտադիտարկման խմբի մասին
«Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագծի շրջանակներում ձեւավորված մշտադիտարկող խումբը բաղկացած է յոթ հոգուց` իրավապաշտպան եւ լրատվական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Խմբի անդամներն են (ըստ այբբենական հերթականության)`
- Անի Սարգսյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հկ մասնաճյուղ, Կապանի քաղաքացիական երիտասարդական կենտրոն,
- Անուշ Հակոբյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ,
- Էդուարդ Դանիելյան, «Սոցիոսկոպ» հկ,
- Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ,
- Մանե Գրիգորյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
- Շահանե Խաչատրյան, «Անկախ լրագրողների ցանց» հկ,
- Ռուբեն Մարտիրոսյան, «Խաղաղության երկխոսություն» հկ
Խմբի փորձագետներն են`
- Արթուր Սուքիասյան, փաստաբան,
- Դիանա Տեր-Ստեփանյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ, հետազոտությունների համակարգող,
- Մուշեղ Շուշանյան, փաստաբան
Նախագծի տնօրեն`
- Էդգար Խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» հկ,
Ծրագրի համակարգող`
- Մարիաննա Խաժակյան, «Խաղաղության երկխոսություն» հկ
Մշտադիտարկման մեթոդաբանությունը
Ելնելով «Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործում» նախագծի տրամաբանությունից, խմբի կողմից իրականցվող մշտադիտարկումը նպատակ ունի ուսումնասիրել եւ վերհանել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՄԻՊ ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում ընդունված իրավական կարգավորումներում եւ իրավակիրառ պրակտիկայում առկա բացթողումները եւ մշակել բացահայտված թերությունների վերացմանն ուղղված առաջարկությունների փաթեթ:
Զեկույցում ընդգրկվել են ծրագրում ներառված այն միջոցառումների ուսումնասիրության տվյալները, որոնց իրականացման համար կառավարության կողմից վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ 2018թ.-ի չորրորդ եռամսյակը: Զեկույցի պատրաստման ընթացքում մշտադիտարկող խմբի կողմից ուսումնասիրվել են 2017 թվականի մայիսի 4-ին ընդունված կառավարության N 483-Ն որոշմամբ սահմանված թիվ 28, 29, 30, 31, 32 եւ 34 գործողությունները:
Ուսումնասիրություններն իրականացվել են երեք հիմնական ուղղություններով`
- Փաստաթղթերի վերլուծություն. ուսումնասիրվել են «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրավոր հարցումների վերաբերյալ ստացված պատասխան գրությունները.
- Իրավական վերլուծություն. ուսումնասիրվել են ՊՆ-ի կողմից վկայակոչված իրավակարգավորումները եւ ոլորտը կարգավորող այլ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը.
- Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն. ուսումնասիրվել է ոլորտը կարգավորող օրենսդրության պրակտիկ կիրառումը վկայակոչված նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների սուբյեկտների նկատմամբ:
Մշտադիտարկման ընթացքում տեղեկությունների հավաքագրումն իրականացվել է երկու հիմնական մեթոդներով.
- «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրավոր հարցումների վերաբերյալ ստացված պատասխան գրությունների եւ այդ գրություններում վկայակոչվող իրավական նորմերի, ինչպես նաեւ այլ իրավական ակտերի վերլուծություն,
- Ստանդարտացված հարցազրույցների իրականացում` վկայակոչված նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների սուբյեկտների հետ.(տվյալ զեկույցի համատեքստում իրավահարաբերությունների սուբյեկտ են հանդիսացել, օրինակ, զորակոչիկները)։
ՄԻՊ ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում մշակված իրավական ակտերի պրակտիկ կիրառումն ուսումնասիրելու նպատակով նշված նորմերով կարգավորվող իրավահարաբերությունների սուբյեկտների հետ անցկացվող հարցումների համար ընտրությունն իրականացվել է ձնակույտի մեթոդով: Ներկայացուցչական ընտրանքի անհնարինությունը պայմանավորված է ոլորտի առանձնահատկություններով, քանի որ ոլորտում առկա են տեղեկատվության գաղտնիության հետ կապված որոշակի սահմանափակումներ: Ելնելով վերոնշյալից՝ ծրագրում տեղ գտած որոշ գործողությունների ուսումնասիրության նպատակով իրականացվել են հարցումներ թվով 100 զորակոչիկների եւ նրանց ընտանիքների անդամների շրջանում, որոնց հետ խմբի անդամներին հաջողվել է հանդիպել ձմեռային զորակոչի ընթացքում` զինկոմիսարիատներում, բժշկական հետազոտություն իրականացնող հիմնարկներում, և այլն:
Մշտադիտարկումն իրականացնելու համար, մարդկային ռեսուրսների սղության պատճառով, ուսումնասիրություններն իրականացվել են Լոռու, Սյունիքի մարզերի եւ Երեւան քաղաքի կտրվածքով, իմա՝ ընտրվել է մեկ հարավային, մեկ հյուսիսային մարզ եւ մայրաքաղաքը: Ընտրությունը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ ՄԻՊ ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող մի շարք միջոցառումներ ենթադրում են մշտադիտարկումներ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում, որոնք տեղակայված են հենց նշված մարզերի մարզկենտրոններում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: