Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունվարի 24-ին այցելել է Քրեակատարողական ծառայություն՝ ամփոփելու ոլորտում 2018 թվականին իրականացված աշխատանքները: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿԾ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք:
Աշխատանքների հաշվետվության ներկայացման ժամանակ զեկուցվել է, որ պետական բյուջեից քրեակատարողական համակարգին տարբեր ծրագրերով հատկացված միջոցներից ընդհանուր առմամբ տնտեսվել և վերադարձվել է պետական բյուջե 315 մլն 78 հազար դրամ:
2018 թվականին՝
- 236 անձի տրամադրվել է նույնականացման քարտեր և անձնագրեր, որը գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը 96-ով:
- Քաղաքացիական հիվանդանոց է տեղափոխվել 2075 անձ, որը 327 դեպքով ավելի է 2017-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ:
- Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու նպատակով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ 563 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ. ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 148-ը:
- Իրացվել է 138 դատապարտյալի կրթական իրավունքը (2017թ.՝ 108), այդ թվում՝ 47 հանրակրթական, մասնագիտական՝ 84, բարձրագույն և հետբուհական՝ 7:
- Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են մարզական 116 միջոցառումներ/ մասնակցել է 1400 անձ/, լուսավորչական 19 միջոցառում /մասնակցել է 390 անձ/, մշակութային 17 միջոցառում /մասնակցել են 899 անձ/: Անցկացվել են շախմատի, շաշկու, թենիսի, դոմինոյի, ֆուտբոլի, բիլիարդի հիմնարկային առաջնություններ:
- «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացրել է «Առողջ ապրելակերպ», «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ», «Դեկորատիվ–կիրառական արվեստ» թեմաներով դասընթացներ, որոնց մասնակցել է 78 կին դատապարտյալ: Անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն» դասընթաց (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա), ընդգրկվել են չորսը: «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել են «Խեցեգործություն և խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն», «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ» դասընթացներ, որոնց մասնակցել է 25 դատապարտյալ:
- ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿ հիմնարկում իրականացվող «Վերականգնողական արդյունավետության և թափանցիկության մշակույթի հիմնում» ծրագրի շրջանակում հիմնարկում անցկացվում են անգլերենի (ընդգրկվել է 8 անձ), համակարգչային հմտությունների (ընդգրկվել է 13 անձ, որից 8-ը ստացել են վկայական), ֆիտնեսի (ընդգրկվել է 12 անձ ), յոգայի (ընդգրկվել է 14 անձ ), վարսահարդարման (ընդգրկվել է 5 անձ), խոհարարական (ընդգրկվել է 7 անձ) դասընթացներ:
- Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ «Աբովյան» ՔԿ հիմնարկում բացվել է ձեռքի աշխատանքների (հելունագործություն, գորգագործություն) ակումբ. ընդգրկվել է 8 անձ:
Արդարադատության նախարարը ՔԿԾ ղեկավար անձնակազմից հետաքրքրվել է տեսազանգից օգտվող դատապարտյալների ցուցանիշով, սննդի որակի բարձրացման, քրեական ենթամշակույթի վերացմանն ուղղված աշխատանքներով և հանձնարարել առավելագույն խստությամբ վերահսկել ու կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման դրսևորումները, իսկ դատապարտված անձանց համար ռեժիմների փոփոխությունը դարձնել կանխատեսելի: Նախարար Զեյնալյանի խոսքով, թեև համակարգում նկատելի է դրական դինամիկա, այդուհանդերձ, եղածով բավարարվել չի պատրաստվում, և ոլորտի զարգացման աշխատանքները իրականացվելու են առավել մեծ եռանդով և արագությամբ:
Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել ՔԿ ծառայության բոլոր աշխատակիցներին և ընդգծել, որ 2019 թվականին ոլորտի թիրախը լինելու է ՔԿՀ-ներում պահվող անձանց վերասոցիալականացումը, դատապարտյալների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում խրախուսական միջոցների կիրառումն ու ինքնավնասումների, ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ ծրագերի մշակումն ու իրականացումը: Միաժամանակ, փոխնախարարն ընդգծել է, որ 2019 թվականի ընթացքում ՔԿ ծառայությունում, ՔԿՀ-ներում կատարված աշխատանքի արդյունավետության գնահատման ցուցիչի հիմքում դրվելու է ՔԿՀ-ներից դուրս գալուց հետո կրկնահանցագործություն կատարման վիճակագրությունը:
Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը ևս մի շարք հանձնարարականներ է տվել համակարգի աշխատակիցներին՝ պահանջելով անհանդուրժող լինել կոռուպցիայի, քրեական ենթամշակույթի նկատմամբ, առավելագույնս նվազեցնել արգելված իրերի ներթափանցման դեպքերը, բացառել մոլեխաղերը, շարունակել սննդի որակի բարձրացմանն ուղղված աշխատանքները և այլն:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: