Դատական իշխանությունը իսկապես գործում է անկախ: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Դատական բարձրագույն մարմնի ներկայացուցիչը հրավիրվել էր կառավարություն Թրանսփարենսի ինթերնեշընլ հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների քննարկմանը մասնակցելու համար Ըստ այդ տվյալների, նկատենք, կոռուպցիայի ընկալման համաթիվը բացասական տեղաշարժ է արձանագրել, ինչը անհանգստացրել է կառավարության ղեկավարին:

«Հիմա մեր շատ քաղաքացիներ կարող է մտածեն՝ ինչու է դատական բարձրագույն մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կառավարության նիստում և կարող են անկախության հարց բարձրացնել: Բայց ես կարող եմ ասել, որ դատական իշխանությունը և դատական իշխանության բարձրագույն մարմիններից մեկը՝ ԲԴԽ-ն իսկապես գործում է անկախ: Միաժամանակ, մենք շարունակում ենք սերտ համագործակցությունը թե օրենսդիր, թե գործադիր մարմինների հետ: Բայց այդ սերտ համագործակցությունը չի նշանակում կոնկրետ գործերով դատարանների վրա ազդեցություն», -հայտարարեց Անդրեասյանը:

Նրա խոսքով, դատական իշխանությունը շատ է քարկոծվել, սակայն 2018-ից հետո դատական իշխանությունում շատ բան է փոխվել: «Եթե ժամանակին դատական իշխանության մասին խոսելիս,  խոսում էինք կաշառքների, սակագների ու կոռուպցիոն համատարած երևույթների մասին, ապա հիմա խոսում ենք ձգձումներից, ուշացումներից, որոնք, իհարկե, արդարացում չունեն: Կան օբյեկտիվ պատճառներ, թե ինչու է հանրությունը հիասթափություն ապրում արդարադատության համակարգից, բայց կան սուբյեկտիվ երևույթներ, և մենք հիմա փորձում ենք կարգապահական վարույթներով վեր հանել այն բոլոր սուբյեկտվ դրսևորումները, որոնք դատավորի պատճառով տեղի են ունեցել հիասթափություններ, ուշացումներ», -նշեց Կարեն Անդրեասյանը:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest