Օրերս Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի փաստաբան Տիգրան Եգորյանը տեղեկություն հանրայնացրեց առ այն, որ գործով նոր զարգացումներ կան։
Փաստաբանի տեղեկությունը վերաբերում էԱժ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին։ Ըստ Եգորյանի, Արմեն Չարչյանը եղել է այն փորձագիտական հանձնաժողովի կազմում, որը Հաց Բերողին կրկնակի կալանավորելու հնարավորություն ստեղծեց այն ժամանակվա դատախազության համար։
Հիշեցնենք՝ 2016 թվականի ամռանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սանսա ծռեր» զինված խմբի գործով կալանավորված Արթուր Սարգսյանը մեղադրվում էր զինված խմբին օժանդակելու մեջ, քանի որ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ էր հասցրել գրավված գնդի տարածք։ Նույն թվականի դեկտեմբերի վերջին Արթուր Սարգսյանին, որը ծանր առողջական վիճակում էր, ազատ արձակեցին, իսկ արդեն 2017 թվականի փետրվարի 9-ին ՀՔԾ միջնորդությամբ դարձյալ կալանավորեցին պատճառաբանելով, թե նա չէր ներկայացել քննչական մարմին:
Արթուր Սարգսյանը իր բողոքը արտահայտեց այդ որոշման դեմ, հացադուլ հայտարարելով, որից հետո ԱԺ 27 պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել, տեղափոխվել «Արմենիա» ԲԿ և մահացել էր սիրտ-անոթային սուր անբավարարությունից:
Սարգսյանի փաստաբանը մեղադրում է Արմեն Չարչյանին այն բանի համար, որ նա է նպաստել, որ քննիչի որոշմամբ անհապաղ նշանակված կրկնակի հանձնաժողովային փորձաքննությունը կայծակնային արագությամբ եզրակացրեց, որ Արթուրին կարելի է կալանավորել:
«Հետագայում արդեն Արթուրի մահվանից հետո իրականացվեց մեկ այլ փորձաքննություն, որով հաստատվեց, որ պարոն Չարչյանի մասնակցությամբ փորձաքննության եզրակացության համար հիմքեր չկային և որ այն սխալ էր», գրում է փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում։ Եգորյանը հիշեցնում է նաև, որ Արթուր Սարգսյանի գանգատով Եվրոպական դատարանը սկսել է հաղորդակցության փուլը, որի շրջանակում, ի թիվս կալանքի հիմնավորվածության և Արթուրի առողջական վիճակի և նրան տրամադրված բժշկական օգնության վերաբերյալ հարցադրումներ են կատարել այն մասին, թե ինչ փուլում է գտնվում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործով քննությունը:
«Հույս ունեմ որ Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է իր պատմության այն շրջանը, երբ առնվազն այս գործով մենք այլևս ստիպված չենք լինի արդարություն հայցել Եվրոպական դատարանից, այլ այն կապահովի մեր պետությունը», — ավարտում է իր գրառումը Տիգրան Եգորյանը։
Տիգրան Եգորյանին հարցրեցինք, չի կարող արդյո՞ք Չարչյանն ասել որ որպես մասնագետ, անկեղծորեն համարել է, որ Արթուր Սարգսյանը կարող էր մնալ կալանքի տակ։
«Նա չի կարող դա ասել, որովհետեւ նա չի կարող հաստատել, որ դա իր կարծիքն է։ Իր կարծիքը մի քանի եղանակով արտացոլված է եզրակացության մեջ։ Իրենք ասում են, որ Արթուրը բուժման կարիք չունի, հետևաբար դա չի խոչընդոտում կալանքի կրմանը։ Այնինչ դա ակնհայտ կեղծ եզրակացություն է, որովհետև նույն փաստաթղթում իրենք արձանագրել են՝ որպեսզի եզրակացությունը լինի հստակ և ամբողջական, Արթուրին անհրաժեշտ է հետազոտել, բայց չեն հետազոտել։ Բացի դա, իրենց հանձնարարաված էր փորձաքննության ենթարկել նրա ռեալ առողջական վիճակը, իսկ իրենք իրականացրել են միայն փաստաթղթային հետազոտություն։ Արմեն Չարչյանի պաշտպանության միակ եղանակն այն է, որ նա խոստովանի, որ չհասկանալով է ստորագրել այդ եզրակացությունը», — ասաց փաստաբանը։
Նա նաև նշեց, որ Չարչյանին հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել, քանի որ նրա և մյուսների արարքի վաղեմության ժամկետն անցել է, և պատասխանատվությունը կարող է լինել զուտ բարոյական, ինչպես նաև մասնագիտական կոմպետենտության գնահատման դաշտում։
Այն հեռավոր թվացող օրերին Եգորյանն Արթուր Սարգսյանի մյուս փաստաբանի՝ Դավիթ Գյուրջյանի հետ պարբերաբար ահազանգում էր, որ Հաց Բերողի վիճակը ծանր է, հատորներով միջնորդություններ էին ուղարկում դատախազություն։ Նրանք հայտնում էին Արթուր Սարգսյանի հիվանդության մանրամասները, ներկայացնում էին նրա տարած ողնաշարի վիրահատությունների պատմությունը, հայտարարություններ էին տարածում դրա շուրջ, տեղեկացնելով նաև հանրությանը, որ իրենց պաշտպանյալը ունի օր օրի սաստկացող ցավեր, որովայնային մեծ ճողվածք, ֆիզիկական գործունեության սահմանափակումներ եւ հատուկ պայմանների կարիք, բայց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ պահվում էր ծանր հիվանդ Հաց Բերողը, նրան պատշաճ բուժօգնություն չէին տրամադրում։ Խուցը սաստիկ ձմռան պայմաններում անգամ չէր էլ ջեռուցվում։
Փաստաբանները պարբերաբար պահանջում էին ազատել կալանքից Հաց Բերողին, բայց դատախազությունը համառում էր կամ խաղ էր խաղում Սարգսյանի հետ՝ փակել և կրկին բացելով նրան, մինչեւ որ մարդը կոշտ ինքնավնասման գնաց, հայտարարելով հացադուլ ու հասնելով մահվան։
Մենք փորձեցինք կապվել ԱԺ պատգամավոր պարոն Չարչյանի հետ և տեղեկանալ, թե ինչպես է նա վերաբերվում իր հասցեին Տիգրան Եգորյանի հնչեցրած մեղադրանքներին, սակայն նա չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ
«Ուշադրություն մի դարձրեք ոչ մի գրածների ու ասածների, no comment մնացածը», — ասաց «Իզմիրլյանի» նախկին տնօրենը։
Հիշեցնենք, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետո, ՀՀ գխլավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահին միջնորդություն է ներկայացրել նույն խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, 2023 թվականի հունվարի 23-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Ա.Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր: Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: