Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ապօրինի է ճանաչել Երևանի Հյուսիսային պողոտային հարակից, գերակա հանրային շահ ճանաչված լինելու հիմքով քաղաքացիների՝ շուկայականից ցածր գներով օտարված բնակարանները ի շահ կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն ակնհայտ ցածր արժեքով գնահատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին դատախազության 07.02.2018թ. որոշումը:
Դեռ 2007 թ կառավարության որոշմամբ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեներում գտնվող շենքերը ճանաչվել են իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփըրզ» ընկերությունը:
Ինչպես հայտնեց փաստաբան Դավիթ Գյուրջյանը, բազմաթիվ խախտումներով են կատարվել գնահատումները՝ ի շահ գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության։
Այդ փաստի առիթով հարուցված գործը քննվում էր՝ փաստաթղթերի կեղծման եւ գնահատող կազմակերպության շահերին դեմ հոդվածով։ Մոտ մեկ տարի տեւած դատաքննության արդյունքում իրենց բողոքները բավարարվել են։
«Մինչ հեղափոխությունը կաշկանդվածությունն էր առկա քննչական մարմնի, դատախազության մոտ։ Իրադրության փոփոխման լույսի ներքո հույս ունենք, որ պատշաճ քննություն կիրականացնեն։ Եթե մինչ այդ ռիսկերից էր կախված գործի ընթացքը, հիմա պետք է այդ հանգամանքները հաշվի չառնեն»,- ասաց Դավիթ Գյուրջյանը։
Տարածքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նշում է, որ Երեւանի կենտրոնում իրենց բնակարանների մեկ քմ-ը գնահատվել է 800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
«Նմանատիպ գներ կենտրոնում երեւիցե չեն եղել եւ սա առաջին դեպքը չէ։ Նախկին գնահատողներն էլ էին ցածր գնահատում։ Միանշանակ ուղղորդվում էին»,- ասում է Վարդան Գերավետյանը։
Ըստ նրա՝ սա կրել է համակարգված բնույթ։ «Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հանրային գերական շահը հնարեցին, որը կիրառվեց Երեւանի կենտրոնի բնակիչների նկատմամբ։ Այդ ժամանակ ո՞վ է շահում, շահում է բնականաբար Սամվել Մայրապետյանը։ Միլիոնավոր դոլարների տարբերություն է ստացվում»։ Նա հիշում է, որ դատարաններն էլ էին ուղղորդված։ «Նախկին ռեժիմի ժամանակ իրոք մենք դատարաններ չունեինք, լրիվ հրահանգված էին եւ իրենց համար էական չէր, թե ինչ փաստեր էիր բերում։ Նրանք անում էին այն, ինչ հրահանգ էին ստացել ավելի բարձր ատյաններից»։
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը նշում է, որ գնահատում իրականացնող «Անիկոմ» ՍՊԸ տնօրեն Պյոտր Գրիգորյանցը առաջին գնահատման ժամանակ նույնիսկ լիցենզիա չի ունեցել։
Բացի այդ՝ գնահատման մեջ երեք տարբերակ կա, որից մեկը չի կատարել․
«Հիմա մենք շենքի տակի հողի սեփականատեր ենք։ Բացի նրանից, որ բնակարանն է պատկանում, նաեւ ընդհանուր բաժնեմաս է պատկանում։ Ինքը գտել է, որ հողը մենք Մայրապետյանին պետք է նվեր տանք, այդպես է որոշել։ Ներքին հարդարանքը բոլորինը գնահատել է 0, որը էական նշանակություն ունի բնակարանի գնի առումով։ Այսինքը դուրս է գալիս բոլոր տները բացարձակ վերանորոգված չէր, պատերը գաջած չէին, հատակն էլ երեւի բետոն էր»,- ասում է Վարդան Գերավետյանը։
Նա նաեւ ընդգծում է, որ թեեւ մարդկանց գույքն օտարված է, սակայն դեպոզիտ հաշվին գումարը գոյություն չունի։ Օրենքով այդպես է նախատեսված։
«Հիմա ոչ մեկի անունով գումար չկա։ Պարզվում է շատերը դիմել են բանկ, որտեղ դեպոզիտ էր դրված, եւ այնտեղից պատասխանել են, որ գումարը մոտավորապես մեկ ամիս ժամանակով է դրված եղել, հետո հանել է»,- ավելացնում է «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամը։
Իսկ վերջում Վարդան Գերավետյանը պարզապես կոչ է անում վերացնել կառավարության՝ 12 տարի առաջ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը, եւ պահպանել պատմական նշանակություն ունեցող շենքերը։
Բնակիչները պատրաստ են նույնիսկ սեփական միջոցներով նորոգել շենքի արտաքին տեսքը։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: