15 տարի առաջ, գարնան առաջին օրը երևանցիներն արթնացան տագնապով։ Ազատության հրապարակից գույժ տարածվեց, որ ոստիկանները ջարդել են ցուցարարներին, ավիրել են վրանները, մարդկանց մահակներով ծեծել, բռնի ուժով հեռացրել են տարածքից, որ այնտեղ,լ որտեղ վրաններն էին։ Կան վիրավորներ։
Շատերը շտապեցին դեպքի վայր ու տեսան արյունոտ հրապարակը, որն արագորեն լվանում էին։ Այնտեղ կանգնել չէր կարելի։ Ոստիկանները քաղաքացիներին բռնի ուժով քշում էին Օպերայի հարակից տարածքից։
«Ընդամենը 20 ժամվա ընթացքում քաղաքի կենտրոնական տարբեր հատվածներում ոստիկանությունը առանց նախազգուշացնելու և դիմադրության հանդիպելու հարձակվեց ցուցարարների վրա, բանակցեց, հետ քաշվեց, վերադարձավ հարձակմանը, և ի վերջո թեժ մարտի մեջ մտավ ցուցարարների մի փոքր խմբի հետ։ Զոհվեց առնվազն տաս մարդ` ութ ցուցարար և ոստիկակության երկու ծառայող, իսկ շատերը վիրավորվեցին․․․ Յուրաքանչյուր ոստիկանական գործողություն պետք է գնահատվի առանձին՝ պարզելու համար, թե արդյոք այդ գործողությունը դուրս չի եկել օրինականության շրջանակներից, որոնք սահմանված են ուժի և հրազենի կիրառման միջազգային ստանդարտներով”, — թարմ հետքերով արձանագրել էր Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում, որում բռնությունների, անթուլատրելի վերաբերմունքի, հետմարտիմեկյան շրջանում դաժանությունների հարյուրավոր փաստեր են ներկայացված։
Անցել է 15 տարի։ Մարտի 1–ի հետաքննությամբ երկու քննչական խումբ է զբաղվել, խորհրդարանական հանձնաժողով և ԱԺ լսումներ նոր իշխանության օորոք։ Այդ նոր իշխանությունը 2018 թվականին Մարտի1-ի բացահայտման խոստումներով բեմ բարձրացավ։ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ Մարտի 1-ն ամբողջությամբ բացահատյված է։ Բայց արյունահեղության մեղավորները, 10 մարդու կյանքը խլած ոճրագործները այդպես էլ չպատժվեցին։ Ոչ ոստիկանական գործողություններին, ոչ էլ ավելի բարձր կանգնած պաշտոնյաների հանցագործությունների քրեաիրավական գնահատականը չտրվեց։
Ինչո՞ւ։ 2008 թվականի շարժման կիզակետում եղած ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը ասում է՝ Մարտի 1-ի ոճրագործության, այս գործի պատային վիճակի մեղավորներին պետք է փնտրել իշխանության բարձրագույն օղակներում, որ իրավապահ համակարգը կարող էր աշխատել, եթե նրա ձեռքերը կապկպված չլինեին, եթե դրա գործողությունները իշխանության կողմից չարգելակվեին։
«Մարտի 1-ի բացահայտում տեղի չունեցավ, որովհետև իրավական գործընթացին խառնվեց քաղաքական բաղադրիչը։ Մարտի 1-ը գործող իշխանությունն օգտագործեց քաղաքական նպատակներով։ Ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ հիմա Մարտի 1-ը, թե կազմակերպիչների, թե կատարողների մասով չի բացահայտվում իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Կասկած ունեմ, որ Մարտի 1 կազմակերպած ուժերը իշխանության հետ ստեղծել են քաղաքական սիմբիոզ։ Դրանք մեկը մյուսից թթվածին են ստանում իրենց գոյությունը պահելու համար։ Հետհեղափոխական երեք ընտրությունների փորձով համոզվել ենք, որ դրանց շարժիչ ուժը նախկիններ-ներկաներ դիսկուրսն է, որի համար առնվազն պետք է, որ նախկինները լինեն քաղաքական թատերաբեմում »,- ասում է ՀԱԿ ներկայացուցիչը։
2 տարի առաջ նա ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ նպատակադրվել էր ուսումնասիրել Մարտի 1-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած 35 դատավորների գործունեությունը և սկսել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Որոշ աշխատանք կատարելուց հետո այն մտավ փակուղի։
Ո՞րն է պատճառը։ «Մեր կոմից բազմիցս եղել են առաջարկների փաթեթներ՝ Մարտի 1-ի դատավորների մասով առանձին վարույթ իրականացնել, եղել է 2 անգամ մեծ ծավալով գործընթաց քաղբանտարկյալների արդարացման համար, որոնք մինչ օրս ողջ ծավալով չեն արդարացվել։ Սակայն իրավապահ համակարգը այս գործերի առումով մեռած է։ Անգամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին ՀՔԾ-ում գործել է Մարտի 1-ի քննչական խումբ։ Ճիշտ է, ֆորմալ, որևէ բան չէր քննում, բայց այդ խումբը կար։ Հիմա հարցրեք համապատասխան մարմիններին, թե քանի հոգի կա Մարտի 1-ի քննչական խմբում։ Միայն այս փաստը բավական է, որ հասկանանք, որ չի կատարվում քննություն»։
Արմեն Խաչատրյանը գտնում է, որ պարտադիր չէ տեսնել Մարտի 1-ի ոճրագործության բոլոր մասնակիցներին ճաղերի հետևում, մտրակահարել, և այլն, հատկապես պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, երբ այսքան զոհեր ու կորուստներ ունեցանք։ «Բայց բոլոր այդ մարդկանց ճակատին պետք է լինի խարանը՝ որ իրենք կրակել են սեփական ժողովրդի վրա, ոտնահարել են ազատ ընտրության կամքը»։
Մարտի մեկը նախ եւ առաջ զոհվածների ծնողների օրն է։ Տիգրան Խաչատրյանի մայրը, Ալլա Հովհաննիսյանը, որը վաղուց ապրում է Բելգիայում, որդու մահվան 15 ամյա հիշատակը նշելու համար եկել է Հայաստանում։ «Ոնց կարող էի չգալ։ 15 -ամյակն է», — ասում է Ալլա Հովհաննիսյանը։ Նա օր առաջ տեսել էր արդեն որդու ու մյուս զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որի բացումը այսօր է, Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարող մանկական այգում։ Ալլան ծանոթացել է հեղինակի՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի հետ։ Ասում է․ “Վատը չի հուշ»,արձանը, ուղղակի անսպասելի էր ինձ համար։ Այդպես չէի պատկերացնում, երևի, կսովորեմ»։
Քանդակագործ Ալբերտ Վարդանյանը 2008-ի փետրվար-մարտ ամիսներին եղել ցուցարարների թվում, և մինչ օրս հիշում է Մարտի 1-ին ոստիկանական հատուկ միջոցների կիրառման հետևանքով առաջացած ձայները։ Այդ թնդյունն ու Պրոշյան-Լեոյի խաչմերուկում արձակած կրակոցները լսվում են նրա ստեղծագործությանը նայելիս։
Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ առանց գործը բացահայտելու, Մարտի 1-ը քնեցնելով հուշարձան են բացում։ «Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։ Ուրեմն, եթե գործը չի բացահայտվել, հուշարձան չպե՞տք է բացել»,, — Forrights.am-ի հարցին հարցով է պատասխանեց Ալլա Հովահննիսյանը։
Զոհվածներից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը այլ պատասխան տվեց․ «Շատ հանգամանքներ կան, որոնք արդար չեն, այդպես չպետք է լիներ, բայց լինում է։ Նախկին գլխավոր դատախազը ամեն ինչ արեց, որ իր քննիչ ու դատախազ ընկերները մեղադրանքի չարժանանան։ Լավ երկրի ղեկավարի աչքից եթե ինչ որ բան էլ վրիպում է, պետք է ականջները լսեն։ Ում որ գործի է դրել, պետք է հետևի, տեսնի՝ աշխատում է, թե ոչ։ Մենք հույսով ապրում ենք»։
Նրա որդին՝ Սամվելը վիրավորվել է առեղծվածային հանգամանքներում Մաշտոցի և Գր. Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջի վրա, հուշարձանից հեռու։ Պաշտոնական վարկածով Սամվել Հարությունյանը վիրավորվել է բութ գործիքի հարվածից ստացած վնասվածքներից, սակայն ՙ7-ի գործում կա նշում, որ նա մահացել է գլխի հրազենային վնասվածքից, իսկ հայրը պնդում է, որ տեսել է որդուն հեռուստատեսությամբ Մարտի 1-ին ձերբակալվածների շարքում և որ նրան սպանել են ձերբակալելուց հետո:
Մարտի 1-ին զոհվածների ծնողների առաջ այսօր հուշարձանի բացման ժամանակ ելույթ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանցագործներին պատժելու նոր հույսեր է տվել։ Առավոտյան նրանց հեռախոսներին հաղորդագրություններ են եկել այն մասին, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պահանջել է Մարտի 1-ի գործը, որ սկսի բացահայտումներ։ «Ինչքանով կլինի, չգիտենք, բայց հույսը վերջում է մեռնում», — ասում է Էդիկ Հարությունյանը։
Ծնողները ուզում են հանդիպել նոր գլխավոր դատախազի հետ, ու դեռ հույս ունեն, որ սա վերջը չի, որ Մարտի 1-ի գործի սայլը վերջապես տեղից շարժվելու է։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: