Սեպտեմբերի 13-ի Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ։
«Ասում են՝ կան զոհվածներ, կան կորածներ, կան անտառներում լցված երեխեք, բայց հստակ տեղեկություն չկա։ Ոչ մի հրամանատար չկա, գնդում էլ ենք եղել, մեզ պատախսանող չկա, զորամասում էլ պատախսանող չկա։ Դիվիզիոնի հրամանատարը ոչ մի պատասխան չի տալիս մեզ, մենք իրեն չենք կարողանում հանդիպել, գնում ենք զորամաս ասում են դիրքերա բարձրացել, գնում ենք դիրքեր ասում են ստեղ չի իջելա չաստ»,- նշեց անհայտ կորած, երկու ամսվա զինծառայող Սամվել Անթանյանի հայրը․ «Սեպտեմբերի 12–ին գիշերը բարձրացրել են շինարարական աշխատանքներ կատարելու, 13-ի գիշերը սկսվելա ու ոչ մի տեղեկություն չկա»։
Մեկ այլ ծնող հուսահատված դիմում է պաշտպանության նախարարին․«Ուղիղ 13 օր է՝ ոչ մի տեղեկատվություն չունենք մեր երեխաներից։ Ձորակի մեջ ունենք վիրավորներ, դիեր, ոչ մի նախաձեռնություն չեք ցուցաբերում, որպեսզի վիրավոր երեխեքին շուտ հանեք ու փրկվեն։ Խոսքը Վերին Շորժայի հատվածի ձորակի մասին է։ Դիմել ենք պետական կառույցներին, ոչ ոք միջոցներ չի ձեռնարկում, այսօր անելանելի վիճակի մեջ ենք»,- ասաց ծնողներից Ղազարյան Սերժիկը:
Ծնողների տեղեկացմամբ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդունել է իրենց ու ասել, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում և պետք է սպասել։ Ծնողներից Հայկ Անթանյանը նշեց, որ Սյունիքի անտառներում են անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներ իրականացվում, իրենց թույլ չեն տալիս մասնակցել որոնողական աշխատանքներին, պատճառաբանելով որ անտառին ծանոթ չեն։
ՀԻշեցնենք, որ ըստ Պաշտպանության նախարարության հաղորդման՝ Ադրբեջանական կողմի ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: