Գորիսի զորամասի դիրքերից մեկում նախորդ տարի ամռանը 3 զինծառայողների գործով դատաքննության մեկնարկային նիստը երեկ՝ հոկտեմբերի 26-ին քիչ տևեց. մեղադրող դատախազը չէր ներկայացել դատական առաջին նիստին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ դատարանը կողմերի համաձայնությամբ որոշեց հաջորդ նիստն անցկացնել նոյեմբերի 9-ին:
Գորիսի զորամասում մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը երեք զինծառայողի կյանք էր խլել՝ Մուրադ Մուրադյան, Լևոն Հարությունյան, Գոռ Սահակյան: Երեք զինծառայողների սպանության համար մեղադրվում են նրանց համածառայակիցները՝ Աղվան Հովհաննիսյանն ու դիրքի ավագ Սամվել Գրիգորյանը:
Դատական առաջին նիստին պարտաճանաչ կերպով ներկայացել էր և պաշտպանական կողմը, և տուժող կողմը: Մեղադրող դատախազը, ինչպես դատավոր Պապոյանը տեղեկացրեց, ծանուցվել է դատական նիստի օրվա և ժամի մասին, սակայն չներկայանալու վերաբերյալ դատարանին չի տեղեկացրել:
Շենգավիթի նստավայրի ապակեպատ դահլիճում սպանված 3 զինծառայողների հարազատներն էին: Երբ հայտարարվեց նիստը հետաձգելու մասին, ու մեղադրյալ երիտասարդները պետք է հեռացվեին դատարանի դահլիճից, սպանվածների հարազատները չզսպեցին էմոցիաները՝ «սատկեք դուք», «ձեզ ենք սատկացնելու», «լույս երեխեքի լույսը կտրեցիք»:
Ըստ պաշտոնական վարկածի, «դիրքի ավագը կացարանում սեռական բնույթի համասեռական գործողություններ է կատարել ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին, ովքեր սկսել են ծաղրել: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի»:
Ըստ նախնական քննության սեռական բնույթի բռնի գործողությունները Ա. Հովհաննիսյանի նկատմամբ իրականացրել է դիրքի ավագ Ս. Գրիգորյանը: Հովհաննիսյանը սկզբում ցուցմունք է տվել այն մասին, որ դիրքի ավագն իրենից պահանջել է սպանել վերոնշյալ երեք զինծառայողներին՝ ծաղրից խուսափելու համար, հակառակ դեպքում տեղի ունեցած սեքսուալ գործողությունների մասին տեսանյութը կուղարկի նրա ծնողներին: Ըստ իր ցուցմունքի, ինքն էլ տրվել է շանտաժին ու սպանել է ծառայակից ընկերներին:
«2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում ժամկետային զինծառայող Ա.-ն, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, լիցքավորելով այն կրակ է բացել իր քնած համածառայակիցների ուղղությամբ», -նշվում է Քննչական կոմիտեի՝ հուլիսի 22-ին տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Դիրքի ավագ Ս. Գրիգորյանին նախաքննական մարմինը մեղադրել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և սպանության դրդելու մեջ: Սակայն հետագայում սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքը հանվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ապացույցներ ձեռք չեն բերվել: Ավելին՝ Ա. Հովհաննիսյանն էլ հետագայում հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ ասելով՝ իր հետ նման բան չի եղել, ինքը որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, իսկ կեղծ ցուցմունքները գրել է ռազմական ոստիկանության աշխատակիցների ճնշմամբ:
Եվ չնայած սեքսուալ բնույթի բռնի գործողությունների մասին վկայող ապացույց չի եղել, այդուհանդերձ, մեղադրական եզրակացության մեջ քննիչները պնդել են՝ դիրքի ավագն է դրդել իր ենթակային սպանել երեք ծառայակիցներին։ Հետևաբար անհասկանալի է՝ եթե հերքված են համարվում, որ դիրքի ավագը սեռական ոտնձգություն է կատարել ժամկետային զինծառայողի նկատմամբ, ինչո՞ւ պետք է նրան դրդեր սպանության։
Առաջին հայացքից անորոշ մեղադրանքներով քրեական գործն այժմ դատարանում է, և կողմերը հույս ունեն՝ դատաքննությունը կտա պատասխանը՝ ո՞րն է երեք երիտասարդների սպանության իրական շարժառիթը:
Մեղադրյալ երիտասարդների ներկայացուցիչ փաստաբանները հրաժարվում են մինչև բուն դատաքննության մեկնարկը որևէ մեկնաբանություն անել: Ա. Հովհաննիսյանի պաշտպանը Forrights.am-ին ասաց՝ չեն ցանկանում խոսել, ավելորդ էմոցիաներ չհրահրելու համար: Ս. Գրիգորյանի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն էլ ընդգծեց՝ իրենց նախկին դիրքորոշումները ուժի մեջ են և այս պահին ավելի ոչինչ չունեն ասելու:
«Ա. Հովհաննիսյանի ցուցմունքը փոխելուց հետո իմ պաշտպանյալի մեղադրանքը վերանում է, քանի որ այլևս պարզ չէ, թե ինչու պետք է իմ պաշտպանյալը՝ Ս. Գրիգորյանը, դրդեր Ա. Հովհաննիսյանին սպանության: Իմ պաշտպանյալը դեպքի պահին չի եղել հենակետում, ու հետո Ա. Հովհաննիսյանը նրան ասել է, որ դիվերսիա է տեղի ունեցել: Դիվերսիայի վարկածը բացառել են Քննչական կոմիտեն ու ՊՆ-ն, և այս ուղղությամբ չի կատարվել ոչ մի քննությում», -իր հարցազրույցներից մեկում ասել էր փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Սպանված զինծառայողներից Լևոն Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Համբարձում Հարությունյանի համար նախաքննությունը անպատասխան հարցեր չի թողել, ասում է՝ վստահում է նախաքննությանը: «Նախաքննությունը իմ կարծիքով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, ծավալուն քննություն է կատարել: Եթե որևէ կողմ դժգոհ է այդ նախաքննությունից բողոքարկման ձևեր կան, կարող է օգտվել այդ իրավունքից», -Forrights.am-ին ասում է փաստաբան Հարությունյանը:
Ի տարբերություն տուժող Լևոն Հարությունյանի իրավահաջորդի ներկայացուցչի, սպանված մյուս զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը չի վստահում նախաքննությանը և պնդում է՝ «խայտառակ, թերի» նախաքննություն է իրականացվել:
«Նախաքննական մարմնի այն վարկածը, որի համաձայն, զինծառայողը մտել է կացարան ու քնած երեք զինծառայողներին կրակել է, իրականությանը չի կարող համապատասխանել, որովհետև երեք զինծառայողները, բացի իրենց վրայի կրակոցներից ունեն այլ վնասվածքներ ևս՝ քերծվածքներ, կողերի կոտրվածք և այլն: Պայքարի հետքեր կան, ինչը խոսում է այն մասին, որ նախաքննության վարկածը կեղծ է», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Նրա խոսքով, Մուրադ Մուրադյանի ճակատային հատվածում եղել են քերծվածքներ, մյուսների վրա ևս կան մարմնական վնասվածքներ, ոչ հրազենային, կողերի կոտրվածքներ:
Ըստ փաստաբանի, դատաբժշկական փորձաքննության արդյունքները չեն արձանագրել սեռական բնույթի բռնի գործողության որևէ փաստ: «Անգամ քերծվածք չի եղել այն ծառայակցի վրա, որը ըստ նախաքննության, սեռական բնույթի բռնի գործողության է ենթարկվել», -նշում է Սարգսյանը:
Փաստաբանի ներկայացմամբ, մի քանի իրական վարկածներ կարող են լինել, որոնցից մեկը օրինակ, հարևան դիրքի ավագների մասնակցությունն է այդ միջադեպին:
«Կողքի դիրքի ավագների հետ նույնպես կապված է այս դեպքը, որովհետև նրանցից մեկը զենքը թողել, փախել է: Բանն այն է, որ իրական դեպքը թաքցնելու համար ճնշում են գործադրել, որ այլ վարկած ներկայացվի: Իրական վարկած մենք չենք կարող առաջ քաշել, որովհետև գործը նորմալ չի քննվել ու խաjտառակ քննությամբ ուղարկվել է դատարան: Կարծում եմ՝ այս գործը պետք է նորից հետ ուղարկվի քննչական ու պատշաճ քննություն իրականացվի», -ընդգծում է Հայարփի Սարգսյանը:
Հասմիկ Համբարձումյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: