Նիկոլ Փաշինյանը ձախողել է հերթական՝ թվով երրորդ սահմանադրական բարեփոխումները։ 2021-ին վարչապետի որոշմամբ ձևավորվել էր սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, այնուհետև՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով։ Ըստ որոշման՝ խորհուրդը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը պետք է հաստատեր հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը։

Արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը կապված է «խաղաղության օրակարգի» հետ եւ ի՞նչն է ներկայիս Սահմանադրությամ մեջ խանգարում Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությանը։

Նիկոլ Փաշինյանը 2022 թ․ նոյեմբերի 11-ի ասուլիսում անդրադարձավ Անկախության հռչակագրին, որը Սահմանադրության հիմքում է դրված։ Նա պարզաբանեց, թե ինչու է ժամանակին ասել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: «ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր, որտեղ գրված է դա, այլ բան, որ հետագայում պարզվել է, որ 2020 թվականին բոլորը դրա մասին մոռացել են»,- ասել է Փաշինյանը:

Նա այն հետևությանն է հանգել,  որ Հայաստանը նոր հռչակագրի կարիք ունի, որովհետև հռչակագրի ընդունումից կարճ ժամանակ անց տեսության դեմ աշխատանք է տարվում և «հասել ենք նրան, որ այդ տեսությունն արդեն մեզ համար նույնիսկ իրավական կամ գործնական քաղաքական ուժ չունի»:

ՀՀ առաջին նախագահին հարող «Չորրորդ իշխանություն» թերթը, մեկնաբանեկով այս թեզը, գրել է, որ «դա կարող է լինել «խաղաղության դարաշրջանին» ընդառաջ Թուրքիայի և Ադրբեջանի քողարկված կամ բացահայտ պահանջը»։ «Ադրբեջանի «աչքի փուշը» հռչակագրի նախաբանում 1989 թ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման հիշատակումն է, Թուրքիայինը՝ 11-րդ կետը, որը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին է», գրում է թերթը։

Սահմանադրության անփոփոխելի հոդվածն է՝ «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»։

Նոյեմբերի 29-ին Փաշինյանը, մեջբերելով սույն հոդվածը, ասել է, որ հռչակագրի ընդունման առաջին օրից հետո փաստորեն այդ ծրագրից հետևողականորեն հրաժարում է տեղի ունեցել։ «Եվ մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ն պետական իշխանության մակարդակով 1990-2018 թվականներին հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները։ Հետո պարզեցինք, որ նույնիսկ մեր բոլոր ջանքերով այլևս ի վիճակի չենք դա վերականգնել», ասել է նա, փաստորեն, հայտարարելով հայկական պետական հիմքերն «անուղղելի» քայքայված, իսկ սեփական իշխանությունը՝ ձախողված։

Նա անդրադարձավ ՔՊ կուսակցության հիմնադիր ծրագրին, որտեղ գրված է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն ԼՂ՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի լիարժեք վերականգնմամբ՝ առանց որի համաձայնության հարցի կարգավորման որևէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված։ «Պարզվեց, որ դա այլևս դուրս է ՀՀ վերահսկողությունից, ․․․մենք հասկացել ենք, որ իրականում գուցե Ղարաբաղի հարցն ամբողջ պատմությունը չէր։ Եվ պատմության մնացած մասը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, նրա անկախությանը, ինքնիշխանությանը, սուվերենությանը»։

«Բայց նաև Անկախության հռչակագրի նախաբանը կարդալով՝ մենք համարձակություն պետք է ունենանք արձանագրելու, որ մենք ընդամենը արձանագրողն ենք»,- հայտարարեց Փաշինյանը։

Հայաստանի Անկախություն հռչակագրում ասվում է, որ Անկախության հռչակագիրը հիմնված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա՝ Հայկական ԽՍՀ և ԼՂ վերամիավորման մասին, քննարկման ժամանակ ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։

«1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը իրավական առումով ուժի մեջ է այն կտրվածքով, որ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀԽՍՀ-ի իրավահաջորդ, իրավունք չունի հրաժարվել այն ճանաչումից, որն ինքն արդեն 1989 թվականի դեկտեմբերի 1-ին կատարել է։  Եթե այսօրվա իշխանությունները գործը հասցնեն նրան, որ ապագա խաղաղության պայմանագրում կամ սահմանազատման վերաբերյալ փաստաթղթում կատարեն որևէ նահանջ Արցախի ինքնորոշման իրավունքից կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգող որևէ դրույթ ներառեն, ապա դա կհանդիսանա Սահմանադրության խախտում», ասել է սահմանադրագետը։

Նա հիշեցրեց, որ 1992 թվականի հուլիսի 8-ին ընդունած փաստաթղթով ՀՀ Գերագույն խորհուրդը, վերահաստատելով Արցախի ինքնորոշման փաստը, ուղղակիորեն ամրագրել է՝ ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։

«Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանը շատ ավելի լավ է հասկանում ու ընկալում, թե ինչ է գրված Հայաստանի Սահմանադրության մեջ, քան Հայաստանի այսօրվա իշխանությունները։ Երբ ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց, Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր ատյաններում, հատկապես Վենետիկի հանձնաժողովում հարց էին բարձրացնում, որ դրանով կան տարածքային պահանջներ և Ադրբեջանի, և Թուրքիայի նկատմամբ», հիշեցրեց Վարդան Պողոսյանը։

Նիկոլ Փաշինյանի «նոր տեսությամբ», պետք է փոխել Անկախության հռչակագիրը, հանել այնտեղից Արցախի եւ միացման մասին հիշատակումները եւ նոր Սահմանադրութուն ընդունել՝ «Հայաստանն առանց Արցախի» սկզբունքով։

Ինչ վերաբերում է Արցախին, Փաշինյանը ապավինում է միայն երրակողմ հայտարարությանը, արձանագրելով ահաբեկչական պատերազմի արդյունքները։

2022 թ․ օգոստոսի 4-ին նա ասել է․ «Որքան էլ քննադատվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում Լեռնային Ղարաբաղի անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված: Նախ՝ Լեռնային Ղարաբաղ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, երկրորդը՝ արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ եւ երրորդը՝ Լաչինի միջանցք, որը ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ»: Ահա եւ Արցախի գոյության հիմքերը, որը պետք է հնարավորինս հեռու լինի ՀՀ Սահմանադրությունից եւ 29,8 հազ․ ք․ մ-ից։

Հրաժարվելով Անկախության հռչակագրից, Սահմանադրությունից եւ Միացումից՝ որպես ՀՀ պետականության հիմք, Փաշինյանը որոշել է «թաղել» Երրորդ հանրապետությունը եւ կառուցել սեփականը, Մովսեսի պես ժողովրդին տանելով անապատ։

Այս տարվա ամանորյա ուղերձի մեջ Փաշինյանն փլիսոփայել է․ «Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29 հազար 800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն»:

Հոկտեմբերի 6-ի Պրահայում կայացած հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փնտրում էր Հայաստանի տարածքային ամբողջականության իրավական հիմքերը։ Այն ամենը, ինչ նա գտնում էր, ենթադրում էր պահանջներ Թուրքիային ու Ադրբեջանին: Օրինակ, 1920-ի Ազգերի Լիգայի հաստատած ու ճանաչած քարտեզը։ Կամ 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որով ոչ միայն Արցախը, այլեւ Նախիջևանը «Ադրբեջանի» տարածք չեն։

Իր հերթին, Հայաստանի Անկախության Հռչակագրի և դրա հիման վրա ընդունված Սահմանադրության մեջ անդրադարձ կա Հայաստանին Արցախի վերամիավորման 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը։

Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ խուսափում է հիշատակել այս փաստաթղթերը, որոնք Հայաստանի տարածքային ամբողջականության օրինական հիմքն են։ Եվ երկար փնտրտուքներից հետո նա գտավ ԱՊՀ հռչակագիրը և ընտրեց այն, քանի որ այն ճանաչում է «Ադրբեջանի» տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը հիմնված է Հայաստանի և Արցախի վերամիավորման որոշման վրա, հանդիսանում է Երրորդ Հանրապետության իրավական հիմքը։ Դա անտեսելով՝ Փաշինյանն ուրանում է անկախ պետականությունը եւ այն ճանաչում որպես «ԱՊՀ մաս»։

Նաիրա Հայրումյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest