ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ տվյալները, որոնք հավաքագրվել են զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների, ինչպես նաև Կազմակերպության կողմից պաշտոնական կառույցներին (ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ քննչական կոմիտե) ուղղված տեղեկատվության հարցումների պատասխանների հիման վրա:
Կազմակերպության կողմից հավաքագրված տեղեկությունների համաձայն 2022 թ. ընթացքում ՀՀ և ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է 64 զինծառայողի մահվան դեպք։
Մահվան 64 դեպքերի պատճառներն են՝
- առողջական խնդիրներ՝ 17 դեպք,
- ավտովթար՝ 17 դեպք,
- hրադադարի ռեժիմի խախտում՝ 14 դեպք,
- ինքնասպանություն՝ 6 դեպք,
- սպանություն 6 դեպք, որից՝ դիտավորյալ՝ 2 դեպք, ԶՕԿ՝ 1 դեպք, անհայտ պայմաններում՝ 1 դեպք, մարտական ծառայության կանոնների խախտում՝ 2 դեպք,
- դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ),
- զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,
- ականի պայթյուն՝ 1 դեպք։
2022 թ. 64 զինծառայողների մահվան դեպքերից միայն 30-ի (47 %-ի) մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, 4 (6 %-ի) դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն զանգվածային լրատվամիջոցներով, 3 (5 %-ի) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի տարածվել։ Մյուս 27 (42 %) դեպքի մասին տեղեկություն ընդհանրապես չի տարածվել:
Ըստ աշխարհագրական տարածվածության, նշենք, որ մահացության 64 դեպքից 54-ը (84 %) տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 10-ը (16 %)՝ ԱՀ/ԼՂ տարածքում (տե՛ս գծապատկեր 4):
2021 թվականին զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել։ 2021 թվականի համեմատ 2022 թ. մահվան դեպքերի ընդհանուր թիվը նվազել է 16 %-ով (12-ով)։
Մանրամասն՝ այստեղ
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: