Ստեփանակերտը ողջունում է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին։
Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Արդեն 75 օր Ադրբեջանը փակ է պահում արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։
Արցախի արտգործնախարարության գնահատմամբ, դատարանն օգտագործել է իր իրավասության շրջանակներում առկա հնարավոր գործիքակազմը՝ Արցախի ժողովրդին Ադրբեջանի ռասայական խտրականությունից պաշտպանելու համար։
«Դատարանի որոշումն օբյեկտիվ հաստատումն է Արցախի կողմից բազմիցս հնչեցված այն դիրքորոշման, որ շրջափակումը հերթական դրվագն է Ադրբեջանի՝ տասնամյակներ շարունակվող խտրական քաղաքականության՝ ուղղված արցախցիների վտարմանը պատմական հայրենիքից։ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, որը կրում է լայնածավալ և համակարգված բնույթ, միջազգային իրավունքով որակվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունն ընդհանրապես և ՄԱԿ-ի անդամ երկրները մասնավորապես ունեն իրավական և քաղաքական պարտավորություններ՝ ձեռնարկելու արդյունավետ քայլեր՝ մարդու իրավունքների նման զանգվածային խախտումները կանխելու, ինչպես նաև ոտնահարված իրավունքները վերականգնելու ուղղությամբ», — ասված է հայտարարությունում։
Ստեփանակերտը կոչ է անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնի որոշման անհապաղ և անվերապահ իրականացումը, միաժամանակ անհրաժեշտ համարում, որ միջազգային մակարդակով համակարգված և հանգամանալից դիտարկվի Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի իրավունքները զանգվածաբար ոտնահարող քաղաքականությունից արցախցիների իրավական պաշտպանության հարցը։
Արտգործնախարարությունը համզոմունք է հայտնել, որ Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման վերաբերյալ իր մոտեցումներում միջազգային հանրությունը, որպես իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, պետք է ճանաչի անկախության օգտին Արցախի ժողովրդի կատարած ընտրության օրինականությունը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: