«Ջանսաղություն առանց սահմանների»
Ապրիլի 12-ի հարց ու պատախանը Ազգային ժողովում վեր է ածվել Նիկոլ Փաշինյանի մեղքերի ինքնախոստովության։ Թեկուզ միտքն ուրիշ էր՝ մեղադրել Սերժ Սարգսյանին, սակայն ընթացքում Փաշինկանը, փաստորեն, խոստովանեց, որ 5 տարում գտեթե ոչինչ չի ստացվել։ Նա խոսել է միայն տնտեսական որոշ ձեռքբերումների մասին, հայտարարելով, որ այլեւս կառավարությունն ամենահարուստ սուբյեկտն է Հայաստանում։ Մնացյալում ամեն ինչ հարթ չէ։
Հաջողության չհասած լուզեր-կառավարությունը սովորաբար հրաժարական է տալիս եւ պատասխանատվության ենթարկվում։ Բայց ժողովրդավար Հայաստանում այդպես չէ։ Կառավարության ղեկավարը բաց տեքստով խոստովանում է, որ չի կատարում իր սահմանադրական պարտականություններն ու նախընտրական ծրագիրը, սակայն դա չի առաջացնում քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։
Մի քանի օրինակ․
Խոսելով բիզնեսի մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ամեն օր ահազանգեր են ստանում, սակայն երբեմն իրավիճակը բարելավելու կառավարության մղումը բերում է վիճակն ավելի վատացնելուն. «Բյուրոկրատական հիվանդությունները բուժելու համար մենք պրոֆեսիոնալ կարողությունների պակաս ունենք: Սա էլ գալիս է նրանից, որ էն մարդիկ, որոնք բարձր պրոֆեսիոնալ են, չեն գալիս մեզ մոտ աշխատելու»,-ասաց Փաշինյանը։
Նա պնդեց, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ինչը չի նշանակում, որ կոռուպցիոն երեւույթներ չկան:
Փաշինյանը նաեւ խոստովանեց, որ Տեղ գյուղի դեպքերը ձախողման արդյունք են․ «Սրանք կոնկրետ այն իրավիճակային դեպքերից են, որ կանխատեսելի էր, և այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարականներ տվել, խնդիրներ առաջադրել, որոնց կատարումը ձախողվել է»։
Խոսելով գերիների հարցի մասին, նա ասել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը, «այդ թվում գերեվարված եղբայրների ընտանիքների հոգսերը ինչ-որ ձեւով թեթեւացնելու համար: Բայց քանի դեռ տղաները չեն վերադարձել, կարող ենք ասել, որ մեր աշխատանքը չենք հաջողել իրականացնել»:
Բայց ամենակարեւրը՝ Փաշինյանը, փնովելով «մադրիդյան սկզբունքները», փաստորեն հայտարարեց Արցախի խնդրում իր կառավարության լրջագույն ձախողման մասին։
«Մինչեւ մադրիդյան սկզբունքները հայկական կողմերի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքն ու անկախացել ԽՍՀՄ-ից: 2007-ին ի հայտ եկան մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը ինչ-որ մի մեխանիզմով, եւ այդ մեխանիզմը, ըստ էության, պետք է համաձայնեցված լինի նաեւ Ադրբեջանի կողմից:
Ընդ որում, ըստ հավաստի տեղեկությունների, այդ սկզբունքների հեղինակը հենց հայկական կողմն է եղել»,-ասաց Փաշինյանը:
«Սա մեր մեծագույն բացթողումն է, որ մենք հենց 2018-ից այս ամենով հանդես չենք եկել եւ մեր ժողովրդին չենք բացատրել: Մենք մտածել ենք, որ ինչ-որ ձեւերով այս թակարդից կարող ենք դուրս գալ կամ գոնե մեր պարտքն է մեզնից կախվածն անել այդ թակարդից դուրս գալու համար: Բայց քանի որ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված էր, մենք դա չկարողացանք անել»,-ընդգծեց Փաշինյանը:
Եւ վերջում, խոսելով իր անհաջողությունների պատճառների մասին, Փաշինյանը կրկին հայտարարում է հայոց բանակում ինչ-որ շարասյունների մասին, եւս մի ձախողման ինքնախոստովանություն անելով․ ոչ 44-օրյա պատերազմի ժամանակ, ոչ դրանից հետո նա չի կարողացել վերահսկել բանակի գործողությունները եւ թույլ է տվել այլ երկրների գործակալներին ղեկավարել զինված ուժերը։
Փաշինյանը չբացառեց, որ Զինված ուժերում հնարավոր է լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իրականում աշխատում են օտար երկրների համար որպես լրտեսներ։
«Երկու օր առաջ մի ռեպորտաժ էի դիտում, ասվում էր, որ ադրբեջաանական կողմը գրավել է բարձունք, հայկական կողմը հակագրոհել է եւ հետ գրավել, մեղադրվող բարձրաստիճան զինվորականը, իր լիազորությունները զանցառելով, ասել է՝ հետ իջեք գրաված բարձունքից», խոստովանելով, որ տեղեկությունները ստանում է հեռուստատեսությունից։
«Նման իրավիճակներ շատ են եղել։ Օրինակ՝ բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում եւ հանձնարարում է իր ենթակային՝ գնա խուճապ տարածի, որ բոլորը գնան դիրքերից։ Կամ պայմաններ է ապահովում, որ հակառակորդն առանց որեւէ բարդության գրավի տարածքներ։ Կարող է ուրիշ երկրի հավաքագրված գործակալներ են։ Ինքը պետք է վերեւից հրաման ստացած լինի, ես պետք է հրամանը տված լինեմ, չեմ տվել, ուրեմն՝ ինքն ուրիշ վերեւ ունի, ստացել է, արել է»։
Փաշինյանը չխոստովանեց, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելու որեւէ իրավական հիմք չուներ, որ «խաղաղ օրակարգը», որն հայկական հողերի հանձնման է վերածվել, Սահմանադրության խախտում է։ Բայց ի՞նչ է Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը՝ «ջանսաղություն առանց սահմանների» քաղաքականության ադեպտների համար։
Նաիրա Հայրումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: