Երևանի ավագանու նախկին «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանը համարում է, որ Օպերային հարակից սրճարանների քանդման որոշումը ճիշտ է և այն վաղուց պետք է լիներ, սակայն նախկին իշխանության մոտ այդ քաղաքական կամքը չկար: Ուստի Երևանի նախկին ավագանին ուրախ է, որ այդ գործընթացը սկսվել է, և հույս ունի, որ այն չի վերաբերի միայն Օպերայի շրջակա սրճարաններին:
«Փառք Աստծո, հիմա կա այդ կամքը՝ հանրային տարածքները ծառայեցնել կանաչապատման նպատակներին»,-ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ նորմալ է համարում դրա իրականացման գործընթացը, անգամ չնայած ոստիկանների ու ցուցարարների միջև եղած քաշքշուկին:
«Քաղաքապետն իր ասուլիսում ասաց, որ այդ սրճարանների հետ պայմանագրերի ժամկետը լրացել է և դրա համար իրենք որևէ օրենք չեն խախտել: Աշխատակիցները մեկ ամիս իմացել են, որ դա լինելու է, կարող էին այլ տեղ էլ փնտրել աշխատատեղ: Հետևաբար էդտեղ չեմ տեսնում ոչ մի լուրջ խախտում»,-նշեց Բախշյանը:
Նա նաև նորմալ է գնահատում ոստիկանության գործողությունները. «Նույնիսկ մեկը, ով քաղաքացու վրա ձեռք էր բարձրացրել, նրա լիազորությունները դադարեցվեցին, ո՞վ էր տեսել Հայաստանում նման բան»:
Նշենք, որ ոստիկանության գործողություններից տուժած կինը տեղափոխվել էր հիվանդանոց: Քաշքշուկի արդյունքում տուժել էին նաև երկու ոստիկաններ:
«Լավ չի, որ մարդիկ աշխատանքը կորցրեցին, բայց իրենց աշխատատեղը մեր քաղաքի թթվածնի, կանաչի հաշվին չի կարող լինել: Մեր ժողովրդի, նաև իրենց առողջության հաշվին չի կարող լինել: Իրենց առողջությունն էլ է պաշտպանվում էս քայլերով»,-հայտարարեց Բաշխյանը: Նրա խոսքով՝ հասարակությունը պահանջում է գործող իշխանությունից խոստումների կատարում, իսկ իշխանությունը խոստացել է կանաչապատել Երևանը:
«Անխիղճ մարդիկ խլել են մեզանից մեր առողջությունը, չէր կարող էսպես շարունակվել, էնպես որ ես լիարժեք ողջունում եմ էս քայլերը»,-ասաց ավագանու նախկին անդամը:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս կարծում է, որ սրճարանների ապամոնտաժման որոշումը ճիշտ և տեղին որոշում էր: «Բնական է, որ սրճարանատերերը պետք է համաձայն չլինեին էդ որոշման հետ, բայց անբնական է, որ նրանք փորձում էին դիմադրել»,-նշեց իրավապաշտպանը:
Ոստիկանների գործողությունների հետ կապված իրավապաշտպանը նշեց, որ ոստիկանները նույն մարդիկ են, նույն մտածողությունը դեռ շարունակում է գործել, սակայն տեղին չի համեմատության եզրեր փնտրել նախկինի և ներկայի միջև.
«Մի կարևոր հանգամանք կա. երկու ոստիկան էր տուժել և մեկ քաղաքացի: Սա նույնպես նորություն է մեզանում, որովհետև առաջ տուժող ոստիկանի մասին մենք չէինք լսում, տեղյակ էինք լինում, թե քաղաքացիներն ինչպես են տուժել»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այն, որ քաշքշուկի ժամանակ քաղաքացու հանդեպ բիրտ ուժ կիրառած ոստիկանի լիազորությունը կասեցված է և քննություն է գնալու, դա նույնպես նորություն է մեզ համար:
«Իհարկե շատ լավ կլիներ, որ նախկինի հետ համեմատության եզրեր անգամ չլիեին, բայց դրական փոփոխություններ տեսնում եմ»,-նշեց իրավապաշտպանը: Նրա խոսքով՝ գործազրկությունը լուրջ խնդիր է Հայաստանում, բայց դա չպետք է պատճառ հանդիսանա, որ մենք, օրինակ, Օպերայի շրջակայքում հանդուրժենք էդ սրճարանները կամ Օղակաձև զբոսայգում:
«Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հույս ունի, որ Երևանի քաղաքապետարանը սկզբունքային կգտնվի և բոլոր կանաչ տարածքների շինությունները կապամոնտաժվեն և կկանաչապատվեն։
«Բա Հրազդանի ձո՞րը։ Թերևս երևանցիների ամենասիրելի վայրը, որ և Երևանում էր և կարծես Երևանից դուրս, վայրի բնության մեջ։ Ուստի հարց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին և առաջին հերթին Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին․Ապամոնտաժվելու ե՞ն, արդյոք Հրազդանի ձորի ռեստորանները, այդ թվում Վիկտոր Մնացականյանի ընտանիքին պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Իշխանյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիան ինքնաբուխ էր, ցուցարարներն իրենց ձայնը տեղ հասցնելու համար կարող էին 6 ժամ փողոցը փակել՝ ըստ միջազգային օրենսդրության, այնպես որ, ասել, որ փողոցը նրանց կողմից փակելը եղել է ոչ օրինաչափ, սխալ է։
Այս մասին նա ասել է «Բողոքի ակցիա Երևանի կենտրոնում․ ինչպե՞ս լուծել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները» թեմայով քննարկման ժամանակ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի խոսքով՝ «երբ ասում են, որ ոստիկանների կողմից բերման է ենթարկվել 22 քաղաքացի ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար, այդ օրինական պահանջների մասին խոսք գնալ չի կարող։
«Ոստիկանության գործողությունները փողոցը բացելու ուղղությամբ իրավաչափ չէին, նրանք առնվազն պետք է 6 ժամ սպասեին»,-ընդգծեց Իշխանյանը։
Անդրադառնալով քաղաքացիներին բերման ենթարկելու ձևերին՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ոստիկանների կողմից վայրենի գործողություններ տեղի չեն ունեցել.
«Փողոցի բացման գործողությունները իրավաչափ չէին, բայց ուժի կիրառոումը եղել է ոչ շատ բիրտ»։
Մարինե Խառատյան
Հ.Գ. Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատախազությունը քրգործ է հարուցել մի քաղաքացու դեմ՝ երեկ Ազատության հրապարակում ոստիկանի հանդեպ բռնություն կիրառելու առթիվ: Քրգործը հարուցվել է ՀՀ ՔՕ-֊ի 316-֊րդ հոդվածի 1-֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-֊ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: