Վերջին սահմանային սրացումների ժամանակ հերոսի  մահով մահացավ Նորավանի բնակիչ Գևորգ Հայրապետյանը։ Նա ընդամենը 28 տարեկան էր, խաղաղ բնակիչ, ֆերմեր։

Գևորգը 4 անչափահաս երեխաների հայր էր՝ 4 տղաների։ Ավագը 9 տարեկան է, փոքրը՝ 2։  Կինը՝ Լիանա Ամիրյանը, մի քանի ամսից կրկին մայրանալու է։

Forrights.am-ի հետ զրույցում Լիանան պատմեց, որ ամուսինը մահից մի քանի օր առաջ  գնացել է  անասունը սարից բերելու և տեսել է, որ մեր դիրքում անկանոն վիճակ է, ադրբեջանցիների հրետակոծության արդյունքում կան վիրավորներ։ <<Նա երկու-երեք օր բարձրացել է Իշխանասար և վիրավոր զինվորներ է իջեցրել։ Մեկը շոր չի ունեցել, մեկի կոշիկն է կորած եղել։ Նա զինվորներին օգնել է, ինչով կարողացել է։ Բերում էր  մեր տուն, հաց ու ջուր ինք տալիս, կերակրում  ու էլի ուղարկում էինք։ Ամսի 13-ին նա մեր երեխաներին տարավ Սիսիան ու էլի վերադարձավ Նորավան>>։

Վերադառնալով գյուղ, Գևորգ Հայրապետյանը տեսել է, որ ամբողջ բնակչությունը տեղահանված է, գյուղում  մի քանի ծերեր էին մնացել միայն, ովքեր չէին ցանկացել հեռանալ։ Ըկերների հետ բարձրացել է սար, մի վիրավոր զինվորի է ձիով իջեցրել, ապա տեղափոխել է զինվորական հոսպիտալ։ Սեպտեմբերի 14-ին էլ կրկին բարձրացել է դիրք, օգնելու զինվորներին, և Իշխանասարի ուղղության վրա տեսել է շտապօգնության մեքենա, որը փչացած, կանգնած է եղել ճանապարհին։ Վարորդի հետ փորձել է նորոգել մեքենան, որի մեջ վիրավորներ կային, բայց արկն ընկել է շտապօգնության մեքենայի վրա։

<<Շոֆերը վախեցած է եղել, այնտեղ այդ ժամանակ ահավոր կռիվ ա եղել։ Ամեն տեղ անիվների տակ արկեր են  պայթել։ Եղբայրը նրան դրել է մեքենան, փորձել է տանել հիվանդանոց, բայց չի հասցրել,  ճանապարհին մահացել է։ Դա ահավոր պահ էր, դրանից մեկ-երկու ժամ հետո կռիվը կանգնել է>>, — պատմում է Լիանա Ամիրյանը։

Սիսիանի քաղաքապետարանն օգնել է, որ հուղարկավորեն ամուսնուն, ամուսնու երղբայրն ու սկեսրայրն էլ խոստացել են տեր կանգնել երեխաներին, բայց կատարվածից հետո երիտասարդ կինը, որն ընդամենը 27 տարեկան է, կորցրել է հավատը ապագայի հանդեպ։ <<Մենք անասնապահությամբ էինք զբաղվում, մոտ 12 տարի է, տուն դրեցինք, տանջվեցինք, մեծացրեցինք տնտեսությունը, որ ինչ-որ բանի հասնենք, ու հիմա սենց․․․>>։ Ապագան Լիանային անորոշ է թվում։ Հիմա նա երեխաների հետ Արտաշատում է։ Որքան կտևի այս ժամանակավոր կյանքը, Լիանան չգիտի։

<<Ասում են՝ հիմա հանգիստ է, բայց ամեն մեկը  մի բան ասում է։ Եթե հանգիստ լիներ, չէին թողնի մեզ այստեղ>> — մտորում է Լիանան։

Երեխաները Արտաշատում դպրոց չեն գնում։ <<Օնլայն են դասերը, բայց մենք ոչ համակարգիչ ունենք, ոչ նորմալ ինտերնետ։ Էս պահին ինտերնետ չկա։ Երեխեքը դասերը հեռախոսով են անում, եթե հաջողվում է>>, — ասում է կինը։

Գևորգ Հայրապետյանի հուղարկավորությանը ներկա է եղել  ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը։ Նա ասել է, որ կզբաղվի ընտանիքի խնդիրներով։ <<Երևի, կօգնեն, սպասում ենք>>, — ասում է բազմազավակ կինը։

Սյունիքի մարզի Նորավան գյուղը, որը 1-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Իշխանասարից, սահմանային բախումներից մեծ կորուստներ է ունեցել։

2021 թվականի նոյեմբերի 16-ին, երբ թշնամին գնդակոծում էր Սյունիքի դիրքերը, տեղային  մարտերի ժամանակ 10 զոհ ունեցավ Նորավանը։ Բոլորը զինծառայողներ էին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին, վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված՝ Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի հայկական դիրքերի ուղղությամբ։

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest