Ռուսաստանը կարող է օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ վերջ տալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ընթացքում ասաց ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անձամբ է ներգրավված այս հարցում, այդ իսկ պատճառով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից ընդամենը ժամեր անց նա հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել բռնությունները, ինչպես նաև հեռախոսազրույցներ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շեշտելով իր հայտարարության հիմնական ուղերձը. այն է՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը։

«Նա կոչ արեց նախագահ Ալիևին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կասեցնել ռազմական ուժերի ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր կարևոր հարցերի կարգավորման գործում և ներգրավվել խաղաղ բանակցություններում։ Հենց դա է մշտապես եղել մեր համոզմունքը՝ այս հակամարտությունը չունի ռազմական կարգավորում։ Եվ մենք կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից, ինչպես նաև հորդորում երկու երկրի կառավարություններին վերահաստատել շփման ուղիղ կապերը դիվանագիտական ու ռազմական խողովակներով՝ վերադառնալով կառուցողական երկխոսությանն ու դիվանագիտական գործընթացին։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված մնալ երկու երկրի կառավարությունների հետ դիվանագիտական խողովակներում»,- ասաց Փրայսը։

Նա հիշեցրեց, որ այս պահին Բաքվում է գտնվում Կովկասի հարցերով բանակցություններում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպումներ է անցկացնում բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների հետ։

«Մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ խթանելու խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագան Հարավային Կովկասի տարածաշրջանի համար»,- նշեց Փրայսը։

Հավելելով, որ ԱՄՆ-ն հստակորեն ի ցույց է դրել իր պատրաստակամությունը՝ ներգրավվելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով՝ ինչպես դաշնակիցների, այնպես էլ տարածաշրջանի գործընկերների հետ՝ հասնելու իրավիճակի դեէսկալացիայի, Փրայսը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններն ու էսկալացիան չեն բխում որևէ կողմի, այդ թվում և Ռուսաստանի շահերից։

«Կասկածից վեր է, որ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք կոչ ենք արել Ռուսաստանին և այժմ էլ կոչ ենք անում օգտագործել այդ ազդեցությունն ու լծակները՝ օգնելու հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում՝ այս լարվածության թուլացմանը»,- ասաց պետդեպի խոսնակը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest