Արցախը 28 օր է բլոկադայի մեջ է։ Ադրբեջանցի, այսպես կոչված «բնապահպանները» փակել են արցախցիների համար կենսական նշանակության Լաչինի միջանցքն ու թույլ չեն տալիս կապ հաստատել Հայաստանի հետ։ Արցախում հումանիտար աղետ է։ Սննդի, դեղորայքի, վառելանյութերի և այլ առաջնային անհրաժեշտության ապրանքերի դեֆիցիտ կա։ Ամեն օր Արցախ չի առաքվում 400 տոննա ապրանք, ինչը իրականացվել է մինչ ճանապարհի փակվելը։
«Յուրաքանչյուրը փորձում է իր խնդիրները լուծել, հիմա թիվ մեկ խնդիրը սնունդն է, այլ պարագաներն են, մարդիկ ինչ-որ պաշարներ են ստեղծում հույս չդնելով «միջազգային հանրության» վրա։ Մարդու իրավունքերով զբաղվող հազարավոր կառույցներ կան, ՄԱԿ-ը, մյուսները, թե ինչի համար են ստեղծված մարդ չի հասկանում»,-Foorights.am-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչ Գայանե Առստամյանը։
Տիկին Գայանեն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել 2-րդ անգամ։ 1991 թվականի մայիսին ևս ադրբեջանական շրջափակման մեջ էր վերցրել՝ Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղը։ Գայանե Առստամյանը վերջին բնակիչներից է եղել, որ հեռացել է Բերդաձորից, քանի որ թշնամական պետության զինյալները սպանում էին խաղաղ բանակիչներին։
Նա մոր, մանկահասակ թոռան և դստեր հետ է այժմ դիմակայում թշնամու անմարդկային գործողություններին։ Տիկին Գայանեն նշեց, որ իր ընտանիքում դեռ սննդի պակասը զգացնել չի տալիս, քանի որ պաշարված ապրանքներ ունեն, բայց 1-ամյա թոռան համար հիգենայի պարագաներն արդեն սպառվում են։
«Խանութներում մարդիկ վերջին փշրանքներն են հավաքում, մաքրման միջոցներին են անցել՝ մի քանի տուփ են առնում, որ հետո խնդիր չունենան։ Ապրանքները վերջանում են»,-ասաց նա՝ շեշտելով, եթե այսպես շարունակվի կսպառվեն նաև 86 ամյա մոր համար անհրաժեշտ դեղերը։
Գայանե Առստամյանը, սակայն, կարևոր է համարում, որ սննդի խնդիրներից զատ այլ հարցեր էլ բարձրաձայնվեն և ավելի շատ, քանի որ, ըստ նրա, եթե սնունդ լինի ու ճանապարհը՝ փակ, դա ևս ընդունելի չէ։ Արցախի բնակիչը քննադատում է միջազգային կազմակերպություններին, որոնք Ադրբեջանի գործողությունները զսպելուն ուղղված գործնական քայլեր չեն կատարում։
«Ինձ դուր չի գալիս, որ բոլորը սննդից են միայն խոսում։ Այսինքն, եթե սնունդ լինի կարող են մեզ այսպես փակած պահե՞լ։ Լիքը բիզնեսներ տուժում են, իսկ մենք ազգով միայն սննդի մասին ենք խոսում։ Ինչի՞ համար են միջազգային կառույցները ստեղծվել, որ պետք է ձայն չահեն, ինչի՞ համար են պետությունները նրանց վճարում։ Մարդու իրավունքը միայն ուտելը չի, լիքը մարդ գործեր ունի, որ պետք է գնան, գան։ Իրենք իրավունք չունեն ճանապարհը փակելու, մենք պետք է այս մասին միշտ բարձրաձայնենք։ Ադրբեջանցիները ցանկանում են մեզ ամեն ձևի վնասեն և ոչ մի տեղից արձագանք չկա։ Ինչո՞ւ այդ պետությանը չեն հեռացնում ՄԱԿ-ից, ի՞նչ իրավունքով է փակել իմ ճանապարհը։ Ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհը Ռուսաստանին ագրեսոր է համարում և պատժամիջոցներ է կիրառում, իսկ Ադրբեջանի նկատմամբ չի կիրառում, սանկցիան բոլոր ագրեսորների նկատմամբ կիրառեք»,-ասաց Գայանե Առստամյանը, որը անհասկանալի է համարում նաև Լաչինի միջանցքի անվտանգությունը ստանձնած ռուս խաղաղապահների գործողությունները։
«Ես չեմ հասկանում, թե ռուսն ինչի՞ համար է այստեղ, անկեղծ, չեմ հասկանում։ Եթե իրենք լիարժեք չեն կարող կատարել իրենց պարտականությունը, բան չեմ կարող ասել։ Էն ա, որ չեն թողնում գան մեզ կոտորեն, էդ մի քայլն է մնացել։ Ռուսները չպետք է այդ ճանապարհը զիջեին, եթե զիջել են՝ հանցակից են, ես ուրիշ բան չեմ էլ ուզում ասել»,-ասաց նա։
Արցախում խնդիրներն օր օրի խորանում են։ Այս օրերին նաև կանխիկ գումարի խնդիր կա, բանկոմատները գումար չեն տրամադրում։ Պատճառը նաև տոնական ոչ աշխատանքային օրեր են, սակայն, մինչ այս էլ քիչ քանակությամբ է գումար եղել։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: