Վերջին սահմանային սրացումների ժամանակ հերոսի մահով մահացավ Նորավանի բնակիչ Գևորգ Հայրապետյանը։ Նա ընդամենը 28 տարեկան էր, խաղաղ բնակիչ, ֆերմեր։
Գևորգը 4 անչափահաս երեխաների հայր էր՝ 4 տղաների։ Ավագը 9 տարեկան է, փոքրը՝ 2։ Կինը՝ Լիանա Ամիրյանը, մի քանի ամսից կրկին մայրանալու է։
Forrights.am-ի հետ զրույցում Լիանան պատմեց, որ ամուսինը մահից մի քանի օր առաջ գնացել է անասունը սարից բերելու և տեսել է, որ մեր դիրքում անկանոն վիճակ է, ադրբեջանցիների հրետակոծության արդյունքում կան վիրավորներ։ <<Նա երկու-երեք օր բարձրացել է Իշխանասար և վիրավոր զինվորներ է իջեցրել։ Մեկը շոր չի ունեցել, մեկի կոշիկն է կորած եղել։ Նա զինվորներին օգնել է, ինչով կարողացել է։ Բերում էր մեր տուն, հաց ու ջուր ինք տալիս, կերակրում ու էլի ուղարկում էինք։ Ամսի 13-ին նա մեր երեխաներին տարավ Սիսիան ու էլի վերադարձավ Նորավան>>։
Վերադառնալով գյուղ, Գևորգ Հայրապետյանը տեսել է, որ ամբողջ բնակչությունը տեղահանված է, գյուղում մի քանի ծերեր էին մնացել միայն, ովքեր չէին ցանկացել հեռանալ։ Ըկերների հետ բարձրացել է սար, մի վիրավոր զինվորի է ձիով իջեցրել, ապա տեղափոխել է զինվորական հոսպիտալ։ Սեպտեմբերի 14-ին էլ կրկին բարձրացել է դիրք, օգնելու զինվորներին, և Իշխանասարի ուղղության վրա տեսել է շտապօգնության մեքենա, որը փչացած, կանգնած է եղել ճանապարհին։ Վարորդի հետ փորձել է նորոգել մեքենան, որի մեջ վիրավորներ կային, բայց արկն ընկել է շտապօգնության մեքենայի վրա։
<<Շոֆերը վախեցած է եղել, այնտեղ այդ ժամանակ ահավոր կռիվ ա եղել։ Ամեն տեղ անիվների տակ արկեր են պայթել։ Եղբայրը նրան դրել է մեքենան, փորձել է տանել հիվանդանոց, բայց չի հասցրել, ճանապարհին մահացել է։ Դա ահավոր պահ էր, դրանից մեկ-երկու ժամ հետո կռիվը կանգնել է>>, — պատմում է Լիանա Ամիրյանը։
Սիսիանի քաղաքապետարանն օգնել է, որ հուղարկավորեն ամուսնուն, ամուսնու երղբայրն ու սկեսրայրն էլ խոստացել են տեր կանգնել երեխաներին, բայց կատարվածից հետո երիտասարդ կինը, որն ընդամենը 27 տարեկան է, կորցրել է հավատը ապագայի հանդեպ։ <<Մենք անասնապահությամբ էինք զբաղվում, մոտ 12 տարի է, տուն դրեցինք, տանջվեցինք, մեծացրեցինք տնտեսությունը, որ ինչ-որ բանի հասնենք, ու հիմա սենց․․․>>։ Ապագան Լիանային անորոշ է թվում։ Հիմա նա երեխաների հետ Արտաշատում է։ Որքան կտևի այս ժամանակավոր կյանքը, Լիանան չգիտի։
<<Ասում են՝ հիմա հանգիստ է, բայց ամեն մեկը մի բան ասում է։ Եթե հանգիստ լիներ, չէին թողնի մեզ այստեղ>> — մտորում է Լիանան։
Երեխաները Արտաշատում դպրոց չեն գնում։ <<Օնլայն են դասերը, բայց մենք ոչ համակարգիչ ունենք, ոչ նորմալ ինտերնետ։ Էս պահին ինտերնետ չկա։ Երեխեքը դասերը հեռախոսով են անում, եթե հաջողվում է>>, — ասում է կինը։
Գևորգ Հայրապետյանի հուղարկավորությանը ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա ասել է, որ կզբաղվի ընտանիքի խնդիրներով։ <<Երևի, կօգնեն, սպասում ենք>>, — ասում է բազմազավակ կինը։
Սյունիքի մարզի Նորավան գյուղը, որը 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Իշխանասարից, սահմանային բախումներից մեծ կորուստներ է ունեցել։
2021 թվականի նոյեմբերի 16-ին, երբ թշնամին գնդակոծում էր Սյունիքի դիրքերը, տեղային մարտերի ժամանակ 10 զոհ ունեցավ Նորավանը։ Բոլորը զինծառայողներ էին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված՝ Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի ուղղությամբ։
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: