«Ես եկող-գնացող չունեմ, ընտանիք չունեմ, էդ իրենց տված «ինվալիդի» թոշակով եմ ապրում: Էս ամեն ինչից ես նենց հոգնած եմ, որ կարելի ա ասել՝ կյանքից էլ եմ զզված…»,- Forrights-ի հետ զրույցում ասում է ցմահ դատապարտյալ Արթուր Անդրեասյանը: 15 տարի է՝ անազատության մեջ է, մենք նրա առաջին «հյուրերն» էինք:
«40 օր հացադուլի մեջ եմ եղել ու ինսուլտ ստացել՝ երևի սովից ու էդ ապրումներից…»
2004թ. Արթուրն անժամկետ հացադուլ է հայտարարում. նման ծայրահեղ քայլով նա արդար դատաքննություն է պահանջում, սակայն՝ անուշադրության է մատնվում:
«Քննիչը ասել էր, թե մտել ա «Նուբարաշեն» ու ինձանից ցուցմունք ա վերցրել, բայց սուտ, իմ մոտ մարդ չի մտել: Ես եկա դատարանում իմացա, որ նման բաներ ա հայտարարել քննիչը, դատավորին ասում եմ՝ սուտ ա, եթե նման բան ա եղել, թող քննիչը գա դատարան ու Ձեր մոտ հայտարարի, որ ես ցուցմունք եմ տվել, ստորագրել եմ: Բայց դատավորը բանի տեղ չի դնում, ասում ա՝ չէ որ չէ, դու ես եղել ու վերջ»,- Forrights-ի հետ զրույցում պատմեց դատապարտյալը:
Արթուրը սրտի շրջանում դանակով վնասվածք է ունեցել, որը քննիչները վերագրել էին, իբրև կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել, որ խուսափի պատժի կրումից, սակայն Արթուրը կտրականապես հերքում էր ինքնավնասման վարկածը: Նա հրաժարվեց խոսել բանտում հայտնվելու պատճառների մասին, փոքրիկ դրվագ հիշելիս անգամ խիստ հուզվում էր։
«Դատավորն ասում էր՝ դու ես արել, թե դու չես արել, մեկ ա քո վրա ա»:
Իրավաբանական խորհրդատվություն ոչ ոքից չի կարողացել ստանալ, փաստաբանի ծառայությունից օգտվել չի կարողացել, քանի որ ֆինանսական վիճակը թույլ չի տվել, ինչի հետևանքով էլ «գործի քննությունը ոնց ուզել, այդպես տարել են»:
«Ես հացադուլ հայտարարեցի ի նշան բողոքի, որ սխալ դատավարություն ա գնում: Էդ 40 օրում ոչ մի ստուգում կամ այցելություն չի եղել: Ոնց որ մենք հեչ, գալադովկա՞ ես, ուրեմն մնա գալադովկա: Չեմ հիշում, թե հացադուլից ոնց եմ դուրս եկել: 40 օր հացադուլի մեջ եմ եղել ու ինսուլտ ստացել՝ երևի սովից ու էդ ապրումներից: Աչքերս բացել եմ, տեսել եմ «Նուբարաշեն»-ի հիվանդանոցում եմ արդեն»:
«Նախընտրում եմ դուրս չգալ ու ոչ ոքի նեղություն չտալ»
Այսօր Արթուրը դժվարությամբ է քայլում, գրեթե մշտապես նստած վիճակում է, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է խնդրում խցակցին՝ իրեն օգնել այս կամ այն գործողությունն անել: Մինչև ուղեղի կաթված ստանալը լիովին առողջ Արթուրն այսօր անգամ չի կարողանում օգտվել իրեն հասանելիք զբոսանքի հնարավորությունից:: Պատճառաբանում է՝ նեղվում է իր այս վիճակից.
«Ես եմ նեղվում, որ խցակիցս գալիս ձեռքս բռնում ա, որ հաց ուտեմ կամ ամանս վերցնեմ սեղանից: Ինձ սահմանված զբոսանքից չեմ օգտվում, քանի որ չեմ կարողանում քայլել: Լավ, տարվա մեջ մի անգամ ասեմ խցակցիս, որ օգնի վեր կենամ, հասնեմ նստարանին ու նստեմ, բայց անընդհատ հո չեմ կարող ասել: Դրա համար նախընտրում եմ դուրս չգալ ու ոչ ոքի նեղություն չտալ»:
45-ամյա Արթուրը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հայտնվել է միայն մեկ անգամ: Դատապարտյալը դժգոհում է՝ որևէ բուժում չի ստացել, բժիշկներն օրվա մեջ միայն մեկ անգամ են այցելել իրեն, հարցրել՝ «ո՞նց ես, լա՞վ ես» ու հեռացել: Քրեակատարողական հիմնարկում էլ պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում, այնինչ հիմնարկի պետը և պետի տեղակալը հակադարձում են.
«Դատապարտյալը հետինսուլտային վիճակի մեջ է գտնվում և այս պահին դինամիկ հսկողության տակ է: Այս տարի ևս նրա նկատմամբ հետազոտություն է իրականացվել, խոսքը ոչ թե վիրահատական միջամտության մասին է, այլ պարբերաբար ստուգումների, որոնք պատշաճ ձևով տրամադրվում են»,- Forrights-ի հետ զրույցում նշեց «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալը:
«Ինսուլտ տարած մարդ եմ, ասում են՝ թղթերով առողջ ես»
Հաշմանդամության համար տրամադրվող թոշակներից Արթուրը ստացել է 15 հազար դրամ, հետո՝ 19.000, այս պահին նրան հատկացվում է թոշակ՝ 25000 ՀՀ դրամի չափով: Արթուրը պարբերաբար բժշկական փորձաքննության է ենթարկվել, սակայն 2017թ դեկտեմբերից մինչև 2018թ սեպտեմբեր՝ 9 ամիս, ոչ փորձաքննության է տարվել, ոչ էլ՝ թոշակ ստացել.
««Նուբարաշեն»-ի պետը՝ Նավասարդյանը, էդ ժամանակ կանչեց իրա մոտ, ասեց՝ հեսա քեզ կտանենք ստուգումների ու թոշակդ էլի կստանաս: Խոստացավ, որ էդ 9 ամսվանն էլ կստանամ: Եկավ փորձաքննության օրը, պարզվեց ես ոչ մի հիվանդություն չունեմ: Ասում ա՝ լիովին առողջ ես: Էն որ ռեալ երևում ա, որ ինսուլտ ստացած մարդ եմ, ասում ա՝ թղթերով առողջ ես: Պարզվում ա, գլխավոր բժիշկը թղթերս եսիմ ինչ ա արել, կորցրել ա սաղ»:
Միայն ամիսներ անց է Անդրեասյանը կարողանում ստանալ իրեն հասանելիք գումարը, սակայն՝ կրկին ոչ ամբողջությամբ՝ 6 ամսվա թոշակը մինչ օրս չեն տվել: Նրան տրամադրված փաստաթղթում, սակայն նշված է՝ 9 ամսվա թոշակի գումարն ամբողջովին փոխանցված է.
«Ախր ես ինսուլտ տարած մարդ եմ, հիվանդ եմ, ոչ այցելող ունեմ, ոչ օգնող, ոչ էլ նորմալ բժշկական օգնություն եմ ստանում: Ինձ իմ հասանելիք գումարն ա պետք ընդամենը, որ դիետիկ սննդիս ծախսերը հոգամ, էդ էլ նորմալ չեն տալիս»,- ասում է Արթուրը:
«Արմավիր» ՔԿՀ-ն մեզ տեղեկացրեց, որ «դիետիկ» համարվող սնունդն իրականում հավելյալ սնունդն է, որն իր մեջ ներառում է ձու, կարագ, կաթ և այլն: Ըստ ՔԿՀ-ի պետի տեղակալի, ինչպես նախորդ ամիս, այնպես էլ մարտ ամսին, Արթուր Անդրեասյանն ընդգրկված է հավելյալ սնունդ ստացողների ցուցակում:
Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու մասին Արթուր Անդրեասյանը մինչ մեր հարցը չէր մտածել: Կարճ ժամանակ մտորելուց հետո, պատասխանեց.
«Բոլորն էլ կուզեն ազատության մեջ լինեն, ազատությունը լավ բան ա…»
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: