Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրադզանի նստավայրում շարունակվեց լրագրող Տիրայր Մուրադյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանին։ Վերջինս, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը։ Տիրայր Մուրադյանը գործով տուժող է ճանաչվել։
Դատական նիստին կողմերը հանդես եկան ճառերով։
Մեղադրող դատախազ Արմեն Շահբազյանն իր ճառում միջնորդեց ամբաստանյալ Արսեն Արզումանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նշանակել պատիժ՝ տուգանքի ձևով, նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով, Արսեն Արզումանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին՝ թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
Իսկ տուժող Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանն իր ճառում ասաց, որ թե՛ գործին կցված տեսանյութի հետազոտման ժամանակ, թե՛ վկաների ցուցմունքներով ապացուցվեց, որ Տիրայր Մուրադյանը պարանոցից կախված՝ տեսանելի, կրել է լրագրողական վկայական:
«Հարկ է նշել, որ որևէ իրավական ակտով Տիրայր Մուրադյանը պարտավոր չի եղել կրել լրագրողական վկայական, այնպես, ինչպես դեպքի վայրում կամ հանրային միջոցառումների ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանները չեն կրում վկայական, դատարանի ներսում մշտապես տեսանելի վկայական չեն կրում դատավորները, փաստաբանները, քննիչները: Վկայական ներկայացնում են այն ժամանակ, երբ նման պահանջ է ներկայացվում: Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ Տիրայր Մուրադյանը լրագրողական վկայական չի կրել, ապա դա հիմք չէր նրան բերման ենթարկելու համար: Տիրայրին որևէ մեկը նման պահանջ չի ներկայացրել, տեղում չեն պարզել նրա ով լինելը»,- հայտարարեց Գրիշա Բալասանյանը:
Փաստաբանը նշեց նաև, որ երբ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ ոստիկանները մոտեցել են Տիրայր Մուրադյանին, վերջինս բղավել է, որ լրագրող է և լրագրողի են բերման ենթարկում: Բայց նույնիսկ այդ ժամանակ Արզումանյանը կանգ չի առել և հրահանգել է նրան տանել բաժին: Բալասանյանի խոսքով՝ Արսեն Արզումանյանը գիտակցել է, որ խոչընդոտում է լրագրողի մասնագիտական գործունեությունը, հակառակ դեպքում նա սկզբում չէր փորձի Տիրայրի ձեռքից վերցնել այդ պահին ուղիղ եթեր ապահովող բջջային հեռախոսը, բացի այդ, կփորձեր տեղում պարզել Տիրայր Մուրադյանի անձը:
«Տիրայրի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած ոստիկանները հնարավորություն ունեին տեղում պարզել իրենց հետաքրքրող հարցերը: Այնինչ, նրանք դատարանում հայտնեցին, որ իրենք գործել են Արսեն Արզումանյանի ցուցումով և հրահանգով: Վերջինս լինելով իրավապահ մարմնի ներկայացուցիչ, քաջատեղյակ լինելով իրավական կարգավորումներից, ընտրել է ամենաբիրտ և օրենքով չնախատեսված տարբերակը, ինչը չի կարող մեղմ վերաբերմունքի արժանանալ»,- ասաց պաշտպանը:
Ճառի ավարտին Գրիշա Բալասանյանը պնդեց, որ մեղադրանքը հիմնավոր է և ապացուցված․ Արսեն Արզումանյանը, լինելով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` դիտավորյալ խոչընդոտել է Տիրայր Մուրադյանի լրագրողական օրինական գործունեությունը և իրենք դատարանից ակնկալում են օբյեկտիվ և արդարացի դատավճիռ:
Այնուհետև ճառով հանդես եկավ տուժող Տիրայր Մուրադյանը։ Նա նշեց, որ դատաքննության մեկնարկին իր մտքով չէր անցնի, որ ճառով հանդես գալու անհրաժեշտություն կառաջանա, քանի որ գործում առկա ապացույցներն անժխտելի էին:
«Նախաքննության փուլից պաշտպանական կողմը ամեն գնով փորձեց հասնել նրան, որ «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ-ն չհամարվի ԶԼՄ, սակայն ապարդյուն, կազմակերպության կանոնադրությամբ նման գործունեության ծավալելու իրավասություն կա: Դրանից հետո պաշտպանական կողմը ջանք չէր խնայում հասնելու նրան, որ իբր իմ պարանոցին կախված լրագրողական վկայականի տառերն էին փոքր, կնիքն էր բացակայում, «Արմ ռուս ինֆոն» գրառումը նմանեցնում էին «հայ ռուս գազարդ» ընկերության անվանմանը, ես տեսախցիկի փոխարեն հեռախոսով եմ տեսանկարահանում կատարել և այլն և այլն:
Լրագրողական գործունեություն ծավալելու իրավունքը, հարգելի դատարան, չի ծագում վկայականի չափից, դրա վրա առկա տառերի ձևից, վկայականի լուսանկարի գունավոր կամ անգույն լինելուց, վկայականը լամինացված լինել-չլինելուց: Լրագրողական գործունեություն ծավալելու իրավունքը բխում է ՀՀ օրենսդրությունից և այդ ժամանակվա գործատուիս հետ կնքած պայմանագրից»,- ասաց Տիրայր Մուրադյանը: Նա հիշեցրեց 2017 թ-ի ընտրությունների ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներից մեկի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հետ կապված գործը: Նշված գործով միջադեպը տեղի էր ունեցել ընտրական տեղամասում:
«Այդ ժամանակ ընտրատեղամասի սրահում բջջային հեռախոսով իր օրինական լիազորությունների շրջանակներում տեսանկարահանում է իրականացրել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթև Խաչատրյանը: Այսինքն՝ Տաթև Խաչատրյանը տվյալ դեպքում տեսանկարահանում է իրականացրել բջջային հեռախոսով, իսկ տեսագրությունը, հասկանալի է բոլորիս, անհնար էր տեղադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի որևէ էջում:
Դատաքննության ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չի դաձել այն հանգամանքը, թե ինչու էր լրագրողը բջջային հեռախոսով նկարահանում իրականացնում: Լրագրողը իր կատարած տեսագրությունը հրապարակել էր «Հայկական Ժամանակ» օրաթերթին պատկանող «armtimes.com» կայքում: Այսինքն՝ նույն լրատվամիջոցին պատկանող մեկ այլ հարթակում: Հատուկ ուզում եմ շեշտել, որ Տաթև Խաչատրյանը հանդիսացել է «Հայական ժամանակ» օրաթերթի լրագրող, այլ ոչ թե «armtimes.com» կայքի:
Այդ ժամանակ լրագրողի գործողությունները և օրինական էին և իրավաչափ և հենց այդպես էլ պետք է գնահատվեր: Ի դեպ, այդ գործով լրագրողի շահերը դատարանում ներկայացնում էր փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանը»,- ասաց Տիրայր Մուրադյանը:
Նա նաև նշեց, որ հաշվի առնելով այս հանգամանքը, գտնում է, որ գործի ելքով ակնհայտ շահագրգռված, պաշտպանական կողմը սուբյեկտիվ է իր այն մոտեցման մեջ, որ ինքը Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ չի հանդիսացել լրագրող և ԶԼՄ ներկայացուցիչ:
Այնուհետև ճառով հանդես եկավ ամբաստանյալի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Վերջինս նշեց, որ Տաթև Խաչատրյանը հանդիսացել է ԶԼՄ աշխատակից և այդ գործի շրջանակներում ընտրական տեղամասում իրականացրել է լրագրողի մասնագիտական գործունեություն, հավաքել է տեղեկություններ, որոնք պետք է սփռեին ԶԼՄ-ի միջոցով, այն է armtimes.com կայքով, ինչը և տեղի է ունեցել անմիջապես միջադեպից հետո և Տաթև Խաչատրյանն իր անձնական ֆեյսբուքյան էջով հեռարձակումներ չի իրականացրել։
«Ինչպես և «հայռուս» և այլն, լավ այդ «գազարդի» պարագայում էական տարբերություն կա, որովհետև ինչպես մենք տեղեկացանք «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պաշտոնական գրությամբ միակ էլեկտրոնային ռեուրսը, որով լրատվական գործունեություն է իրականացնում այդ հասարակական կազմակերպությունը, դա «armrus.com» կայքն է և չի հանդիսանում որևէ ֆիզիկական անձի ֆեյսբուքյան էջ»։ Վերջինս, սակայն իր ճառն առավել հանգամանալից ներկայացնելու համար դատավորից տաս օր ժամանակ խնդրեց։ Դատավորը բավարարեց նրա խնդրանքը և հետաձգեց դատական նիստը։
Լիլիթ Թադևոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: