«Կարմիր գծերի վճարը հակասահմանադրական է, կոչ ենք անում քաղաքացիներին չվճարել»: Այս մասին այսօր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի կողմից
«Կարմիր գծերը վճարովի կայանատեղեր են, թե՞…» թեմայի քննարկման ժամանակ ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիայի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ով տարօրինակ համարեց այն փաստը, որ Քաղաքապետարանից և այլ գերատեշչությունների աշխատակիցները հրաժարվել են հանրային քննարկմանը մասնակցելուց, թեև նախապես՝ 1 շաբաթ առաջ հրավեր են ուղարկել: Նա անդրադարձավ կարմիր գծերի թեմային և նկատեց, նախորդ իշխանությունների ժամանակից դեռ բարձրացնում էին այդ խնդիրը:
Մինչ թեմայի ներկայացումը «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված պատասխանները՝ նախօրոք ուղարկված հարցման.
- Երևան քաղաքում գործում է մոտ 6600 ավտոկայանատեղի,
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված իրավախախտում կատարելու փաստով 2018 թվականի ընթացքում կազմվել է 67.615 արձանագրություն,
- 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ի կողմից հարուցվել է շուրջ 22455 գործ (այսինքն կազմված արձանագրությունների 33,2 %-ի դեպքում),
- 2018 թվականի ընթացքում շուրջ 1400 որոշում ճանաչվել է անվավեր`
- դատական կագով, իսկ 4400 որոշում՝ դիմում-բողոքների հիման վրա: Փաստորեն կազմված արձանագրությունների ավելի քան 9 %-ը ճանաչվել են անվավեր:
«Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ բազմաթիվ վարորդներ չունեն բողոքելու սովորություն, իրենց իրավական գիտելիքների ոչ բավարար մակարդակի եւ քաշքշուկներից խուսափելու պատճառով պարզապես խուսափում են բողոքարկել այդ արձանագրությունները, ապա պարզ կդառնա իրերի իրական վիճակը»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքով՝ Երևան քաղաքի փողոցների կարմիր գույնով գծանշումով տարածքներն իրականում չեն հանդիսանում ավտոկայանատեղի, այլ՝ ճանապարհի երթևեկելի մասի հատված են, որտեղ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն, ինչպես մինչ այսպիսի կայանատեղիների ձևական կազմակերպումն, այնպես էլ դրանից հետո՝ թույլատրված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը.
«Հետևաբար Երևան քաղաքի փողոցների երթևեկելի մասերի 1-ին գծերում կարմիր գույնով գծանշումը եւ որոշ տեղերում տեսախցիկների առկայությունը բավարար հիմք չեն այդ տարածքները վճարովի ավտոկայանտեղի համարեելու և դրա դիմաց վճարներ գանձելու համար»,-ասաց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահը:
Բանախոսը համարում է, որ Երևան քաղաքի փողոցների կարմիր գույնով գծանշումով տարածքները լրացուցիչ ծանրաբեռնվածություն են առաջացրել բակային, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքներում, դրանք առավել անհասանելի դարձելով քաղաքացիների համար:
«Քաղաքացի, հարկատու-բիզնես իրավապաշտպան» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանն ընդհանուր իրենց դիրքորոշումը հայտնեց կարմիր գծերի մասին.
«Բուն խնդիրը հետևյալն է, որ կարմիր գծերը պետք է վերացվեն՝ անկախ նրանից, թե կկիրառվի օրինական, թե ոչ օրինական վարչարարություն, բայց միևնույն է կարմիր գծերը պետք է վերացվեն, քանի որ դրանք անհիմն են»,- ասաց բանախոսը անդրադառնալով կարմիր գծերի նպատակին, որ դա եղել է Կենտրոնի բեռնաթափումը, սակայն, այնուամենայնիվ վճարովի կայանատեղերն այդ խնդիրը չեն լուծել
Հավելենք, որ հանրային քննարկման ավարտին ներկանների հետ համատեղ առաջարկությունների փաթեթ մշակվեց, որը առաջիկայում կներկայացվի քաղաքապետարան:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: