Պարտադիր զինվորական ծառայության ենթակա Ռ․ Հակոբյանի ծնողներն ահազանում են՝ իրենց որդին ծանուցագիր է ստացել, որ հունվարի 13-ին մեկնի բանակ, սակայն, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Ծնողները նշում են՝ տղայի մատները չեն դիմանում ցրտահարությանը։ Խնդիրն առկա է 12 տարեկանից։
«Դուրսը, որ ցուրտ է լինում մատները ճղվում է, արյուն է գալիս, ուռում են։ Գեներալը տեսավ ասեց՝ յանի էդ ի՞նչ ա, նորմալ է»,-պատմում են տղայի ծնողները նշելով, որ որդին 21 տարեկան է՝ մինչ այժմ բանակ չի մեկնել փորձաքննության արդյունքում տրված բացասական եզրակացության հիմքով։
Ծնողներն անհանգստացած են, որ խնդիրն իրենց որդու մոտ դեռ առկա է, բայց հանձնաժողովը ծառայության ուղարկելու որոշում են կայացրել։ Չնայած՝ Հակոբյաններն ունեն փաստաթղթեր, որոնց համաձայն, Ռ․-ն ծառայության համար սահմանափակումներով է պիտանի։ Ռ․ Հակոբյանը մեզ հետ զրույցում փորձաքննությունից մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է հանձնաժողովը եկել եզրակացության, որ նա ծառայության ենթակա է։
«Ձեռքերս դնում են սառույցի մեջ, թե որքան կկարողանամ պահել, հետո հանում է՝ ապարատով ստտուգում է՝ ինչքան ժամանակից է վերականգնվում։ Ես մի երկու րոպե եմ կարողանում պահել, եթե խնդիրներ չունենամ՝ երկար կպահեմ, բայց ունեմ, իսկ հետազոտությունը ցույց է տալիս, որ մատներս վերականգնվում է չորս րոպեից, առաջ ութ րոպեից էր վերականգնվում»,-ասաց նա։
Ընտանիքի մտահոգությունն այն է, որ դիրքերում տղայի վիճակն էլ ավելի կվատանա, իսկ այս եզրակացության օբյեկտիվությանը չեն վստահում։
«Հիմա այստեղ տաք ձմեռ է, բայց որ տանեն դիրքեր այնտեղ ուռելու է, ճաքի ու արյուն գա, հիվանդությունը չի բուժվում։ Ինքը չի կարող կրակի, որ գնա էլի սրանալու է մոտը, նորից ո՞վ է իմ էրեխուն բուժում տալու»,-ասում են ծնողները և շեշտում, որ այս երեք տարիների ընթացքում էլ ինչ տղան տարկետման մեջ է եղել, ըստ իրենց, պետական որևէ աջակցություն բուժման ծախսերի հետ կապված չեն ստացել։
«Ես իմ ուժերով բուժում եմ։ Տարել ենք հիվանդանոց բժիշկն ասել է տեղ չունենք, որ բուժենք, ոչ էլ տեղ ունենք, որ պառկացնենք՝ «Էրեբունի բժշկական կենտրոնում»։ Անտեր ու դուրս վիճակ էր, ասել ենք՝ կվճարենք, նոր ընդունել են»,-ասացին ծնողները։
Ծնողները նշում են՝ տղան նաև ողնաշարի ու քաշի խնդիր ունի, իսկ մատները դողում են՝ անգամ բաժակը վերցնելիս։
Ռ․ Հակոբյանն իր խնդիրների վերաբերյալ գրություններ է ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։ Պն-ից որևէ արձագանք չկա, չնայած՝ մեկ շաբաթ է անցել, իսկ ԱՆ-ից փոխանցել են, որ նախարարին ուղղված գրությունը մուտքագրվել է համակարգ։ Ծնողները պատրաստվում են դիմել նաև Մարդու իրավունքերի պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն առաջիկայում գերատեսչություններից Ռ․ Հակոբյանին առողջական խնդիրներով բանակ տանելու՝ ծնողների ահազանգի վերաբերյալ, պարզաբանումներ կխնդրի։
Նարեկ Կիրակոսյան