Երեկ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց լրագրող Տիրայր Մուրադյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանին: Վերջինս հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: Տիրայր Մուրադյանը գործով տուժող է ճանաչվել:
Երեկվա դատական նիստում հարցաքննվել է գործով վկա Հովհաննես Մովսիսյանը, որը միջադեպի օրը որպես Ազատություն ռադիոկայանի լրագրող լուսաբանել է վերոնշյալ հավաքը։ Վերջինս նշեց, որ տեսել, թե ինչպես են բերման ենթարկում լրագրող Տիրայր Մուրադյանին, որն այդ ընթացքում բղավում էր, որ լրագրող է, ընդդիմանում էր նստել մեքենան և իր բեյջն էր ցույց տալիս։ Մովսիսյանն այդ ընթացքում մոտեցել է գնդապետ Արսեն Արզումանյանին և հարցրել, թե ինչո՞ւ են լրագրողին բերման ենթարկում, բայց իր հարցին պատասխան չի ստացել։
«Երբ ես վերանայեցի տեսանյութը այնտեղ նաև հարված կար, չեմ կարող ասել, թե դա ում կողմից էր հասցված և եթե չեմ սխալվում այդ հարվածը գլխին էր և այդպիսով իրեն նստեցրեցին մեքենան և դա զարմանալի էր, քանի որ պարզ էր, որ նա լրագրող է և նա բեյջ էր կրում։ Իմ կարծիքով դա նման էր ակնհայտ լրագրողի գործունեության խոչընդոտման»,- ասաց Հովհաննես Մովսիսյանը։
Տիրայր Մուրադյանի պաշտպան Գրիշա Բալասանյանի այն հարցին, թե տվյալ պահին, Տիրայր Մուրադյանին հնարավո՞ր էր շփոթել ցուցարարի կամ այլ անձի հետ, Մովսիսյանը պատասխանեց, թե չի կարծում, որ ցուցարարները բեյջով են գալիս ցույցի և տարբերել հնարավոր էր։
Արսեն Արզումանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանն էլ հարցրեց, թե Հովհաննես Մովսիսյանը այլ մասնագիտությունների տեր անձանց գիտի, որոնք բեյջ են կախում, թե՞ միայն լրագրողներն են կախում։ Ինչին ի պատասխան Մովսիսյանն ասաց, որ այս պահին չի հիշի, թե էլ որ մասնագիտությունների տեր անձինք են բեյջ կախում։
Դատավոր Հովհաննես Ավագյանն էլ հարցրեց, թե ըստ վկայի ո՞րն էր պատճառը, որ ոստիկանները այդ տարածքից հենց Տիրայր Մուրադյանին հեռացրեցին։ Հովհաննես Մովսիսյանը պատասխանեց, որ ինքն էլ դա չհասկացավ, և իր համար էլ է դա տարօրինակ։
Այնուհետև հարցաքննվեց մեղադրյալ Արսեն Արզումանյանը։ Նա ասաց, որ այդ օրվա հավաքի ժամանակ ինքը հետևում էր քաղաքացիների անցուդարձին և նկատել է Տիրայր Մուրադյանին, որը ակտիվ մասնակցում էր հեռախոսով նկարահանում էր, և բացի այդ, ըստ Արզումանյանի՝ չկար մի քաղաքացի, որը հեռախոսով չնկարահաներ։
«Իր շարժուձևից իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ կոնկրետ ինքը խոչընդոտում է մեր աշխատանքը։ Ու այդ տպավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ «Միցուբիշի» ավտոմեքենայի կողքին կանգնեց, և դրանից հետո մեքենան շրջվեց ու ճանապարհը փակեց։ Հետագայում պարզվեց, որ ինքը առինջ մոլի աշխատակից է, ես տղաներին ասեցի, որ նրան ճանապարհեն և պարզեն Տիրայր Մուրադյանի ինքնությունը»,- ասաց Արզումանյանը։ Հետո երբ Մուրադյանին նստեցրել են ավտոմքենայի մեջ, և ճանապարհին պարզ է եղել նրա ինքնությունը, վերջինս հանձնարարել է Մուրադյանին բաց թողնել։
Վերջինիս պաշտպան Երվանդ Վարոսյանի այն հարցին, որ երբ Մուրադյանին նստեցնում էին ավտոմեքենայի մեջ, իր պաշտպանյալի համար ակնհա՞յտ էր, որ Տիրայր Մուրադյանը լրագրող է, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց, որ ակնհայտ չէր։
«Ամեն դեպքում տենց ակնհայտ չէր։ Ինքը ցույց էր տալիս, բեյջի վրա գրված էր «Արմռուս», որը ինձ ոչինչ չէր սում։ Ես տեղյակ եմ, որ «Անելիք» բանկի աշխատակիցները բեյջերով դուրս են եկել գնացել միտինգ, տեղյակ եմ, որ օդանավակայանի սաղ աշխատակիցները բեյջերով դուրսն են։ Ու մենակ իրա ասելը, որ ես լրագրող եմ՝ իմ համար հիմք չէր»,- ասաց Արզումանյանը։
Մեղադրող Արմեն Շահբազյանի այն հարցին, թե Արզումանյանի համար բավարար չէ՞ր բեյջի առկայությունը, երբ կարդացել է «արմռուս», և բացի այդ էլ ինքը գոռում էր լրագրող է, ինչը չբավարարեց, որ նրա որպիսությունը ստուգվեր։ Ի պատասխան Արզումանյանն ասաց, որ այդ ժամանակ նրա բղավոցը կասկածելու տեղիք էր տալիս, և այդ պահին այդտեղ գտնվող լրատվամիջոցներից ոչ մեկ չեկավ ասեր, պարոն գնդապետ ինքը մեր կոլեգան է։
«Կարային չասեին էլ, ես չեմ ասում՝ խի չասեցին, բայց մեկը մի բառ չասեց ինքը մեր լրագրողնա, խնդրում եմ տենց բան մի արեք։ Հենց իրա վարքագիծը, իրա բղավոցը, իր ագրեսիվ պահվածքը ես ըտենց եմ դիտել։ Հիմա որ նայում եմ հա, հասկանալի է, որ իր աշխատանքը կատարելուց ա եղել, փորձել ա իրա լրատվական միջոցառումը կազմակերպի՝ ավելի արագ, ավելի օպերատիվ։ Բայց էդ իրա ավելի ակտիվ մասնակցությունը իմ մոտ տպավորություն ա ստեղծել, որ կոնկրետ կազմակերպում ա, կոնկրետ սադրում ա, կոնկրետ ցանկանում ա, որ ճանապարհը փակվի»,- ասաց Արզումանյանը։ ,,
Գրիշա Բալասանյանն էլ հարցրեց, որ եթե պարզվեր, որ հաստատ լրագրող էր, որպես իրավապահ մարնի ներկայացուցիչ, իր համար տարօրինակ չէ՞ր լինի լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և իր մոտ այդ մտավախությունը չառաջացա՞վ։
Ի պատասխան Արզումանյանն ասաց «Մտահոգություն կարար առաջանար։ Հոկտեմբերի 27-ին լրագրողները ասենք մտան ոճրագործություն արեցին չէ՞։ Ես տենց ենթադրեմ, հիմա կարար իրա մոտ զենք ըլներ, մի բան լիներ։ Մի հատ սենց հարց տանք, տվյալ տարածքում ոստիկանության գնդապետը, տարածքային ստորաբաժանման ղեկավարը ուզում ա ինչ-որ անձի պարզել, բեյջով մենակ հավատանք, որ ինքը լրագրող ա՞ ու վերջ։ Մի հատ հասարակ հարց եմ տալիս բոլորիս, կարա՞նք տենց հարցը պարզենք»,- ասաց Արսեն Արզումանյանը։
Այօսրվա նիստին գործի դատաքննությունն ավարտվեց և դատարանն անցնում է դատական վիճաբանությունների փուլին։ Ժառով հանդես գալու համար մեղադրող Շահբազյանը ժամանակ խնդրեց, այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը կկայանա փետրվարի 15-ին, ժամը՝ 11․30-ին։
Լիլիթ Թադևոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: