ՀՀ Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը Պեմզաշենում կատարված սպանությունների գործով։
«Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է:
Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հետևողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։
Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև», ասվում է Ոստիկանության հայտարարության մեջ:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: