Գևորգն ու Կարենը պատերազմ մեկնելու և Շուշին պաշտպանելու համար վեճի են բռնվել, երբ հրամանատարն ասել է, որ եղբայրներից միայն մեկը պետք է առաջնագիծ մեկնին։ Եղբայրները թշնամու դեմ պայքարում միմյանց չեն ցանկացել միայնակ թողնել։ Նոյեմբերի 3-ին մեկնել են Շուշի, երբ ադրբեջանական զինուժն արդեն հասնում էր քաղաքին։
«Հրամանատարն ասել է՝ եղբայրներից մեկը թող գնա, մյուսը՝ մնա։ Երկու եղբայր զորամասում կռվել են, թե որ մեկը պետք է գնա։ Կարենը բարձր ձայնով գոռացել է՝ դու ընտանիք ունես, դու մնա, ես կգնամ․․․բայց որոշել են, որ պետք է կողք կողքի լինեն, գնացին կողք կողքի կռվեցին, կողք կողքի էլ զոհվեցին»,-ասաց նրանց մայրը՝ Արևիկ Միքայելյանը։
Գևորգն ու Կարենը ծառայում էին ոստիկանության ներքին զորքերում։ Սեպտեմբերի 28-ից մեկն էլ պատերազմ, մարտական գործողություններին մասնակցել Քարվաճառում, հոկտեմբերի 29-ին ծառայակիցների հետ վերադարձել էին տուն, մի քանի օր անցկացրել ընտանիքի հետ և կրկին մեկնել Արցախ։
«Ես Գևորգին խնդրում էի, որ չգնար, ասում էի՝ գոնե դու մնա, բայց երկուսն էլ գնացին»,-ասում է պատերազմում երկու որդիներին կորցրած մայրը։
Նոյեմբերի 4-ին են ծնողները տեղեկացել, որ երկու որդիները Շուշիում են՝ պատերազմի ամենաթեժ կետում։ «Արդեն գիտեինք, որ ամենադժվար պայքարը Շուշիում է»։
Մայրն ասաց, որ նոյեմբերի 5-6-ին Գևորգն ու Կարենն արդեն հայտնվել են շրջափակման մեջ։ Նրանց հետ կապը կորել է նոյեմբերի 8-ին։
«Գևորգի հետ խոսել եմ ամիս 6-ի առավոտյան, ասաց՝ մամ, շրջափակման մեջ եմ, չեմ կարողանում խոսել, դուրս գամ կխոսենք։ Մեր վերջին խոսակցությունն էր։ Ամսի 7-ին էլ կնոջ հետ է խոսել, ասել է, որ երեխային լավ նայի։ Կարենն էլ ամսի 8-ին զանգել է ընկերներին, ասել է՝ ես էլ Գևորգն էլ հետ չենք գալու, մամայենց լավ կնայեք, կողքներին կլինեք»։
Գևորգին ու Կարենին գտել են նոյեմբերի 17-ին՝ կողք կողքի զոհված։ «Զորամասի տղաներն ասացին՝ երբ իրենց գտանք, իրար ձեռք բռնած, կողք կողքի պառկած էին»։
Գևորգն ամուսնացած էր։ Մեկ աղջիկ ունի, անունն Արևիկ է։ Նա արդեն երեք տարեկան է, մեկ տարեկան է եղել, երբ հայրը զոհվել է։ «Որ գնում ենք գերեզմաններ հարցնում է՝ սա է իմ պապայի տունը»,-ասում է Գևորգի մայրը և նշում՝ Արևիկը գիտի, որ հերոսի դուստր է։ Մանկապարտեզում հայրենասիրական բանաստեղծությունները հենց այդ ոգով է արտասանում։
Տիկին Արևիկի մյուս որդին՝ Կարենը, ամուսնացած չէր, եթե պատերազմը չլիներ պատրաստվում էր ընտանիք կազմել։
Երկու որդիներին 44-օրյա պատերազմում կորցնելուց երկու տարի անց տիկին Արևիկն իր մեջ ուժ է գտել և որդի է լույս աշխարհ բերել։ Արենը երեք ամսեկան է, Գևորգյանների տան նոր լույսն ու կյանքը շարունակելու հույսը։
«Չունեինք ոչ մի երեխա։ Աստծո կամոք այս հրաշքը մեզ տրվեց, որ մենք ապրենք։ Ոչ մի բան չի փոխվել․ ցավը մնում է ցավ, լացը՝ լաց, կարոտն ու ցավը չի թողում ապրես, բայց այս դաժանության և մթության մեջ Արենս մի հատ փոքր լույս է, որ հույս է տալիս ապրենք»։
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: