Ապրիլի 3-ին հրապարակվել է Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի հինգ մանդատակիրների կողմից Ադրբեջանի կառավարությանն ուղղված դիմումը, որում կոչ է արվում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու համար Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները, մասնավորապես, նշում են, որ Լաչինի միջանցքը միակ ուղին է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ և ունի խոշոր հումանիտար նշանակություն։ Շրջափակումը խափանել է պարենի, դեղորայքի, վառելիքի և այլ կենսական ապրանքների առաքումը Լեռնային Ղարաբաղի շուրջ 120.000 բնակչությանը։ Հումանիտար իրավիճակը վատթարացել է գազի մատակարարման պարբերական ընդհատումներով, ինչը խաթարել է բժշկական հաստատությունների աշխատանքը, փակվել են կրթական հաստատությունները։
Հատուկ մանդատկիրները խիստ մտահոգություն են արտահայտում, որ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարի շարունակական արգելափակումը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ բնակչության համար և խախտել նրանց իրավունքները։
Հաղորդագրությունն ուղարկվել է ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողի, Ֆիզիկական և հոգեկան առողջության ամենաբարձր հասանելի չափանիշներից օգտվելու իրավունքի հարցով հատուկ զեկուցողի և Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետի անունից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: