Սերժ Բեգլարյանը մեկ տարի ութ ամիս է, ինչ ծառայում էր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Մայրը`Քրիստինեն, պատմում է, որ որդին իններորդ դասարանից թողել էր ուսումը, աշխատում էր, հետո ընդունվել էր Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջ` խոհարարի մասնագիտությամբ:
«Չորս ամսվա ուսանող էր, որ զորակոչեցին բանակ: Շատ լավ էր ծառայում, դիրքեր էր հաճախ բարձրանում, ցանկացել են սերժանտի կոչում տալ, հրաժարվել է, համարել է մեծ պատասխանատվություն: Իրեն նաեւ «Լավագույն մարտիկ » շքանշանն են տվել, բայց այն մեզ չի հասել, մենք գնացինք զինկոմիսարիատ, ասացին, որ որտեղ ծառայել է Սերժը, այնտեղից պետք է վերցնենք: Դե Հադրութը չկա, որտեղի՞ց պահանջեինք », ասում է Քրիստինեն:
Չարաբաստիկ պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ին, Սերժն առավոտյան զանգում է մորը, հարցնում, թե ոնց են: Քրիստինեն ասում է, որ ինքը դեռ չգիտեր պատերազմի մասին: Հետո որդին զանգում է նաեւ մյուս հարազատներին: Երեք օր մայրը լուր չի ունենում որդուց, ասում է, որ քիչ էր մնում խելագարվեր:
«Զանգահարեց ամսի 30-ի առավոտյան, հեռախոսը վերցրեցի, լացելով խոսում էի, իսկ ինքը ինձ հանգստացնում էր, թե ոչ մի բան չկա, ինչո՞ւ եմ անհանգստանում: Սերժն այդ ժամանակ խնդրեց, որ 2000 դրամ փոխանցեմ քարտին, որ կարողանա զանգել: Ես այդ օրն ուրախ էի, որ կարողացա Սերժիս հետ խոսել…Հաջորդ օրը` հոկտեմբերի 1-ին, ժամը 12-ի մոտակայքում, Սերժը զոհվեց Հադրութում, իր վիրավոր ընկերներին դուրս բերելու ընթացքում: Ամսի 2-ին իրեն բերել էին Հայաստան»,- պատմում է Քրիստինեն:
Զոհվածի մայրը «Մեդլայն » հիվանդանոցում հանդիպել է որդու վիրավոր ընկերոջ` Արսեն Ծառուկյանի հետ. վերջինս էլ պատմել է, որ Սերժը վիրավոր ընկերներին դուրս բերելիս է զոհվել` ականանետի հարվածից: Նույն օրը` սեպտեմբերի 30-ին, զոհվել է նաեւ այդ ջոկատի հրամանատարը` Ալբերտ Խաչատրյանը:
«Երբ Սերժիս ընկերոջը` գնդացրորդ Էդգար Մարգարյանին, խփել են, վիրավոր ոտքով հրամանատարը գնացել է, որ նրան փրկի, չի կարողացել, եւ նա էլ այնտեղ է զոհվել: Մեղրեցի Ալբերտն էլ այդտեղ է զոհվել, երեխեքը տասնմեկ հոգով մնացել են մենակ, եկել է ուրիշ հրամանատար: Երեխեքին հետնահանջ են տվել, որ իջնեն դիրքերից, սակայն այդ նոր հրամանատարը` Կարենն, ասել է, որ պետք է կյանքի գնով պայքարեն, այդ դիրքը գրավեն: Սակայն այդ դիրքն արդեն տված են եղել ադրբեջանցիներին: Ես այս պատմությունները լսել եմ այլ մայրերից, որոնց որդիները Սերժիս հետ են ծառայել: Որդիս ծառայել է Մխիթար Գալեյանի, Հայկ Սահակյանի` Ռիժիկի, այլ հերոս տղաների հետ»,- պատմում է Քրիստինեն:
Քրիստինեի ավագ որդին` Աղասին, նույնպես ծառայել է Արցախում` Արալեռում: Նա այն ժամանակ մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին:
«Հենց առաջին օրը ռմբակոծել են իրենց զորամասը: Ես երեք օր տեղեկություն չունեի որդուցս: Աղասին կապավոր էր: Ինքը պարգեւատրվել է Վազգեն Սարգսյանի անվան պատվոգրերով, Արցախի պատվոգրերով, մեդալներով, մենք այդ ամենը պահել ենք: Երբ սկսվեց վերջին պատերազմը, ինձ էլ, շատերին էլ թվում էր, որ քառօրյայի նման շուտ կավարտվի, իմ գլխին Սերժը ոնց որ փափուկ բարձ դրած լիներ: Երբ ինքը զանգել, խոսել է, ոչ մի ձայն չի լսվել, բայց տղաս գտնվում էր ռազմի դաշտում, կռվել է «Նռան բաղեր »-ում, որն ամայի դաշտ է, ամեն ինչ պարզ երեւում էր այնտեղից»,- ասաց Քրիստինեն:
Մայրը լուսավոր հուշեր է պահպանել նաեւ այն մասին, թե ինչպես էր որդին` Սերժը, 2018թ. մասնակցել իշխանափոխությանը, պայքարել, որ Հայաստանում լինեն փոփոխություններ:
«Ես հարգում եմ, այդ հեղափոխությունը, դա ինձ համար սրբություն է, որովհետեւ որդիս էլ է մասնակցել այդ փոփոխություններին: Թեկուզ ուրիշ ղեկավար գար, ուրիշ իշխանություն լիներ` դա ինձ համար սրբություն է: Ինչ իմ Սերժն արել է, ինձ համար սրբություն է: Եվ ես երբեք ոտատակ չեմ տա իմ Սերժի պահած երկիրը, նա չկա, բայց մենք ապրում ենք այդ տղաների պայքարի, արյան շնորհիվ»,- ասում է Քրիստինեն:
Թագուհի Հակոբյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: