Հանրապետությունում գործող մանկապարտեզներում մեծ թվով երեխաների ընդգրկելու խնդիր կա: Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 236 հազար երեխա ընդգրկված չէ նախադպրոցական ծառայությունում: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով նախակրթական հաստատությունների երեխաների ընդգրկվածության դինամիկան: Նախարարի տեղակալը նկատեց, որ վերջին երկու տարիները, համավարակով պայմանավորված, բավական բարդ շրջան են եղել մանկապարտեզների համար:
«Եթե դպրոցները հնարավորություն են ունեցել կրթությունը շարունակել հեռավար, ապա մանկապարտեզների պարագայում որոշակի սահմանափակումներով էինք ընդգրկում երեխաներին, հեռավարի հնարավորություն էլ չկար: Հետևաբար, վերջին 2 տարիների տվյալները չեն արտացոլում համակարգի հզորությունը: Ես կներկայացնեմ 2019 թվականի ավարտի տվյալները: Ըստ դրանց՝ նախադպրոցական կրթության ոլորտում ունենք 0-5 տարեկան երեխաների 34,7 տոկոս ընդգրկվածություն: Ասեմ, որ կա տարբերություն գյուղերի և քաղաքների միջև: Քաղաքային բնակավայրերում 39,6 տոկոս ընդգրկվածության մասին է խոսքը, գյուղական բնակավայրերում՝ 25,4»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
«Իհարկե, հասկանում ենք, որ երեխաներին մանկապարտեզներում ընդգրկելու խնդիրը շարունակում է մնալ օրակարգային: Ունենք շուրջ 236 հազար երեխա, որոնք ընդգրկված չեն նախադպրոցական ծառայությունում: Ինչպես գիտեք, ՀՀ կառավարության ծրագրով հստակ սահմանված է, որ 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը մինչև 2026 թվականը պետք է հասցնել 85 տոկոսի: Կրթության զարգացման պետական ծրագրի համաձայն էլ՝ մինչև 2030 թվականը պետք է խոսենք առնվազն 95 տոկոս ընդգրկվածության մասին»,-ասաց նախարարի տեղակալը:
Կառավարությունը լայնածավալ ծրագիր է իրականացնում մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման ուղղությամբ: Մասնավորապես, հանրապետությունում 500 մանկապարտեզներ կվերակառուցվեն, կամ նորերը կկառուցվեն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ այս պահին ավելի քանի 92 մանկապարտեզում շինարարական աշխատանքներ են ընթանում: Դա հնարավորություն կտա ընդլայնել պայմանները:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: