Բաքվի լրատվամիջողներն ու սոցցանցերը փորձում են վերլուծել, արդյո՞ք ադրբեջանական «էկոլոգների» ակցիան Շուշիի մատույցներում դրական արդյունք է տվել կազմակերպիչներին։ Կարծիքներն հիմնականում բացասական են, հատկապես՝ ՄԱԿ ԱԽ-ում կայացած քննարկումների ֆոնին, որտեղ Բաքվի հասցեին հստակ մեղադրանքներ են հնչել՝ Արցախում հումանիտար աղետ հրահրելու համար։ «Ակցիան» միայն ապացուցել է, որ հայերի ինտեգրումն Ադրբեջանի կազմ անհնար է, խոստովանում են ադրբեջանական քաղաքագետներն, առաջարկելով պարզ ուժային մեթոդներ։

Սակայն Բաքվում եւ Մոսկվայում չեն թաքցնում, որ ի սկզբանե «կանաչ» ակցիան, որի խորհրդանիշ է դարձել ակցիայի մասնակցի ձերքին խեղդված աղավնին, ուղղված էր Արցախի հանքերի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանության հաստատմանը։ Արցախցիները կտրուկ հրաժարվել են թույլ տալ «էկոլոգներին» մտնել Կաշենի հանքավայր եւ «մոնիտորինգ» իրականացնել։ «Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել», ասված է Արցախի դատախազության հայտարարության մեջ:

Բաքուն պնդում է, որ Ղարաբաղյան հարցը լուծված է, եւ մնում է միայն տարածել Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախում, բայց առաջին հերթին՝ հանքերի նկատմամբ։ Դրա համար մտածվել է պլան․ Լաչինի ճանապարհը փակվում է, ռուս խաղաղապահները համոզում են արցախցիներին թույլ տալ ադրբեջանցի «էկոլոգներին» մտնել հանքեր, իսկ Շուշիի տակ՝ մի «փոքր» անցակետ տեղադրել, որտեղ կլինեն նաեւ Բաքվի «էկոլոգները»։ Խեղդված աղավնիով խանումը նույնիսկ խոստանում էր, որ հիմա էլ քաղաքական անձանց, հումանիտար բեռների համար ճանապարհը բաց է, իրենց միայն «անօրինական» շահագործվող հանքերից արտահանվող բեռներն են հետաքրքրում։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով՝ «տարբեր կողմերից եկող զանգերը, թե ճանապարհը բաց է, էդպես չէ», հայտարարել է․ «Իրենք պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մենքենաների հանգիստ շարժմանը։ Էդ կողմից դա միակ որոշումն է, որովհետև, եթե մենք ընդունում ենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնած մնան՝ որոշ մեքենաներ թողնեն, որոշ մեքենաներ չթողնեն, դա դառնում է իրենց մոտ հնարավորություն ստեղծելու КПП (հսկիչ անցակետ)»․

Պետնախարարն ու պատգամավորներն այցելել են «Բեյզ Մեթըլս» ընկերություն։ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանը շատ հետևողական, քայլ առ քայլ փորձում է խուճապ ստեղծել և ճնշում գործադրել արցախցիների վրա, որպեսզի նրանք այստեղից հեռանան. «Դա անում են հատուկ ռազմավարությամբ՝ մաս-մաս կտրատելով մեր երկիրը՝ կիրառելով այսպես կոչված salami-slice strategy: Պարզ է նաև, որ նրանց գլխավոր նպատակին հասնելու քայլերից մեկն այս կոմբինատի աշխատանքը կանգնեցնելն է, որովհետև այն եկամուտների, աշխատանքի հնարավորություն է տալիս մարդկանց», ասել է նա:

Հանքերի պատկանելիությունը տվյալ տարածքի ինքնիշխանության նշան է, եւ Բաքուն փորձում է նման քայլերով վերջնական «լուծել» Ղարաբաղյան հարցը։ Ռուս խաղաղապահները «օգնում են» Բաքվին։ 10 օր շարունակ Ռուսաստանի ՊՆ հաղորդագրությունների մեջ նշվում է, որ «զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով»։ Թե ինչ է քննարկվում հայկական կողմի հետ, կարելի է ենթադրել՝ մինի-անցակետի բացում եւ ադրբեջանցիներին՝ հանքեր այցելելու թույլտվություն։

Ադրբեջանի վստահությունը սնվում է նաեւ հայկական կողմի կրավորական դիրքորոշումից։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է խաղաղ պայմանագիրը կնքել Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «բացատրել է», որ այդ հռչակագիրը ենթադրում է Ղարաբաղի պատկանելիություն Ադրբեջանին։ Դրանից հետո էլ սկսվեց «էկոլոգների» ակցիան, եւ ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանի իշխանությունը չվիճարկեցին Ադրբեջանի իրավունքը՝ մտնել Արցախի հանքեր եւ անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում։

Սակայն Արցախի ժողովրդի պատրաստակամությունը նույնիսկ զրկանքների գնով տեր կանգնել իրենց հողին ու ինքնիշխանությանը, աշխարհի բացասական ռեակցիան ի ցույց դրեցին, որ «խաղաղ» ծավալապաշռությունը չի անցնում։

Այդ ֆոնին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հետաձգել է իր մասնակցությունը դեկտեմբերի 23-ին պլանավորած՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպումը Մոսկվայում։

Նաիրա Հայրումյան

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest