Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում վերջապես սկսվեց ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում հղի կնոջը՝ 28-ամյա Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու վերաբերյալ դատավարությունը։ Նոյեմբերի 24-ին գործով նախնական դատական նիստն էր։
Նա այն լուսավոր երիտասարդ կանանցից էր, որոնց ցանկանում են նմանվել
Վարչապետի շարասյան մեքենան բարձր արագության տակ վրաերթի էր ենթարկել Սոնային։ Նա այն լուսավոր երիտասարդ կանանցից էր, որոնց մյուսները ցանկանում են նմանվել։ 29 տարեկանում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում արտասահմանյան ընկերությունում՝ վերականգնվող էներգիայի ավտոմատացմամբ զբաղվող սկանդինավյան ԶԵՎԻՏ ընկերության համահիմնադիրն էր, կրթական նախագծերի համահեղինակն էր, երկու ամսից պատրաստվում էր մայրանալ, ուներ սիրող ամուսին, որի գրառումը Սոնայի մահից հետո հազարավոր մարդիկ տարածում էին՝ «Նա ամբողջովին փոխեց ինձ։ Սոնա, իմ Սոնա»:
Ամբաստանյալի աթոռին երիտասարդ կնոջը վրաերթի ենթարկած մեքենայի վարորդն է, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը։ Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դատախազը միջնորդել էր դատարանին, որ Նավասարդյանին կալանքի տանեն, սակայն դատարանը մերժել էր միջնորությունը։ Դատախազը վերաքննիչ բողոք էր բերել և կրկին մերժում էր ստացել։
Տուժողի իրավահաջորդի, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը դատական նիստի ժամանակ պահանջել է, որ Նավասարդյանին կամ կալանավորեն, կամ գոնե կասեցնեն պաշտոնավարումը։ Նրա միջնորդությունը մերժվել է։ Ինչո՞ւ։ «Առանց որևէ պատճառաբանության։ Դատավորը մերժեց, ասեց՝ որոշումը կուղարկեմ”, — ասում է Րաֆֆի Ասլանյանը։
Ամբաստանյալի աթոռին ևս երկու հոգի պետք է լինեն․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբանը գտնում է, որ ճանապարհային անվտանգության ապահովման մասին օրենքի 25-րդ հոդվածով Սոնային վրաերթի ենթարկած մայոր Արամ Նավասարդյանը պարտավոր էր վրաերթից հետո կանգնել, բայց չի կանգնել, ինչը նաև բարոյական տեսանկյունից պատժելի արարք է:
Ըստ փաստաբանի, ամբաստանյալի աթոռին պետք է ևս երկու հոգի լինեն՝ Փաշինյանին ուղեկցող շարասյան ղեկավարն ու շքախմբի ղեկավարը։ Նրանց գործողություններին, ըստ Րաֆֆի Ասլանյանի, սխալ իրավական գնահատական է տրվել և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում էր ընդունվել։
Ասլանյանն այն բողոքարկել էր վերադաս դատախազին , որը մերժել էր փաստաբանի բողոքը։ «Ապա բողոքել եմ դատարան, և դեկտեմբերի 15-ին գրավոր ընթացակարգով որոշում պետք է ընդունվի”, — ասում է Ասլանյանը։
Սպասում էր, որ վարչապետը, անմիջապես կպատժի արագությունը գերազանցող վարորդին և ողբերգության բոլոր պատասխանատուներին։ Բայց վարչապետը, հակառակվելով հանրային տրամադրություններին, նույնիսկ աշխատանքից չազատեց վթարի անմիջական մեղավոր վարորդին։ Նա ընդամենը հեռախոսով ցավակցեց մահացած կնոջ հայրիկին, խոստանալով, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն: Բայց օդում կախված հարցեր մնացին՝ և գլխավորն այն էր, թե ինչու դեպքից հետո վարչապետի շարասյունը կանգ չի առել վրաերթի ենթարկված կնոջն օգնելու համար։ Արդարացումը, թե վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատել է ընկած կնոջը և հրահանգել է Շտապ օգնություն կանչել, չանցավ։
Դատական նիստի ժամանակ մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանն ասաց, որ կանգնեցրել է մեքենան այնտեղ, որտեղ հնարավոր է եղել, իջել է մեքենայից։ «Երբ որ շտապօգնության մեքենան տեղափոխել է Սոնային հիվանդանոց, ես եղել եմ հիվանդանոցի դռան առաջ”, — ասաց Նավասարդյանը նոյեմբերի 24-ի դատական նիստում։
Այդուհանդերձ Փաշինյանին ուղեկցող շարասյունը վաստակել է «մահաբեր կորտեժ” անվանումը, իսկ Սոնայի մահը ցայսօր նրա կառավարման ընթացքում տեղի ունեցած ամենաաղմկահարույց դեպքն է։ Հնչեղությամբ և որոշ մանրամասներով այն գրեթե մոտենում է Պողոս Պողոսյանի սպանության գործին։ Սակայն դաժանությունը ինչպես և Պողոս Պողոսյանի դաժան սպանության գործով մեղմ պատժի դատապարտված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին թիկնապապ Աղամալ Հարությունյանը, Արամ Նավասարդյանը ևս ոչ մի օր կալանքի տակ չի եղել։
Ավտոմեքենայի արագության համար, ըստ կառավարության որոշման, պատասխանատվություն են կրում շարասյան ղեկավարը և շքախմբի պատասխաատուն։ Մեկը հանդիսանում է ուղեկցման վաշտի՝ ոստիկանության հրամանատարը, մյուսը՝ պետական պահպանության պետի տեղակալը։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում հիշեցնում է Սոնա Մնացականյանի փաստաբանը։
«Տվյալ երկու անձինք պատասխանատու են արագության համար։ Վարորդն իր մեղավորությունն ունի, նա առանձին՝ վրաերթի ենթակելու համար, բայց քրեական օրենսգրքի 247 րդ հոդվածը նաև երթևեկության մյուս մասնակիցնդերի համար է քրեական պատասխանատվություն սահմանում, որոնք հանդիսնում են կորտեժի ղեկավարը և շարասյան ղեկավարը”, — պնդում է Րաֆֆի Ասլանյանը։
Վերադաս դատախազը մերժել է նրա բողոքը, գրելով․ «Ոստիկանության գործողսությունները կասկածի տակ դնելու հիմքեր չենք ունեցել”։
«Մի վերացական բան է գրել, որը՝ հասկանալի է, պատճառաբանված չի։ Ես դատարանին նաև սա եմ ներկայացրել, որ քննություն չեն անում, արդյունքում վաղաժամ քրեաիրավական գնահատական են տալիս”, -ասում է Սոնայի փաստաբանը։
Փաստաբանը նշում է նաև, որ ավտոմեքենաների մեջ եղել է ռադիոկապի ձայնագրությունը, որը կորել է։ «Իսկ կառավարության որոշմամբ ասվում է, որ ռադիոկապն անպայման պետք է ձայնագրվի։ Ոստիկանությունն ասում է, որ տեխնիկական վրիպակ է եղել, և այդ պատճառով չի ստացվել ձայնագրությունը։ Բայց իրենք պետք է գնային, սարքը առգրավեին, ինչը չեն արել”, — պնդում է Րաֆֆի Ասլանյանը։
Ձեր տպավորությամբ, եղե՞լ են ցուցումներ դատախազությաւնը, կամ դատարանին ուղղված։
«Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դա իմ տեսադաշտում չի եղել, բնականաբար, իմ ներկայությամբ չեն արել։ Բայց ողջամիտ հետևություններ, դատողություններ բոլորս կարող ենք անել։ Ցուցում կա, թե չկա՝ բոլորը գործում են հոգուտ կոնկրետ անձի, և դեպքի բնույթը բոլորս լավ ենք հասկանում”, — ասում է Րաֆֆի Ասլանյանը։
Խոսեցինք նաև Արամ Նավասարդանի փաստաբան Ռուբեն Բալոյանի հետ։ Նա գտնում է, որ Արամ Անդրեասյանը անմեղ է։
«18 մլն փող է ուզել տուժող կողմը որպես փխհատուցում”․ Ռուբեն Բալոյան
Ինչո”ւ են կորել ռադիոկապի ձայնագրությունները, ի”նչ վարկած ունեք, ինչո՞ւ չեն պահպանվել
Իսկ այդ ձայնագրությունները այս գործին մի բան տալիս են՞։ Արամի գործողությունները ամբողջությամբ կան տեսանյութերով և հեռախոսազրույցներով։ Այս շղթայում բոլորը հարցաքննված են։ Կա, որ շտապօգնության են զանգել, որ բժիշկների հետ խոսել են, տեսան յութ կա, որ գնում է, կանգնում է, կա, որ գնում է հիվանդանոցի դեմն է կանգնում։ Դրանից ավելի ինչ է պետք, այդ ձայնագրությունները ինչ պետք է տան տուժող կողմին։
Արամ Նավասարդյանի ղեկավարները հրահանգներ տվել են, թե չէ, արագ քշելու, ինչու է գերազանցել արագությունը՝ այս ամենը կարող է երևալկապի միջոցները լսելով։
Այդտեղ արագություն չի գերազանցվել։ Արագությունը գերազանցվել է ընդամենը 8 կմ ժամ, և այս գործի ընթացքիկ հետ ընդհանրապես կապ չունի։ Ուղղակի, իրենք ասում են, էհ, թող ասեն։
Կարո՞ղ է, եթե այդ 8 կմ-ն չլիներ, աղջիկը կկարողանար հետ գալ մայթ։
Ո՞նց կարող էր հետ գալ, 100, թե 108-ի տակ՝ ի՞նչ տարբերություն։ Եթե նա գոնե կանգնած մնար իր տեղում, էլի վրաերթ չէր լինի, բայց նա վիճել է տեսուչի հետ, ինչի արդյունքում հետ է գնացել։ Տեսուչը պահանջել է՝ կանգնի, ինքը չի ենթարկվել։
Ձեր կարծիքով շարասյան ղեկավարը մեղավո՞ր է։
Այդպիսի մանրամասն հարցեր ինչո՞ւ եք ինձ տալիս։ Դուք, կարծես, տուժող կողմի դիրքորոշումները արտահայտեք։ Կասկածո՞ւմ եք, իմ պաշտպանության որակի մեջ։
Հնչել են հարցեր, և Ձեր պատասպանները հետաքրքիր են։ Կարող եք չպատասխանել։
Դուք հարցեր եք տալիս, որոնք ինձ դուր չեն գալիս; Ես ասել եմ՝ Արամ Նավասարդյանը վթարի մեջ մեղք չունի։ Դուք գիտեք, որ 18 մլն փող է ուզել տուժող կողմը որպես փխհատուցում։ Ես 40 տարի աշխատում եմ, դեռ նման փոխհատուցման հայց չեմ հանդիպել։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: