Եվրախորհրդարանն Արցախի շրջափակման հումանիտար հետեւանքների մասին բանաձեւ է ընդունել։ Բանաձեւը եվրախորհրդարանականներն ընդունել են ձեռք բարձրացնելով՝ փաստացի առանց ձայների հաշվարկի։

Եվրախորհրդարանականները բանաձեւում ափսոսանք են հայտնում լուրջ հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որն առաջացել է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով:

Բանաձեւում ընդգծվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Կոչ է արվում միջազգային կազմակերպություններին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ կոչ է արվում ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելությանը այցելել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար:

Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են այդ շրջանում գտնվող ռուս խաղաղապահների «անգործությունը» եւ կարծում են, որ նրանց պետք է փոխարինել ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով:

Ստորեւ ներկայացնում ենք ընդունված բանաձեւի ամբողջական տեքստը՝

«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարցով նախորդ բանաձեւերը, հաշվի առնելով Կանոնակարգի 144(5) եւ 132(4) հոդվածները,

  1. հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է Ադրբեջանի ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչը խաթարել է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների, այդ թվում՝ պարենի, վառելիքի եւ դեղորայքի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղում ապրող 120 000 մարդու համար՝ փաստացի շրջափակելով նրանց;
  2. hաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է լուրջ հումանիտար ճգնաժամի, որն էապես ազդել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա, ինչպես նաեւ ծանր հիվանդների տեղափոխումը գործնականում անհնար է, ինչը հանգեցրել է մեկ մարդու մահվան; հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված;
  3. հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում բնական գազի անջատման պատճառով, որի հետեւանքով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման;
  4. հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգությունը;
  5. հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման ճանապարհին խոչընդոտները խաթարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացը եւ թուլացնում են միջազգային վստահությունը;

Եվրախորհրդարանը

  1. ափսոսանք է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական հումանիտար հետեւանքների կապակցությամբ;
  2. կոչ է անում Ադրբեջանին հարգել եւ իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը եւ անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը ապահովելու համար ազատ տեղաշարժը եւ հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու բնակիչների ապրուստի միջոցները;
  3. ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները եւ զերծ մնալ իր սադրիչ հռետորաբանությունից, որով հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում եւ դրդում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը;
  4. կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ տրանսպորտային, էներգետիկ եւ կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից;
  5. խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին որպես քավության նոխազ օգտագործելու գործելաոճը եւ կոչ է անում ԵՄ-ի ու անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին;
  6. դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը, գտնում է, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ;
  7. կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու եւ անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար;
  8. կոչ է անում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար;
  9. կոչ է անում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները;
  10. կոչ է անում ԵՄ-ին ակտիվ մասնակցություն ունենալ եւ ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլեւս Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի եւ Մինսկի խմբի անգործության պատանդը չլինեն;
  11. հանձնարարում է խորհրդարանի նախագահին այս բանաձեւն ուղարկել Խորհրդին եւ Հանձնաժողովին։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest