«Պարբերաբար նախազգուշացումներից հետո, քաղաքացիների համար նախատեսված դահլիճում անկարգությունների պատճառով, դատարանը որոշում կայացրեց քրեական գործի քննությունը շարունակել դռնփակ. բաց կլինի միայն լրագրողների համար»,- քիչ առաջ հայտարարեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանը։
Այս հայտարարությունը բողոքի մեջ ալիք բարձրացրեց դահլիճում գտնվող
«Սասնա Ծռեր» -ի համակիրների մոտ, արդյունքում, վերջիններս սկսեցին աղաղակներով, վիրավորանքերով և տարբեր բնույթի բացականչություններով իրենց վրդովմունքը հայտնել դատարանի վերոնշյալ որոշման դեմ։
Նրանք «ամոթ-ամոթ» վանկարկումներով հրաժարվում էին դուրս գալ դատարանի դահլիճից: Դատավոր Մեսրոպ Մակյանը 15 րոպե ընդմիջում հայտարարեց՝ լարված մթնոլորտը հանդարտեցնելու և դահլիճը ներկաներից ազատելու նպատակով։
Խմբավորման անդամները և համակիրները հայտարարում էին, որ չեն պատրաստվում լքել նիստերի դահլիճը, քանի որ այս գործով նիստն ուղղակի չի կարող քննվել դռնփակ։
Ընդմիջումից վերադառնալուց հետո, դատարանն արձանագրեց, որ «Սասնա Ծռեր»-ի համակիրները դեռևս գտնվում են դահլիճում, ուստի քրեական գործի քննությունը հետաձգվում է։
Հիշեցնենք, որ լարված իրավիճակ էր տիրում այսօրվա դատական նիստի ողջ ընթացքում: Դատարանում էին գործով տուժող ճանաչված Վալերիյ Օսիպյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Օսիպյանի ցուցմունքի ողջ ընթացքում դահլիճում չէին դադարում համակիրների մեկնաբանությունները, ինչին ի պատասխան դատավոր Մակյանը պարբերաբար նախազգուշացնում էր: Դատավարական սանկցիայի ենթարկվեց Սմբատ Բարսեղյանը. դատարանը նրան հեռացրեց նիստերի դահլիճից:
Հավելենք, որ այս լարված դրությունն ավելի էր սաստկացել, երբ Վալերիյ Օսիպյանից հետո սկսել էր ցուցմունք տալ Վարդան Եղիազարյանը: Նիստի հետաձգումից առաջ, դատավորը տեղեկացրեց, որ վերջինիս հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստին:
Քրեական գործի քննությունը կշարունակվի փետրվարի 13-ին։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: